կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-05 14:10
Առանց Կատեգորիա

Խաղն ավարտված չէ. Հայաստանը և ԵՄ-ն պայմանավորվում են

Խաղն ավարտված չէ. Հայաստանը և ԵՄ-ն պայմանավորվում են

Մոսկվայից Սերժ Սարգսյանի վերադառնալուց հետո ակտիվորեն, բայց առայժմ հեռակա սկսվել է ակտիվ երկխոսություն Եվրոպայի Միության կառույցների հետ` կապված Մաքսային միությանը միանալու վերաբերյալ նախագահ Սարգսյանի արած հայտարարության հետևանքների հետ: Եվ դատելով այդ երկխոսությունից` թե' Հայաստանը և թե' ԵՄ-ն հակվածություն են դրսևորում չտապալելու նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:

 

Երեկ Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը պաշտոնապես հաստատեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: «Մեր քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը»,-հայտարարել է Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ եվրոպական արժեհամակարգը երկրում զարգացնելու, կառավարման համակարգը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու և այդ շրջանակում բարեփոխումներ իրականացնելու իրենց պարտավորությանը: Իրականում, սակայն, Վիգեն Սարգսյանի շուրթերով Հայաստանը պաշտոնապես առաջարկում է Եվրամիությանը առժամանակ մի կողմ թողնել Խոր և համապարփակ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը, որն, ըստ էության, Ասոցացման համաձայնագրի հավելվածն է` հաշվի առնելով Մաքսային միության ընթացակարգերի ու կարգավորումների հետ դրա դրույթների հակասությունները, և կենտրոնանալ միայն Ասոցացման համաձայնագրի ստորագրման վրա: «Եթե նպատակն է ստեղծել ավելի արդյունավետ, արդիական կառավարման համակարգ, իրականացնել բարեփոխումներ և դրանք արդյունավետ հասցնել եզրագծին, ապա Ասոցացման համաձայնագիրը ամբողջությամբ թույլ է տալիս հասնել այդ նպատակներին»,- ասում է Վիգեն Սարգսյանը։

 

Ըստ էության` Հայաստանը ԵՄ-ին առաջարկում է, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ամբողջությամբ ջուրը չլցնել անցած երեք տարիներին համատեղ կատարված աշխատանքները և դրանցից վերցնել այն, ինչ հնարավոր է վերցնել և դրա ենթահողի վրա զարգացնել Հայաստան-ԵՄ հարաբերությունները:

 

Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի այս հարցազրույցին անմիջապես հետևեց Եվրոպական հանձնաժողովի հայտարարությունը խնդրո առարկայի վերաբերյալ: «Մենք ի գիտություն ենք ընդունում Մաքսային միությանը միանալու` Հայաստանի ակնհայտ ցանկությունը: Մենք ակնկալում ենք հայկական կողմից` ավելի հստակ հասկանալ, թե որոնք են Հայաստանի մտադրությունները, եւ թե ինչպես է Հայաստանը ցանկանում ապահովել այդ ցանկության եւ Ասոցացման եւ ԽՀԱԱՊ համաձայնագրերով իրենց ստանձնած պարտավորությունների համատեղելիությունը: Այս խորհրդակցությունների ավարտից անմիջապես հետո մենք կներկայացնենք ապագա զարգացումների վերաբերյալ մեր եզրակացությունները»,- ասված է հայտարարության մեջ: Սակայն դրա առանցքային միտքը ձևակերպված է հետևյալ նախադասությունների մեջ. «ԱՀ/ԽՀԱԱՊ-ն պարտադիր է բարեփոխումների համար, որոնք օգուտ կբերեն բոլորին, այլ ոչ թե զրոյական արդյունքով խաղ է: Այդ բարեփոխումները կարող են համատեղվել ԱՊՀ անդամ պետությունների հետ տնտեսական համագործակցության հետ»:

 

Փաստորեն, Եվրահանձնաժողովը արձագանքում է Վիլնյուսի գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունը բովանդակային առումով չտապալելու առաջարկին և հասկացնում, որ պատրաստ է քննարկել դրան հասնելու տարբերակները: Եվ թերևս հենց այդ նպատակով, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, վաղը Բրյուսել կարող է մեկնել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի համար այդ առաջիկա բանակցություններում դրական ֆոն է ստեղծում ԵՄ-ում ձևավորված այն կարծիքը, թե Մաքսային միությանը միանալու որոշումը Հայաստանը կայացրել է Ռուսաստանի կողմից աննախադեպ ուժեղ ճնշումների և շանտաժի քաղաքականության պատճառով: Համենայն դեպս, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը երեկ հայտարարել էր, թե ցավում է այդ որոշման համար, քննարկել է հարցը Հայաստանի նախագահի հետ և գիտի, որ «Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի և Ղարաբաղի շուրջ դժվար իրադրության հետ կապված, և որ այդ ճնշումները օգտագործվել են Հայաստանի նման փոքր պետությանը շանտաժի ենթարկելու համար, որպեսզի նման որոշում կայացվի»: Այն պնդումը, թե հարցը քննարկել է ՀՀ նախագահի հետ, թույլ է տալիս ենթադրելու, որ հենց Երևանն է խնդիրն այդպես ներկայացրել, կամ այս դեպքում ավելի ճիշտ է ասել` խոստովանել` պատասխանատվությունն ամբողջությամբ ռուսական կողմի վրա դնելու համար: Եթե այս ընկալումը արմատանա ԵՄ-ում, ապա Բրյուսելը կարող է վստահել ԵՄ-ին ինտեգրվելու և համաձայնագրերը ստորագրելու հարցում շահագրգռության այն անկեղծությանը, որը փորձում է ցույց տալ Երևանը: Եթե դա տեղի ունենա, ապա Բրյուսելն ավելի կհակվի ստեղծված իրավիճակից դուրս գալուն և համաձայնագրերի ստորագրումն ինչ-որ կերպ փրկելուն:

 

Այս իմաստով շատ բան կախված է Հայաստանի բանակցողներից, որոնց, սակայն, չափազանց ծանր դրության մեջ է դնում ոչ այնքան Մաքսային միությանը միանալու, որքան հետագայում` չեղած Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը մասնակցելու պատրաստակամության մասին Սերժ Սարգսյանի արած` մոսկովյան հայտարարությունը: Մյուս կողմից, սակայն, բանակցություններում ամենակարևոր խնդիրը լինելու է ԵՄ-ին համոզելը, թե իրականում ոչ թե վիլնյուսյան համաձայնագրերի ստորագրումն է դառնում ձևական ու ոչ մի գործնական նշանակություն չուենցող, այլ հենց Մասքային միությանը միանալու հայտարարությունը, որը դեռևս որևէ փաստաթղթային ձևակերպում չի ստացել, և որը թվում է մշուշոտ` ընդհանուր սահմանների բացակայության պատճառով: Ենթադրելի է, որ միայն դրանում համոզվելուց հետո ԵՄ-ն կընդառաջի Հայաստանի խնդրանքին:

 

Բոլոր դեպքերում այն փաստը, որ ԵՄ-ն բանակցելու պատրաստակամություն է հայտնում Հայաստանի առաջարկի հիման վրա, ցույց է տալիս, որ Բրյուսելում հակված են ձեռք բերածը և հնարավոր ռեսուրսներով Հայաստանի նկատմամբ ազդեցության լծակները չկորցնելուն: Բայց դժվար է ասել` որքանով է այս նոր պրոցեսը ընդունելի լինելու Ռուսաստանի համար, որը կարող է կրկին իրեն խաբված զգալ, որովհետև ստացվում է, որ Հայաստանը բոլոր դեպքերում ցանկանում է շարունակել երկու լարի վրա խաղալու` իր քաղաքականությունը: Եվ այդ դեպքում կարող է զարգացումների կրկնության իրական վտանգ առաջանալ, որի արդյունքում Հայաստանը կարող է վերջնականապես կորցնել մնացած վստահության պատառիկները թե' ԵՄ-ի և թե' Ռուսաստանի մոտ:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ