կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-11 14:42
Առանց Կատեգորիա

Նվաստացմա՞ն, թե՞ ինքնանվաստացման ցուցահանդես

Նվաստացմա՞ն, թե՞ ինքնանվաստացման ցուցահանդես

Մոսկվայի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ երեկ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Սոբյանինին: Հայաստանը թերևս միակ պետությունն է, որը, իրեն հռչակելով ինքնիշխան և անկախ, մեկ այլ երկրի քաղաքապետին պաշտոնական շնորհավորական ուղերձ կարող է հղել նախագահի մակարդակով:

 

2011թ., երբ Տարոն Մարգարյանն ավագանու կողմից ընտրվեց Երևանի քաղաքապետ, Ռուսաստանը նրան շնորհավորեց այդ ժամանակ Մոսկվայի քաղաքապետի պարտականություններն իրականացնող Սոբյանինի մակարդակով: Փաստորեն, այս ուղերձը հղելով` Հայաստանի նախագահի պաշտոնն ուղղակի հավասարեցրել են ոչ թե նույնիսկ ռուսական գուբերնիայի ղեկավարի, այլ ընդամենը շարքային քաղաքապետի մակարդակին: Նույնիսկ դժվար է ասել` արդյո՞ք Սոբյանինին հարկ համարել է շնորհավորել, օրինակ, Ռուսաստանի դաշնային հանրապետությունների նախագահներից կամ գուբերնիաներից որևէ մեկի ղեկավարը:

 

Ի՞նչն է դրդել Երևանին անելու այս քայլը. Մաքսային միությանը միանալու որոշումից հետո անակնկալ ի հայտ եկած մոսկվայասիրությո՞ւնը, ռուսասիրությո՞ւնը, անձնական համակրանքնե՞րը, քաղաքական հաշվարկնե՞րը, թե՞ որևէ այլ բան: Ի՞նչն էր խանգարում Սոբյանինին շնորհավորել եթե ոչ Երևանի քաղաքապետի, ապա գոնե, ասենք, նախագահի աշխատակազմի ղեկավարի մակարդակով: Արդյոք դրանից նվազելո՞ւ էր Սոբյանինի նկատմամբ խորին ակնածանքը, թե՞ վերջինս իրեն խորապես վիրավորված, անարգված էր զգալու: Եթե դա անձնական մղումներից կամ սիմպատիաներից բխող քայլ էր, ապա ոչինչ չէր խանգարում դա անել անաղմուկ, ոչ պաշտոնպես ու հեռախոսազանգի միջոցով:

 

Հազիվ թե այս ամենի մասին նախագահի աշխատակազմում չեն մտածել` նախքան ուղերձը հրապարակելը: Եվ հենց այն հանգամանքը, որ մտածելուց հետո բոլոր հնարավոր տարբերակներից ընտրվել է վատագույնը, թույլ է տալիս եզրակացնելու, որ դա արվել է հատուկ` անտեսելով անգամ դրա նվաստացուցիչ և պետության արժանապատվությունը նսեմացնող բնույթը և հետևանքները: Այնպիսի տպավորություն է, որ խնդիր է դրված Հայաստանից ամեն կերպ կերտել իր ինքնիշխանությունից զրկվող և Ռուսաստանի ողորմածությանը հանձնվող ինչ-որ «տերիտորիայի» իմիջ ու դա ամրապնդել սեփական ժողովրդի ընկալումներում: Եթե այդպես է, ապա չի բացառվում, որ առաջիկայում կսկսեն շնորհավորական ուղերձներ հղել արդեն նաև Ռուսաստանի նորընտիր գյուղապետերին: Իսկ Հայաստանին անմիջականորեն առնչվող հարցերը կսկսեն լուծվել կամ չլուծվել Կրեմլում, գուցե` Սոբյանինի առանձնասենյակում, որտեղ կարող են երբեմն հրավիրել կամ չհրավիրել Հայաստանի ներկայացուցիչներին: Տվյալ դեպքում ողջ հարցն այն է, թե ծաղկավոր կանացի խալաթը Հայաստանն ինքնուրո՞ւյն է հագնում, թե՞ նրան դա հագցնում են և նման քայլերով պարզապես ուզում են հասկացնել ժողովրդին, որ նախագահն այլընտրանք չունի:

 

Սերժ Սարգսյանը Մաքսային միությանը միանալու հայտարարությունն անելուց առաջ ուներ հնարավորություն ընտրելու «ոչ այս, ոչ այն» տարբերակը` գոնե ԵՄ-ի առջև սևերես չլինելու նկատառումով: Բայց Կրեմլին ոչ թե դա էր պետք, այլ Հայաստանին վերջնականապես այն աստիճանի նվաստացնելը, որ ուղղակի խայտառակ լինի ողջ աշխարհի առջև: Դրա համար էլ, թերևս, Սերժ Սարգսյանին ստիպեցին ստորագրել ՄՄ-ին միանալու մասին հայտարարությունը, որպեսզի դրանից հետո Երևանին այլևս ոչ ոք ոչինչ չառաջարկի, նման երկիրը դրանից հետո որևէ մեկին պետք չգա: Հայաստանի ակնկալիքը, ըստ այդմ, կարող է լինել միայն Ռուսաստանից և ընդամենը այնքան փշուրների չափով, որքան կցանկանա տալ Ռուսաստանը: Ու թերևս այդ փշուրներից էլ չզրկվելու վախն է ստիպում ցույց տալ, թե դեմքի ինչպիսի գոհունակ ժպիտով կարելի է երկրի նախագահի ինստիտուտը հավասարեցնել քաղաքապետի մակարդակին: Դրա համար էլ, երբ ՌԴ նախագահի խորհրդականը Հայաստանին համեմատում է Կալինինգրադի մարզի հետ, Հայաստանի իշխանական էլիտան առանձնապես վատ չի զգում: Թերևս` ընդհակառակը. ի վերջո, Գլազևը կարող էր նաև Հայաստանին համեմատել սիբիրյան չուկչայական ինչ-որ գյուղակի հետ, բայց դա չի արել, խնայել է: Հետևաբար, չի էլ կարելի նաև զարմանալ, թե ինչու է Հայաստանի վարչապետը Ղազախստանում ընդունելության արժանանում փոխվարչապետի մակարդակով: Ղազախստանը ևս Մաքսային միության անդամ է: Հետևաբար, նման ընդունելությունից ևս պետք չէ առանձնապես վատ զգալ: Ի վերջո, ղազախները կարող էին դա անել Աստանայի քաղաքապետի մակարդակով, բայց չեն արել, խնայել են:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ