Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերյան առաջին երկուշաբթին ոչ միայն ազդարարեց ուսումնական տարվա մեկնարկը, այլև նոր շունչ հաղորդեց քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին: Էլ ավելի թեժացավ բողոքի ակցիաների տեսքով ձևավորված լարված մթնոլորտը: Օրը դեռ չբացված բերման ենթարկվեց ամռան ամիսներին ակտիվիստների պաստառները «զարդարող» հայտնի լուսանկարի դեմքի` մայրաքաղաքի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին` Դավիթ Նավասարդյանը: Նա այն երիտասարդներից է, ում քաղաքապետարանի առջև նստացույց անողները մեղադրում էին իրենց քաշքշելու և հայհոյելու մեջ:
Թեև Հենրիկ Նավասարդյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հերքել էր այդ տեղեկատվությունը և հավաստիացրել, որ իր տղաները փողոցում թափառողներ չեն, սուրբ են և պարապ չեն, որ նման բաներով զբաղվեն, բայց, արի ու տես, «սուրբ» որդուն բերման են ենթարկել երեկոյան ժամը 3-ին` ոչ սթափ վիճակում, մեքենան էլ նույն վիճակով վարելուց է եղել ոմն Շողիկ Քարամյան: Վերջինիս վարած Porsche Cayenne մակնիշի մեքենան, որը, Yerkir.am-ի տեղեկություններով, պատկանում է հենց Դավիթ Նավասարդյանին, տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Մեքենայի մակնիշը, բնականաբար, ոչ մեկիս մոտ զարմանք չի առաջացնում, փոխարենը աչք են ծակում մեքենայի պետհամարանիշները` 10 PR 100: Հատուկ gold լինելու համար ընտրված այս պետահամարանիշների տակ կարելի է հետաքրքիր ենթատեքստ գտնել: Օրինակ` եթե համարները լինեին 10 PR 150, կմտածեինք` որդին իսկը հոր կտորն է, տրանսպորտը 150 դրամ դարձնելու ջատագովներից է և մեքենայի համարանիշներով դա է քարոզում: Բայց տես` թիթիզության հետևից ընկնելով, ինչ համարներ է ընտրել` 10 PR 100: Ստացվում է, որ Նավասարդյանի որդին հորից գաղտնի, գուցեև բացեիբաց ուշ երեկոները 100 դրամի PR է անում: Որ ավելի խորանանք` քանի այսպիսի ենթատեքստեր կգտնենք:
Հետաքրքրական է նաև այն, որ երբ ոստիկանությունից փորձեցինք ճշտել, թե ինչ հիմքերով են նրան բերման ենթարկել, մեզ պատասխանեցին, որ նման բան չկա: Դավիթ Նավասարդյանն ընդամենը ներկայացել է ոստիկանության համայնքային բաժին, որտեղ վերը նշված փաստի առթիվ նյութեր կան: Իմիջիայլոց, ոստիկանությունում «բերման ենթարկել» հասկացությունը մոռացության մատնվելու վտանգի տակ է կամ էլ պարզապես հատուկ պլան է մշակվել` հանրության բառաֆոնդում նոր հասկացություններ ներմուծելու: Դրա վառ օրինակն էր այսօր առավոտյան ԵՊՀ-ի դիմաց ուսման վարձավճարների բարձրացման դեմ բողոքի ակցիան. թեև ոստիկանության աշխատակիցները բարձրախոսով հայտարարեցին, և ամբողջ քաղաքը լսեց, որ ակտիվիստ Հարություն Մկրտչյանին բերման են ենթարկել, սակայն ոստիկանության լրատվության բաժնի աշխատակիցը հերթական անգամ ուղղեց մեր լրագրողին` պարզաբանելով, որ ակտիվիստին ոչ թե բերման են ենթարկել, այլ նրա նկատմամբ վարչական բերում է իրականացվել: Բնականաբար, այս հասկացությունների մեջ տարբերություններ կան, սակայն դրանք բոլորն էլ ոստիկանական շրջանակներից դուրս նույն ձև են ընկալվում, օրինակ` «էսինչին տարան քաղմաս»:
Ինչևէ, թե ինչ տերմիններ կկիրառի ոստիկանությունը, այնքան էլ էական չէ: Կարևորն այն է, որ ցանկացած օրինախախտ` լինի գռեհկության սահմանները հատած ակտիվիստ, թե` հերթական պաշտոնյայի զավակ, պետք է պատասխանատվություն կրի օրենքի առաջ: Իսկ Նավասարդյանի որդուն մեղադրանք չառաջադրելն արդեն ակնհայտ է: Նա համարյա թե հայտնվել է նույն իրավիճակում, ինչ իր հայրը մոտավորապես մեկ ամիս առաջ, երբ վերջինս ilur.am-ի կայքի լրագրողին հայհոյելը ձևափոխեց «ես քու ներվերը չունեմ արտահայտությամբ» և ողջ մեղքը բարդեց լրատվամիջոցների` սխալ ընկալման վրա: Նավասարդյանի որդին իր կողմից քաղաքապետարանի առջև նստացույց անողներին հայհոյելն ու նրանց վրա թքելն էլ, անկասկած, կպարզաբանի, մի ձև տակից դուրս կգա:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հ.Գ. Ի դեպ, ինչպես պարզվեց, բացի Նավասարդյանի որդուց, քաղաքում այլ բերման ենթարկվածներ էլ են եղել: Ըստ ոստիկանության լրատվական կայքի` պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են տարվել շուրջ երեք տասնյակ կանայք: