Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի կառավարությունը ցնծության մեջ է, պատճառ ունի` համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանն այլեւս 82-րդ տեղում չէ, երեք կետով բարձրացել ենք, հիմա 79-րդն ենք` աշխարհի 148 երկրների շարքում: Կառավարության ղեկավարը նիստը բացում է ցնցող ավետիսով, բերում է անգամ ուշագրավ առավելություններն ու թերությունները: Նոր բիզնես սկսելու դյուրինություն, աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու գործելակերպ, պետական քաղաքականության թափանցիկություն, ներդրողների պաշտպանության ուժգնություն` սրանք առավելություններն են: Թերություններին չանդրադառնանք:
2011-2012թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն` Հայաստանն իր մրցունակության ցուցիչով զբաղեցրել էր 92-րդ տեղը` 142 երկրների շարքում` 6 կետով բարելավելով նախորդ տարվա ցուցանիշը։ Ըստ մասնագետների, ամենաէական թերություններն էին մրցակցության դաշտի հետ կապված այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մաքսային գործընթացների բեռը, բուհ-արդյունաբերություն կապը, պետության կողմից տեխնոլոգիական ապրանքների գնումները, շուկայի չափը եւ բիզնես կրթության որակը։ Նշվում էր նաեւ, որ հայ գործարարները դժգոհ են տնտեսական մրցակցության մակարդակից: Հայաստանում հարցման ենթարկված գործարարները հիմնականում բացասաբար էին գնահատել մրցակցության ոլորտը եւ որեւէ դրական փոփոխություն չէին նկատում: 142 երկրների շարքում «տեղական մրցակցության ուժգնություն» հայտանիշով Հայաստանը զբաղեցրել էր 139-րդ տեղը, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ` 138-րդն ենք եղել, շուկայում գերիշխող խմբերի առկայությամբ` 133-րդը: Սա` նախորդ զեկույցում: Վերադառնանք նոր «հաղթանակին»:
Նման ոգեւորություն մեկ էլ մեր կառավարության անդամներն ապրել էին նախորդ տարի, երբ հրապարակվեց Doing Business-ի զեկույցը ու պարզվեց, որ մեր ցուցանիշները «վերջն են»: Այն ժամանակ էլ բազում կոչեր հնչեցին, կառավարության նիստեր հրավիրվեցին, յուրաքանչյուր նախարար իր ոլորտում կենացներ ասաց: Սակայն կառավարությունն այդպես էլ չխորացավ բուն խնդիրների մեջ` տեսնելու` եթե ներդրումային դաշտը բարելավվել է, ապա ինչո՞ւ 12 տոկոսով պակասեցին օտարերկրյա ներդրումները, 35 տոկոսով` ուղղակի ներդրումները, ինչո՞ւ են հայ գործարարները մեծացրել հետաքրքրությունը Վրաստանի տնտեսական դաշտի նկատմամբ, իսկ ծայրահեղ դեպքում` այստեղ իրենց սնանկ են հայտարարում` այլ երկրում այն վերաթողարկելով, ինչպես, օրինակ, Տոնուսի Աշոտը:
Միջազգային վարկանիշային աղյուսակներով ոգեւորվող մեր կառավարությանն առաջարկում ենք ծանոթանալ (թեեւ վստահ ենք, որ տեղյակ են) Gallup ամերիկյան կազմակերպության սոցհարցմանը, որի համաձայն` Հայաստանը տառապող երկրների շարքում է: Հայաստանում իրենց կյանքը բարգավաճ են համարում բնակիչների միայն 12 տոկոսը, «գոյության համար պայքարում է» քաղաքացիների 54 տոկոսը, 34 տոկոսը պայքարում է: Այսքանից հետո գուցե հայրենի իշխանությունները մխիթարի մեզ նրանով, որ վերջին տարում իրավիճակը կտրուկ վատացել է Իրանում, Աֆղանստանում եւ Սալվադորում: Սրան էլ գուցե ավելացնեն այն, որ թեկուզ 3 տոկոս, այդուհանդերձ, դժբախտներ կան նաեւ Ամերիկայում: Հա, վրացիների մեջ էլ տառապողներ կան` մեզանից շատ: Իսկ եթե ցանկանում ենք մխիթարել ինքներս մեզ, ապա կարող ենք արձանագրել, որ Չադում բնակչության միայն 1 տոկոսն է իրեն երջանիկ համարում:
Սրանք պարզապես թվեր չեն, այլ յուրաքանչյուրը մեր պետության արժանապատվությունը վիրավորող, մեզ քայլեր պարտադրող եւ զգոնության տանող կոչ: Սակայն մեր կառավարությունը, ըստ ամենայնի, այդ կոչը չի ընկալում: Երբ եզրակացությունները բացասական են, դրանք համարվում են անտեղի, ոչ օբյեկտիվ գնահատական, եւ միայն դրական, անգամ չնչին առաջընթացի դեպքում են դրանք մասնագիտական բարձր կարծիք:
Մեր երկրում եւս մշտապես բարձրացվում են այս խնդիրները` հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, հաճախ ընդդիմադիր, հազվադեպ` կոալիցիոն պատգամավորների կողմից, թվում է, թե գիտակցումը կա կառավարությունում, սակայն, նահանջն ակնհայտ է: Ամեն ինչից երեւում է, որ մեր իշխանություններն ավելի շատ թվեր են սիրում, քան իրականության հետ առերեսվելը, քանի որ իրականությունը վեր է հանում մեր իշխանության թերությունները, որոնցից իրենք այդքա՜ն վախենում են:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ