կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-19 17:42
Առանց Կատեգորիա

Շվեյցարական կենաց՝ ԼՂ-ում տանկերի ու հրետանու «հրավառության» ներքո

 Շվեյցարական կենաց՝ ԼՂ-ում տանկերի ու հրետանու «հրավառության» ներքո

Շվեյցարական կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանն այսօր ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումն ավատվեց: Հանդիպումը մեկնարկել է Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ, ապա մոտ մեկ ժամ նախագահները բանակցել են` տետատետ ռեժիմով, ինչից հետո նրանց կրկին միացել են արտգործնախարարներն ու միջնորդները:

 Առայժմ հայտնի չէ՝ ինչի շուրջ են ընթացել բանացկությունները, ինչ պայմանավորվծությունների են հանգել, կամ հանգե՞լ են ընդհանրապես որևէ պայմանավորվածության, թե՞ ոչ: Բեռնի բանակցություններն ընթանում էին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում փաստացի աննախադեպ կատաղի մարտերի, երկկողմանի մարդկային կորուստների պայմաններում: Ադրբեջանականի կողմից սահմանագծին լարվածության հետևողական բարձրացման պայմաններում առավելագույնը, ինչ կարելի էր հուսալ, հրադադարի ռեժիմին վերադառնալու, շփման գծում խաղաղության վերահսկման մեխանիզմների կիրառման հնարավորությունն էր, ինչը, սակայն, մի հարց է, որը դիվանագիտական հարթության մեջ կախված է ոչ թե Հայաստանի կամքից, այլ` միջնորդ երկրների կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրելու ցանկությունից: Բանակցություններից հետո, սակայն, նախագահները որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել: Տեղեկություններ չկան նրանց կողմից որևէ փաստաթուղթ ստորագրված լինելու մասին: Նաև, դատելով այն հանգամանքից, որ Ադրբեջանի նախագահը բանակցություններից անմիջապես հետո հեռացել է, պետք է ենթադրել, որ, ընդհանուր առմամբ, նախագահները և միջնորդները նոր ասելիք չունեն, այսինքն՝ բանակցություններն էական արդյունք չեն տվել` նաև կողմերի միջև լարվածությունը մեղմելու առումով:

ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրել է, թե հանդիպումն ավարտվել է բանակցությունները 2016թվականին շարունակելու շուրջ կենացով և որ համանախագահներն առաջիկայում հանդես կգան հանդիպման մասին համատեղ հայտարարությամբ: Այդ հայտարարության հրապարակումից որոշ չափով պարզ կդառնա, թե որքանով էին բանակցություններն արդյունավետ: Սակայն, համանախագահողների կողմից բանակցությունների այս փուլի արդյունավետության չափորոշիչը ոչ թե նախագահների հանդիպման կայացումն իբրև միջնորդների տեսանկյունից տարված կարևոր ձեռբերում ներկայացնելը պետք է լինի, ինչը նրանք չեն զլանալու անել, այլ այն, թե արդյոք ՄԽ համանախագահները բավարար կամք կունենա՞ն հակամարտության գոտում Ադրբեջանի սադրանքներին օբյեկտիվ գնահատական տալու, Բաքվի պատասխանատվությունը հասցեական ամրագրելու հարցում մեկ քայլ ևս առաջ շարժվելու ուղղությամբ: Եթե այս հարցում միջնորդները բավականաչափ սկզբունքային չգտնվեն, չի բացառվում, որ ղարաբաղյան ճակատում արյունալի բախումների ծավալներն ավելի ընդլայնվեն և ստանան պերմանենտ՝ անդադար բնույթ՝ պայմանավորված մի քանի հանգամանքով: Նախ ակնհայտ է, որ Ադրբեջանը համանախագահների կողմից կեղծ հավասարության կատեգորիայով առաջնորդվելն ընկալելու է իբրև իր գործողությունների անթաքույց խրախուսում կամ առնվազն դրանք անտարբերության մատնելու դրսևորում: Երկրորդ՝ Ադրբեջանն արդեն հրաժարվել է խնդրի կարգավորման դիվանագիտական ճանապարհից: Ալիևը, փաստացիորեն պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է պատվիրակել հարցի լուծումը: Իսկ Հասանովը ապրիլին ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին հանգամանալից բացատրել է, որ իրենք հայկական «օկուպանտ» ուժերին ԼՂ-ից հեռացնելու համար դիմելու են կոշտ միջոցների՝ ընդհուպ հայկական առաջապահ ուժերի թիկունքում գտնվող ռազմական օբյեկտները ոչնչացնելը: Հիմա դրության տերը իրականությունից բացարձակապես կտրված և իր անձի գերարժևորման բարդույթով տառապող Հասանովն է, ով հասկանում է միայն ուժի լեզուն: Երրորդ՝ առ այսօր Ադրբեջանն առաջնորդվում էր իր ռազմական պոտենցիալն ավելի հզորացնելու և, դրանով պայմանավորված, սպասողականություն դրսևորելու ռազմավարությամբ: Սակայն, նավթի գների գահավիժումը վերջ է դրել այդ հույսերին: Բաքուն, թերևս, համարում է, որ սպասելն այլևս իմաստ չունի: Չորրորդ՝ տարածաշրջանում Ադրբեջանի կապանքների մեջ դնող լուրջ տեղաշարժեր են ընթանում: Հունվարին ԱՄն-ն և Եվրամիությունը կհանեն Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական սանկցիաների հիմնական մասը, և Թեհրանը կդառնա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լրջագույն տարածաշրջանային խաղացող՝ չափավորելով թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի ազդեցությունն ու հավակնությունները: Թուրքիան արդեն իսկ անցել է Իրանի վերադարձի էֆեկտը թուլացնելու հեռահար գործողություններին՝ վերականգնելով Իսրայելի հետ խաթարված հարաբերությունները և ակտիվ աջակցելով Սաուդյան Արաբիայի կողմից իբր հակաահաբեկչական, իսկ իրականում` հակաիրանական իսլամական-սունիական կոալիցիա ձևավորելու աշխատանքներին: Բաքվում դրան հետևում են ակնդետ: Իրանի քաղաքական վերադարձը տարածաշրջան, Ադրբեջանում շիա-իսլամիստների դեմ սկսված հալածանքների պատճառով Թեհրանի և Բաքվի միջև վատթարացող հարաբերությունները, ռուս-թուրքական առճակատման խորացումը ցայտնոտի մեջ են գցել Բաքվին, որովհետև հասկանալի են դարձրել, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում ԼՂ հարցում հաստատված ստատուս քվոն երկար ժամանակ փոխել չի լինելու: Եվ ահա ԼՂ-ում իրավիճակը մոտեցնելով լայնամասշտաբ պատերազմի՝ Ադրբեջանը հուսահատ փորձում է Սիրիայի վրա սևեռված գերտերությունների ուշադրությունը հրավիրել ԼՂ հիմնահարցի կարգավորման վրա՝ հուսալով, թե դա օգնելու է վերականգնել իր «խախտված» տարածքային ամբողջականությունը: Բաքվի այս շարժառիթները ստիպում են հայկական կողմին լինել չափազանց զգույշ՝ չտրվելու պատերազմի մեջ մտնելու հասանովյան սադրանքներին: Այս իմաստով, անգամ նման կորուստներ ունենալու պարագայում, Ալիևի հետ Սերժ Սարգսյանի նույնիսկ անիմաստ բանակցություններն ավելի նախընտրելի են: Բայց այդ շարժառիթները նաև հուշում են, որ այս իրավիճակը հավակնում է շարունակվել երկար և պետք է հոգեբանորեն, բարոյապես և տնտեսապես նախապատրաստվել հոգեմաշ, նյարդայնացնող և ռեսուրսատար հիբրիդային պատերազմի: Սա պահանջում է համազգային մոբիլիզացում, բոլոր տիպի անձնական, խմբակային, օլիգարխիկ ու «գողական» շահերի բացառում, պետական ու ազգային գիտակցության դրսևորում անխտիր բոլոր շրջանակներից: Իրականում, հիմա վճռվում է ոչ թե զուտ ԼՂ-ի հարցը, այլ նաև Զանգեզուրի և, դրանով պայմանավորված, Հայաստանի՝ իբրև քաղաքական, տարածաշրջանային սուբյեկտի և իբրև հայության հայրենիք լինելու հարցն առհասարակ:

Գևորգ Դարբինյան