Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմությունը կրկնվում է՝ եվրոպական նավերը հայկական լեռները չեն կարողանում բարձրանալ: Ռուսական տանկերն այս պարագայում առավել էֆեկտիվ գտնվեցին: Հիշո՞ւմ եք հայտնի բաժակաճառը: Մի փոքրիկ, բայց գոռոզ թռչուն, պոկվելով իր երամից, որոշեց հասնել արեգակին: Նա սլացավ դեպի վեր ու վեր..., բայց շուտով նրա թևիկները այրվեցին, և նա գահավիժեց ամենախոր անդունդը: Ուրեմն` խմենք այն բանի համար, որ մենք երբեք չկտրվենք մեր երամից:
Հիմա եվրոպական առանձին պաշտոնյաներ Հայաստանի հաշվով ախուվախ են դրել՝ մեղք էր թռչնակը: Սովորական երեսպաշտություն է, սուտ լաց, կեղծավորություն: Իրականում՝ Հայաստանն իր խնդիրներով Եվրոպային պետք չէր: Եվրամիությունն այս տարածաշրջանում այն ուժն ու կարողությունը չունի, որ կարողանա երաշխավորել Ադրբեջանի հետ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Ամենավառ օրինակն այս պահին Վրաստանն է: Արևմուտքն այստեղ իր վրա շատ բան էր վերցրել, բայց տեսա՞ք` ինչ եղավ:
Եվրոպացիները շատ լավ գիտակցում են, որ Հայաստանի որոշումը՝ մտնել Մաքսային միություն, ռուսական կողմի ճնշումների հետևանք է: Նրանք նաև «ցավում են», որ ինքնիշխան Հայաստանը չդիմացավ այդ ճնշումներին և, ի վերջո, ենթարկվեց: Պարադոքս է: Նույն Եվրամիությունն այսօր պարում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դուդուկի տակ, բայց Եվրամիությանը, չգիտես` ինչու, թվում է, թե իրենք հարց լուծող, անկախ ու ինքնիշխան վարչա-քաղաքական միավոր են: Նրանք, փաստորեն, մի քիչ սխալ են հասկանում ինքնիշխան բառը:
Ժամանակակից աշխարհում ինքնիշխան պետություն, այդ բառի ամենաիսկական իմաստով, գոյություն չունի: Պարզապես տարբեր երկրներ, ունեն ինքնուրույնության տարբեր աստիճան՝ մեկը բարձր, մյուսը՝ ավելի ցածր: Սակայն գոյություն ունի ինքնուրույնության մի շեմ, որից այն կողմ սկսվում է ինքնագլխությունը: ԱՄՆ-ը դրա լավագույն օրինակն է: Արաբական աշխարհին հասցված ավերներն ու ողբերգություններն այդ երկրի՝ չափից դուրս ինքնուրույնության կամ ինքնագլխության հետևանք են: Դիցուք՝ Սիրիայում տեռորիստական «Ալ Քաիդան» ԱՄՆ հովանավորչությամբ պայքարում է այդ երկրի բանակի և անմեղ բնակչության դեմ: Չենք կարծում, որ ԵՄ-ի համար Սիրիան ինքնիշխան երկիր չէ: Ինչո՞ւ քաղաքակիրթ Եվրոպան չի սաստում ինքնագլուխ յանկիներին: Եթե չենք սխալվում, ԱՄՆ-ի և Եվրամիության շահերն այստեղ համընկնում են: Տնտեսական շահերի մասին է խոսքը: Բայց հանուն այդ շահերի տասնյակհազարավոր մարդիկ են զոհվում Սիրիայում: Մեղք չի՞ թռչնակը:
Հայաստանը կատարել է պահով թելադրված ընտրություն: Եվրոպան լավ է հասկանում դա: Եվրոպայի աչքի առաջ է ընթացել Հայաստանի եվրաինտեգրման ողջ պրոցեսը: Եվրոպան է առաջինը ընդունել ՀՀ բոլոր կեղծված ընտրությունների արդյունքները, եվրոպական գործիչներն են ամեն ընտրությունից առաջ վազ տվել Հայաստան ու իրենց բոցաշունչ ճառերն արտասանել ՀՀԿ նախընտրական համագումարներում: Շատ չխորանանք: Բայց այդ նույն Եվրոպան Հայաստանին ոչինչ չի տվել՝ փոխարենը ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, «Ժառանգության» միջոցով Հայաստան է արտահանել իր ողջ աղբը՝ սկսած աղանդներից, վերջացրած` համասեռամոլությամբ:
Եվրամիությունը նաև հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների հեղինակներից մեկն է: Շատ է խոսվում այն մասին, որ ԵՄ-ն ամեն ինչ արել և անում է հայ-ադրբեջանական նոր պատերազմ չսանձազերծելու համար: Հետաքրքիր կլիներ իմանալ՝ կոնկրետ ի՞նչ է արել կամ անում: Արդյոք ԵՄ-ն ընդունո՞ւմ է, որ աշխարհի բոլոր ազգերի նման հայն էլ իր հողում ազատ ինքնորոշման իրավունք ունի: Հավանաբար՝ ընդունում է, բայց Բաքվի նավթն ավելի ընդունելի է: Հարց՝ քսան տարուց ավելի է` եկել, մեր գլխին իրենց ավետարաններն ու կոնվենցիաներն են կարդում, բայց մեկի լեզուն չի պտտել Ադրբեջանին ասել՝ ձեռքերդ հեռու Ղարաբաղից:
Հայաստանի ինքնիշխանության պակասից են խոսում, իսկ իրենք Ադրբեջանի և Թուրքիայի ստրուկն են: Այդպես չէ՞:
Ինչո՞ւ ԵՄ-ն Ռուսաստանին չի ինտեգրում իր ընտանիքին, ինչո՞ւ ասոցացման ծրագրեր չի առաջարկում նրան, իր շուկան չի բացում նրա առաջ: Իմ կարծիքով՝ դա գալիս է ԵՄ ինքնիշխանության և ինքնուրույնության պակասից: ԵՄ-ն այս պահին ավելի շատ գործիք է, քան գործոն: Գործիք Ռուսաստանի հակառակորդների՝ առաջին հերթին ԱՄՆ-ի ձեռքին: Իսկ Ռուսաստանի մարմնին, վերջիվերջո, ամենամոտն իր շապիկն է: Ռուսաստանն այսօր ամեն ինչ անում է իր անվտանգությունն ապահովելու համար: Չկա Վարշավյան պակտը, չկա Մերձբալթիկան, թռիչքի պատրաստ են Մոլդովան և Ուկրաինան, Վրաստանը վերածվել է հակառակորդի, թուլացել կամ իսպառ անօգտագործելի են դարձել Ադրբեջանի վրա ազդող լծակները, միջինասիական առանձին երկրներ կողմնորոշված են դեպի թուրք-ադրբեջանական միություն, ներսից գրոհում է մահմեդականությունը: Այս պրոբլեմներն իբր քիչ էին, ստրատեգիական դաշնակից Հայաստանն էլ պարախոդով եկավ, թե գնում եմ` Ասոցացման համաձայնագիր ստորագրեմ: Մեկ ուրիշը լիներ Պուտինի փոխարեն, ի՞նչ կաներ: Վերցրեց ու հենց տեղում ասոցացրեց Հայաստանին: Մի քիչ շատ է ասել՝ Հայաստանին: Բայց ՀՀ գործող իշխանություններին հաստատ ասոցացրեց:
Վերջում երկու խոսք էլ մերոնց մասին ասենք, այն մասին, թե ինչպես են իրենց պահում այս դժնդակ օրերին: Սա դեռ եվրաինտեգրման մեր չարչարանքի վերջը չէ,- ասում են ՀՀԿ մտքի կաճառները,- մենք պիտի շարունակենք խորացնել մեր գործընկերությունը Եվրոպայի հետ՝ զուգահեռաբար հանդիսանալով Մաքսային միության անդամ: Կարծեմ՝ բժշկության մեջ սրան պաթոլոգիա են ասում, իսկ առավել լայն միջավայրում՝ զառանցանք: Եվրոպան մեռավ ասելով՝ չի կարող այդպիսի բան լինել: Բայց մերոնք շուտ կռնակի վրա ընկնողներից չեն: Որոշել են շարունակել պայքարը ԵՄ մտնելու ուղղությամբ: Մինչդեռ պետք է հասկանան, որ դա արդեն իրենք չեն կարող անել, որ իրենք պետք է հրաժարական տան, որ դա այլևս անկախ Հայաստանի նոր իշխանությունների ու նոր սերնդի գործն է:
Էդիկ Անդրեասյան
Հ.Գ.՝ հատուկ Գալուստ Սահակյանի համար: Պարո'ն Սահակյան, ձեզ մնացել է քյաբաբի սեղանն օրհնելուց հետո ոտքի կանգնել և երգել «Բոժե, ցարյա խրանի...»: