կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-05 15:36
Հասարակություն

50 դրամով այս ի՞նչ պատմություն են ուզում սարքել մեր գլխին. Արտեմ Հարությունյան

50 դրամով  այս ի՞նչ պատմություն են ուզում սարքել մեր գլխին. Արտեմ Հարությունյան

Ո՞ւմ համար են կառուցում այսքան խաղատներն ու «ստրիպտիզանոցները». քաղաքս դարձել է խաղատների երկիր: Չնայած եթե դրանք այսքան շատ են, ուրեմն` այնտեղ այցելողներ էլ կան, դե, ուրեմն, կառավարությունը թող այդտեղից գոյացած գումարից էլ հանի տրանսպորտի այդ 50 դրամները. Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տրանսպորտի սակագնի բարձրացման մասին լուրերին, նշեց գրող, գրականագետ Արտեմ Հարությունյանը:

 

Ըստ նրա` ճիշտ կլինի տրանսպորտի ուղեվարձը մնա նույնը, մանավանդ սոցիալապես անապահով խավի վրա այս թանկացումն էապես կազդի:

 

«Ինչպե՞ս են նրանք ապրելու իրենց աշխատավարձով, այսինքն` թշվառավարձով: Երիտասարդների` այսքան երկար պայքարից հետո որքանո՞վ է ճիշտ նորից գրգռել այդ շարժումը: 50 դրամով ի՞նչ պատմություն են ուզում սարքել մեր գլխին, պարզ չէ: 50 դրամը, չեմ կարծում, որ էական ազդեցություն կունենա մեր բյուջեի վրա, եթե բյուջեից այդ գումարը հանեն»,- ասաց Հարությունյանը:

 

Ըստ գրականագետի` վիթխարի քանակությամբ ոչ պիտանի երթուղայիններ են «ֆռֆռում», եւ ոչ ոք չի մտածում դրանց վիճակը բարելավելու մասին: Հարությունյանը համոզված է` թանկացումը ոչ մի կապ չի ունենալու տրանսպորտի ծառայությունների որակի բարձրացման վրա:

 

«Մի հատ թող նայեն երթուղայինների վիճակը` քրքրված, իսկ վարորդներն էլ րոպեն մեկ իրենց պնչին կպցնում են ծխախոտը, ծուխը փչում աջ ու ձախ, չի մաքրվում էդ հոտը: Դռները երբեմն երթեւեկության ժամանակ, օ՜, անակնկա՜լ, բացվում են, պատուհանների արանքները «օտվյորտկա» են խրած, որ ներքեւ չիջնեն»,- ասաց Հարությունյանը:

 

Գրականագետը նշում է, որ վերջին շրջանում թանկանում է մթերքի ողջ տեսականին: Հարությունյանը դժգոհ է նաեւ մթերքի որակից. «7-8 տարվա հնության մթերքը կրկին հանվում է վաճառքի, ո՞վ է հետեւելու այս ամենին, չէ՞ որ մեր փոքրիկներն էլ են դրանցով սնվում: Չէ՛, այս քաոսը պետք է ճնշվի»: