կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-24 15:35
Առանց Կատեգորիա

Ինչի՞ն է տեր կանգնելու գեներալը

Ինչի՞ն է տեր կանգնելու գեներալը

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը մեկնել էր Գերմանիա՝ առողջական խնդիրների պատճառով: Հիմա հետ է եկել: Եկել է ու News.am-ի լրագրողի հարցերին ուշագրավ պատասխաններ տվել: «Աստված կանչեք, որ մենք չհիվանդանանք, Աստված չանի, որ մի բան լինի, ո՞վ է էս ամեն ինչին տեր կանգնողը, վատ օրերի մասին էլ պետք է մտածենք...»,- ասել է նա:

 

Ի՞նչ նկատի ունի փառապանծ գեներալը, ինչի՞ն տեր կանգնել, պարո'ն Սարոյան, բիզնեսների՞ն, Էջմիածնում թեւածող հեղինակությա՞նը, վախի ու սարսափի մթնոլորտի՞ն, կռվազանությա՞նը, ԱԺ-ում աթոռի՞ն կամ գուցե  փառքի՞ն, որը գրեթե զրոյի հավասարեցրեց, երբ խաղաղ Էջմիածինն ու պատերազմի դաշտը խառնեց իրար եւ սկսեց նոր պատերազմ` իր համար հետպատերազմյան ուղի հարթելու համար, խառնեց իրար նաեւ քաղաքականությունն ու ռազմարվեստը եւ մտավ պառլամենտ: Քանի՞ անգամ է պատահել, որ գեներալն ու իր մարդիկ ընկել են աղմկահարույց պատմությունների մեջ. մեկ լուրեր են տարածվում, որ գեներալ Սեյրանի եւ Ալրաղացի Լյովի «թիմն» է «Ջիանի» ակումբում տուրուդմբոց սարքել`ուղեկցված կրակոցներով, մեկ լսում ես, որ գեներալները կրակել են` երթուղու սպասարկման համար...

 

Իսկ գուցե հայրենիքին տեր կանգնելու մասի՞ն է խոսում գեներալը... Ազատամարտիկ ընկերների՞: Ազատամարտիկների համար, կարծես, որոշ բաներ արեց. երեք ամիս առաջ օրենքի նախագիծ անցկացրեց մյուս փառապանծ գեներալի` Մանվելի հետ միասին` «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Գեներալները մեկ շաբաթ շարունակ քեֆ էին անում` ԱԺ-ից մինչեւ ռեստորաններ: Yerkir.am-ի լրագրողի հետ էլ Սեդրակ Սարոյանը կիսել էր ուրախությունը. «Մեր ընգերներին բերինք, հասցրինք մեզի, քո'ւրս, այ դրա համար եմ ուրախացել, մեր ընգերներին բերինք, հասցրինք մեր ստատուսին, վատ ա՞ բա»: Շատ լավ բան ա, միայն թե հասկանալի չէ, թե ուր եք հասցրել:

 

Ձեր ստատուսը ո՞րն է եւ ո՞ւր են հասել ձեր ընկերները, գեներա՞լ են արդեն, ԱԺ պատգամավո՞ր, վիլլանե՞ր ունեն, գրիպ կպնելիս հասնում են Գերմանիա՞, թե՞ լիմուզինով են ման գալիս, ինչպես Դուք ԱԺ գնալիս: Բա որ 3-4 ամիս է` հասցրել եք ձեր ստատուսին, էլ ինչո՞ւ են բողոքի ցույցեր անում: Ու եթե պետք է տեր կանգնեք այնպես, ինչպես հիմա, մեզ պե՞տք է այդպես տեր կանգնելը:

 

Սեդրակ Սարոյանը News.am-ի լրագրողին նաեւ ասում է, թե շատ կարոտել է պատգամավորի աշխատանքը` «առանց դրա մենք կյանք ունե՞նք»: Այլ խոսքով` շտապում է, որ ԱԺ-ին տեր կանգնի: Իսկ ի՞նչ է արել խորհրդարանում: Խորհրդարանում է երկրորդ անգամ, երկու անգամն էլ ընտրվել է մեծամասնական համակարգով` թիվ 019 ընտրատարածքից: Այն ընդգրկում է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքը եւ 12 գյուղ: Հավանաբար, լսել էր` «պրիստիժ» տեղ է, ուզեց ընտրվել` միայն ու միայն ապացուցելու համար, որ ինքն էլ կարող է, բայց թե ինչ է խորհրդարանը, չգիտեր, երեւի կարծում էր` «Օսկարի» մրցանակաբաշխություն է, ուստի առաջին անգամ ԱԺ եկավ «Լիմուզին»-ով: Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ է, հենց այն հանձնաժողովի, որտեղ, դատելով անցած ուղուց, կարող էր երկրի համար անհրաժեշտ գործունեություն ծավալել, բայց չի մասնակցում աշխատանքներին, ժամանակ չունի, ուրիշ խնդիրների է տեր կանգնում: Երբեւէ ամբիոնից ելույթ չի ունեցել, հարց չի տվել, ոչ դեմ է քվեարկել, ոչ էլ` ձեռնպահ: Առաջին ժամկետում որեւէ օրենք չի հեղինակել, հավանաբար մտածում էր, թե փոխելու օրենք չունենք: Երկրորդ անգամ մշակեց ազատամարտիկների վերաբերյալ հիշյալ օրենքը, այն էլ` եթե կարդանք հեղինակների անունները, կարող ենք վստահաբար ասել, թե ով է գրել օրենքը:

 

Մի խոսքով` չես հասնկանում, թե ինչ է արել խորհրդարանում, չես հասկանում, թե ինչին է տեր կանգնել եւ տեր կանգնելու:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ