Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլ Փաշինյանը փորձում է փուլ առ փուլ հանրությանը համոզել, թե, իբր, միջազգային հանրությունն Արցախն ընդունում է որպես Ադրբեջանի մաս։ Երեկվա ասուլիսին ևս նույնն էր փորձում անել, բայց դա ուղղակի, անհեթեթություն է, մանիպուլյացիա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հնչեցրեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։
ՀՀ ղեկավարի որդեգրած զիջողական քաղաքականությունը, Արցախի բնակչությունն ու քաղաքական ուժերը, Մոսիյանի խոսքով, չեն ընդունում։
«Այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստին ևս մեկ անգամ վերահաստատեցինք ու փաստեցինք, որ Արցախն ընտրել է պայքարի ճանապարհը, և տեր ենք կանգնելու մեր անկախությանը»,-շեշտեց Մոսիյանը։
ՀՀ վարչապետի՝ երեկ ասուլիսին հնչեցրած բազմաթիվ մտքեր են մտահոգություններ առաջացրել Արցախում՝ նաև Արցախի իշխանությունների փոխարեն՝ ներկայացուցիչներ բառի օգտագործումը։
«Փաշինյանն ու Ալիևը նույն բառապաշարով են խոսում։ Նրանք երկուսն էլ չեն ընդունում, որ Արցախը հանրապետություն է․ դա ցավալի է, բայց փաստ։ Դրա մասին է վկայում նաև այն, որ ոչ մի անգամ Արցախի իշխանություններ արտահայտությունը չօգտագործեց Փաշինյանը։ Մի բան հստակ է՝ 2018-ին Փաշինյանին իշխանության են բերել՝ Արցախը թշնամուն հանձնելու և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։ Փաշինյանի վարչախմբի՝ ՀՀ իշխանության ղեկին մնալու ամեն մի ավելի օրը, ժամն ավելի է մոտեցնում Հայաստանի ու Արցախի կործանումը»,-ասաց Մոսիյանը։
Արցախի ԱԺ պատգամավորը նաև նկատում է՝ ՀՀ-ում իշխանությունը զավթած մարդը խոսում է ՀՀ պետական շահերից՝ չընդունելով կամ չգիտակցելով, որ Արցախը, Սյունիքը, ինչպես և ՀՀ օկուպացված մնացյալ տարածքները, այդ շահի կարևորագույն բաղկացուցիչ են հանդիսանում։
Աղբյուր` Փաստինֆո