կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-24 11:54
Հասարակություն

Երբ ասֆալտի որակը ստուգում են աչքաչափով

Երբ ասֆալտի որակը ստուգում են աչքաչափով

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկ տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ լայն թափով շարունակվում է մայրաքաղաքի գլխավոր եւ երկրորդական փողոցների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման գործընթացը: 2013թ. առաջին կիսամյակում Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ծրագրերով 475075 քմ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: 

 

Թիվը մեծ է, սակայն կարեւորը կատարված աշխատանքի որակն է: Անզեն աչքով իսկ կարելի է նկատել, որ որակը շատ դեպքերում բացակայում է: Բնականաբար, 40 աստիճան շոգի պայմաններում արված ասֆալտի որակը կասկածելի կլիներ: Բայց եղանակային պայմանները ամենափոքր խնդիրն են հարուցում:

 

Հուլիսի 22-ի երեկոյան Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը շքախմբով շրջում էր Տիգրան Մեծ փողոցում եւ ուսումնասիրում արված աշխատանքները (տես` տեսանյութում): Այս պահին փողոցի այդ հատվածի՝ «Ռոսիա»-ից մինչեւ Հանրապետության հրապարակ, կրկին ասֆալտ է արվում:  

 

Ուշագրավ է այն, որ քաղաքապետարանի ներկայացուցիչը ասֆալտի որակը ուսումնասիրում էր եւ կատարած աշխատանքները գնահատում չտեսնված «արդյունավետ» մեթոդով՝ աչքաչափով: Նույն կերպ, հավանաբար, շահագործման են ընդունվել Հանրապետություն, Չարենցի եւ մյուս փողոցների ասֆալտածածկերը:

 

Պետական շինարարական ծրագրերի հաշվին փող աշխատողները շատ լավ գիտեն, որ ամենաշատ «քյարը» մնում է ճանապարհաշինությունից: Հնարավոր չէ հաշվարկել, թե կոնկրետ որքան գումար կծախսվի ճանապարհի նորոգման կամ կառուցման վրա: Եվ քանի որ «փողոտ» գործ է, ուստի հասկանալի է, թե ինչու են հանրապետության եւ հատկապես՝ Երեւանի ճանապարհները այդքան շուտ շարքից դուրս գալիս:

 

Գերմանիայից Հայաստան է բերվել «Գեոռադար» համակարգը: Վաղուց:  Դրա միջոցով հնարավոր է ստուգել մեր ճանապարհաշինության որակը: Մեքենան կարող է օրական անցնել 300 կիլոմետր եւ 50-150 սմ խորությամբ ստուգել եւ սանտիմետրի ճշգրտությամբ բացահայտել ճանապարհների որակը՝ որ շինանյութից որքան է օգտագործված: Նվիրել են մեր Վերահսկիչ պալատին, որ ստուգի: Սարքավորումը մատնված է պարապուրդի, քանի որ Հայաստանում լաբորատորիա չկա. ավելի ճիշտ՝ տրանսպորտի եւ կապի նախարարության իրավասության տակ կան լաբորատորիաներ, բայց դրանց արձանագրած արդյունքը կասկածելի է:

 

Այդ զարմանահրաշ մեքենան, մեր կարծիքով, անգամ ոչ թե ՎՊ-ն պետք է շահագործի, այլ հենց տրանսպորտի եւ կապի նապխարարությունը՝ շինարարական աշխատանքի ընթացքում եւ անմիջապես հետո: Վերահսկիչ պալատը երբեք նույն թվականին կատարված աշխատանքները չի ստուգում: Իսկ հետագայում ստուգելիս եթե անգամ թերություններ հայտնաբերվեն, կան արդարացնող բազում պատճառները. մաշվածությունը հո կա ու կա:

 

Խնդիրն այն է, որ մեզանում հսկայական գումարներ են հատկացնում ճանապարհաշինության եւ զանազան նորոգումների համար, տեսանյութում պատկերվածի պես աչքաչափով ստուգում են որակը, շահագործում, որպեսզի հետո արդեն հայտնաբերեն թերություն եւ մեկ աշխատանքը կատարեն մի քանի անգամ՝ գումարներ դուրս գրելով:

 

Ամեն տարի պետբյուջեից հսկայական գումարներ են ուղղվում ճանապարհաշինությանը, բայց նորոգված ու կառուցված ճանապարհների թե' որակը, թե' ծավալը չեն համապատասխանում դուրս գրված գումարներին:

 

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ