կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-29 11:46
Քաղաքական

Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներ չպետք է ունենանք. Շավարշ Քոչարյան

Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներ չպետք է ունենանք. Շավարշ Քոչարյան

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչի՞ց ելնելով պաշտպանության նախարարը բացառեց պատերազմի վերսկսումը, արդյո՞ք բանակցային գործընթացում առաջընթաց կա, ասաց, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակառակորդի ամենաարկածախնդիր քայլերին:

Բանակցային գործընթացում դրական տեղաշարժ կա՞ հարցին էլ պատասխանեց, որ բանակցային գործընթացի համար պետք է լինի համապատասխան մթնոլորտ: «Եթե այդ մթնոլորտը չկա, չի կարող լինել բանակցային գործընթաց: Պատահական չէ, որ Վիեննայում հենց դրա մասին էինք խոսում: Կրակում են, սադրանքներ են անում, այս պայմաններում ո՞նց կարելի է բանակցային գործընթացում առաջ գնալ: Պատահական չէ, որ անընդհատ հնչում է թեզը, որ Ադրբեջանը այն հանձնառությունները, որ ստանձնել էր թե' Սանկտ Պետերբուրգում, թե', մինչև այդ, Վիեննայում պետք է կյանքի կոչի: Ալիևը պետք է ստանձնի իր պարտականությունները, այլ ոչ թե հակառակ տրամաբանությամբ շարժվի»,- ասաց Քոչարյանը:

«Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին» դիտարկմանը նա արձագանքեց, որ դա նորություն չէ: «Պայմանագիր կա: Վաճառվում է և էլի վաճառվելու է: Մենք ուղղակի պետք է անվտանգության հարցերում մեր հույսը առաջին հերթին դնենք մեր ուժերի վրա, երկրորդ՝ պետք է չունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքները կարող են տանել այլ կողմ: Դա է իրողությունը, և, այդ իրողությունից ելնելով, մենք պետք է մեր արտաքին քաղաքականությունը կառուցենք թե՛ Ռուսաստանի  և  թե՛ մեր մյուս գործընկերների հետ»,- ասաց փոխարտգործնախարարը: