կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-25 18:54
Հասարակություն

Ուղեվարձը կրկին դարձավ 100 դրամ

Ուղեվարձը կրկին դարձավ 100 դրամ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել ուղերձով, որում հայտարարում է Երեւանում տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու մասին իր` հուլիսի 19-ի որոշման իրականացումը կասեցնելու մասին ։

Տարոն Մարգարյանի ուղերձում ասվում է.

 

«Սիրելի՛ երեւանցիներ,

Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը քաղաքապետի պաշտոնում կայացրած իմ' թերեւս ամենածանր որոշումն էր: Գերխնդիրը լուծում էր պահանջում շատ վաղուց: Քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից ես իմ առաջնահերթ խնդիրներից եմ համարել Երեւան քաղաքի տրանսպորտային համակարգի հետեւողական արդիականացմանը զուգահեռ անընդհատ ուղիներ գտնել ուղեվարձն անփոփոխ պահելու համար:

Աշխատել ենք շատ մանրակրկիտ, տնտեսավարողներին ցույց ենք տվել խնայողության ճանապարհները, մեր մասնագետներն անընդհատ վեր են հանել ընկերությունների ծախսերում նվազեցումներ կատարելու հոդվածները, ինչի շնորհիվ մինչեւ հիմա կարողացել ենք անփոփոխ պահել ուղեվարձը: Անկեղծ ասած ես մինչ այս ամռան սկիզբ վստահ եմ եղել, որ դեռ մի քանի տարի էլ կկարողանանք այս ռեժիմով առաջ գնալ, ու վարձավճարները չեն բարձրանա:

Հավատացնում եմ ձեզ' իմ վստահությունը պարզապես բարի ցանկություն չէր, այլ մեր ամենօրյա աշխատանքով եւ այլ հավասար պայմանների համար կանխատեսումներով հիմնավորված մոտեցում:
Ցավոք, ոլորտի հետ անմիջական կապ ունեցող շուկաներում վերջին թանկացումներն ուղղակիորեն մեզ զրկեցին անգամ կոսմետիկ ուղղումներով առաջ գնալու մեր բոլոր հնարավորություններից: Խնդրահարույց որոշման կայացումն ու արագ քայլերով առաջ գնալն այլեւս անխուսափելի էր: 

Մի կողմից մարդկանց անվտանգ ու արժանապատիվ փոխադրումների կազմակերպման խնդիրն է, մյուս կողմից սոցիալական ներկա իրավիճակում մեր քաղաքացիների համար ծախսեր ավելացնելու բեռը: Մի կողմից տրանսպորտային համալիրը կործանման եզր չհասցնելու եւ իրենց դարն անցած մեքենաներով մարդասպան համակարգի չհասնելու գիտակցումն է, մյուս կողմից' երեւանցիների համար նոր հոգս չստեղծելու կարեւորությունը: Երկուսն էլ խիստ կարեւոր, երկուսն էլ խիստ մտահոգիչ են ինձ համար:

Այո, ես դժվարությամբ եմ կայացրել 150 դրամ ուղեվարձ սահմանելու որոշումը, քչերը գիտեն, թե ինչ դժվարությամբ: Բայց ես քաջ գիտակցում եմ, որ իրավունք չունեմ խուսափել անցանկալի որոշումներից' հասկանալով, որ դրա դիմաց կարող ենք վճարել մարդկային կյանքերով: Մի քանի տարի հետո ես ինձ ուղղակի չէի ների, ոչ ոք դա չէր ների:  Այս որոշումը վերջը չէ. ճիշտ հակառակը' սա սկսած մեծ գործընթացի միայն սկիզբն է:


Ավտոպարկի ամբողջական արդիականացում, միասնական վճարման ժամանակակից համակարգի ներդրում, անվտանգության մակարդակի էական բարձրացում, թիրախային խմբերի համար նպատակային քաղաքականության իրականացման գործուն մեխանիզմների ստեղծում, ի վերջո' արժանապատիվ երթեւեկի ապահովում. այս խնդիրներն են, որոնք մենք միասին պետք է շատ արագ լուծենք: 

Ու լուծելու՜ ենք: 

150 դրամ ուղեվարձը հենց այս խնդիրները լուծելու գինն է, որ ցավոք պետք է վճարենք: Այլընտրանք պարզապես չունենք:
 Սիրելի՛ երեւանցիներ,

Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ մեր որդեգրած սկզբունքների համատեքստում մենք չենք կարող ուղեվարձի բարձրացման բեռը նույնկերպ դնել նաեւ այն սոցիալական խմբերի վրա, որոնց համար նախատեսել ենք արտոնյալ մոտեցումներ վճարումների միասնական համակարգի կայացման շրջանակներում: Համակարգի կայացումը շուրջ մեկ տարի կտեւի, մինչդեռ կայացված որոշումն այդ բեռն այսօր է դնում մեր կենսաթոշակառուների, ուսանողների, սոցիալապես անապահով ճանաչված խավի վրա: Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից եւ շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի:

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Մենք ուշադիր հետեւում ենք նաեւ այս օրերին մայրաքաղաքի կանգառներում մեր երիտասարդների կողմից կազմակերպվող ակցիաներին ու հնչեցվող կոչերին: Ինձ ուրախացնում է այն ջերմությունը, որն այսօր կրկին կա երեւանցիների միջեւ միմյանց օգնելու, իրար հանդեպ ավելի հոգատար լինելու առումով: Այս ջերմությունը արժեք է, որ պետք է կարողանանք պահել մեծ ու մնայուն գործեր անելու համար: Միեւնույն ժամանակ ափսոսում եմ երբեմն-երբեմն նկատվող տգեղ վերաբերմունքից մեր վարորդների հանդեպ. իրականում ծանրագույն աշխատանք կատարող ու ոչ համապատասխան վարձատրություն ստացող այդ մարդիկ մեծագույն հարգանքի են արժանի: Չկա մենք-դուք: Կա հինավուրց մայրաքաղաքը ու կանք մենք' բոլորս: Ու միասին մենք արժանին ենք հատուցելու Երեւանին: Անպայման: Շնորհակալություն»: