Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո սեպտեմբերի 1-ին Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի կունենա Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի արցախյան պրեմիերան` նվիրված Արցախի Անկախության օրվան:
«Արծվաբերդ» օպերան Անդրեյ Բաբաևը գրել է 1957 թվականին: Այն առաջին անգամ բեմադրվել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` 1957թ. նոյեմբերի 3-ին:
«Արծվաբերդը» քնարական-դրամատիկական օպերա է, երիտասարդ կոմպոզիտորի ակնառու նվաճումներից մեկը: Զարգացնելով հայկական օպերային արվեստի դասական ավանդույթները` հեղինակը ստեղծել է նուրբ քնարականությամբ և խոր հուզականությամբ հագեցած ազգային ինքնատիպ երաժշտություն: Օպերայի ստեղծման ու բեմադրության հարցում շատ կարևոր դեր է ունեցել հայկական օպերային արվեստի մեծ վարպետ, դիրիժոր Միքայել Թավրիզյանը: Առաջին ներկայացման դիրիժորը` երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ Յուրի Դավթյանը, աշխատելով Թավրիզյանի անմիջական ղեկավարությամբ, կարողացել է վերհանել օպերայի գեղարվեստական արժանիքները:
«Արծվաբերդն»` իր ազգային ոգով ու հարուստ մեղեդայնությամբ, հայկական օպերային արվեստի զարգացման նշանակալից փուլ է դարձել և տարիներ շարունակ մնացել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի խաղացանկում, բեմադրվել նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներում:
«Արծվաբերդի» սյուժեն արտացոլում է սիրո մի պատմություն, որտեղ երևում է բարի և չար ուժերի մշտնջենական պայքարը: Այդ պայքարում մի կողմից բացահայտվում է դրական հերոսների ներաշխարհի վեհությունն ու մաքրությունը, մյուս կողմից` թշնամիների չարությունն ու անխուսափելի կործանումը: Ճշմարտացիորեն և համոզիչ կերպով է արծարծվում ստեղծագործության ընդհանուր, մեծ գաղափարը` ժողովրդի հաղթանակը նոր կյանքի ճանապարհին:
Վերջապես իրականացել է կոմպոզիտորի ամենանվիրական երազանքը` «Արծվաբերդը» հնչեցնել իր հայրենի Արցախի հողում: Ներկա բեմադրության մեջ սյուժեն նորովի է մեկնաբանվում, որի շնորհիվ օպերան նոր շունչ է ստացել: Նախագծի գեղարվեստական ղեկավարն է Սարինե Ավթանդիլյանը, դիրիժորը` Էդուարդ Թոփչյանը, իսկ բեմադրող ռեժիսորն է Ժիրայր Դադասյանը:
Կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևը ծնվել է 1923թ. Արցախի Մարտունու շրջանի Մսմնա գյուղում: 10 տարեկան հասակում ընդունվել է Բաքվի երաժշտական ուսումնարանի թառի դասարան, որն ավարտելուց հետո ընդունվել է նույն ուսումնարանի կոմպոզիցիայի բաժին: Նկատելով պատանի երաժշտի բացարձակ ընդունակությունները, կատարողական և ստեղծագործական մեծ հաջողությունները` մեկ տարի անց նրան հրավիրում են ուսանելու Բաքվի կոնսերվատորիայում:
Անդրեյ Բաբաևը հայտի է դարձել հատկապես իր մի շարք գեղեցիկ երգերով: Նրա գրչին են պատկանում «Բաղդասար ախպար» կոմիկական օպերան, սիմֆոնիաներ, կանտատներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ և այլն: Կոմպոզիտորը մշակել է հայկական, տաջիկական, թուրքմենական, հնդկական, վիետնամական և այլ ժողովուրդների մեղեդիներ:
Անդրեյ Բաբաևը ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ է (1598թ.): Մահացել է Մոսկվայում` 1964 թվականին: