Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2013 թվականին Երեւանի փողոցներում ասֆալտապատման եւ նորոգման աշխատանքների համար հատկացվել է` մի անգամ` 5 միլիարդ 955 միլիոն, մի անգամ` 7 միլիարդ 485 միլիոն դրամ, ընդհանուր` 13 միլիարդ 440 հազար դրամ:
Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրեց, որ այս տարի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում թվով 17 շինարարական կազմակերպություններ, որոնք, ՀՀ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգի համաձայն, ասֆալտապատման աշխատանքների կատարման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնագիտացված շինարարական կազմակերպություններ են և, սահմանված ժամանակացույցին համապատասխան, իրականացնում են փողոցների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ:
«Ասֆալտապատման աշխատանքները չափագրվում և վճարվում են մակերեսի միավորի /քմ/ համար: Ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ նորոգման բաղադրիչի 1 քմ պայմանագրային միջին գինը կազմում է 4.5 հազ. դրամ, հիմնանորոգման 1 քմ միջին գինը կազմում է 6.5 հազ.դրամ: Միավոր գները ձևավորվում են ՀՀ «Գնումների մասին» օրենքի շրջանակներում կայացած մրցույթի արդյունքում»,- նշվում էր պատասխանում:
Այս տարվա ընթացքում, ինչպես հիշում ենք, Երեւանի կենտրոնական փողոցների ասֆալտապատման աշխատանքների համար պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացվեց 7 միլիարդ 485 միլիոն դրամ: Այդ գումարով Երեւանի մի քանի կենտրոնական փողոցներում սկսեցին իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ: Այսինքն` այդ գումարով պետք է հիմնանորոգվեին 1 միլիոն 151 հազար 538,5 քառակուսի մետր փողոցներ, եթե յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ծախսվեր 6500 դրամ:
Ճանապարհաշինական տարբեր աշխատանքների համար, ինչպես մեզ բացատրեց ճանապարհաշինական ընկերություններից մեկի ճարտարագետը, տարբեր չափանիշներ են նախատեսված: Օրինակ` երբ ճանապարհի վերանորոգման աշխատանքներ են կատարում` խճաքարային հիմք են պատրաստում, բետոնապատում, այդ դեպքում 4 սանտիմետրանոց ասֆալտի շերտ փռելը նորմալ է ու կարող է ծառայել իր նպատակներին: Նույնը վերաբերում է փոսերի ծածկման, նորոգման կամ հին ասֆալտի շերտի վրա նոր ասֆալտի շերտ փռվելու դեպքերին: Այդ դեպքում ասֆալտածածկի հին շերտը ավլում, ճանապարհների հիմքերը բետոնապատում են. յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար մոտ 150 գրամ բետոն է օգտագործվում: Այդ դեպքում եւս, ինչպես նաեւ եթե նախկին ճանապարհի հիմքը պինդ է, 4 սանտիմետր հաստության ասֆալտի շերտը նորմալ է: Այդ դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 4.5 հազար դրամ ծախսերը, նշեց մեր խորհրդատուն, շուկայական նորմալ գներով է արտահայտված:
Բայց, օրինակ, «Երեւաննախագիծ» ինստիտուտի սահմանած չափորոշիչներով` եթե հիմնանորոգվում են ծանր ծանրաբեռնվածության փողոցները, որտեղով ծանր բեռնատարների կամ սովորական ուղեւորատարների մեծ հոսք կա, ինչպես նաեւ այն դեպքում, երբ հին ճանապարհը հիմնանորոգվում է` քանդվում է նախկին ասֆալտաշերտն ու նոր ասֆալտ է փռվում, ճանապարհաշինարարը պետք է 2 շերտ ասֆալտ փռի` առաջինը` 6-8 սանտիմետր հաստությամբ խոշորահատիկ ասֆալտ, հետո` 4 սանտիմետր հաստությամբ մանրահատիկ ասֆալտ: Այդ դեպքում, բնականաբար, ծախսերը մեծանում են, եւ 6.5 հազար դրամ ծախսը` յուրաքանչյուր քառակուսի մետրի համար, նույնիսկ քիչ է, թեեւ կարելի է ծախսերը խիստ սեղմել ու, այդ գումարի մեջ տեղավորվելով, համապատասխան աշխատանքներն իրականացնել: Հարց է առաջանում` իսկ ո՞վ է վերջին տարում Երեւանում հիմնանորոգված փողոցներում տեսել, որ ասֆալտի երկու շերտ փռվի...
Մեր խմբագրություն դիմած` Երեւանի կենտրոնի սրտացավ քաղաքացիներից մեկն իր սեփական դիտարկումն է արել ու հավաստիացնում է, որ «հիմնանորոգում» չի կատարվում, համապատասխան աշխատանքներ իրականացնող ընկերությունները նույնիսկ ասֆալտի շերտի նվազագույն` 4 սանտիմետր հաստությունը չեն պահպանում: Այդ ընկերությունները, բնականաբար, կհերքեն այս դիտարկման հիման վրա արված մեր եզրահանգումները: Բայց եթե անգամ պահպանում էլ են ասֆալտի շերտի 4 սանտիմետրանոց հաստությունը, հարցերը չեն փակվում:
«Իսկ եթե հին ասֆալտը քանդվում է, իսկ փոխարենը ընդամենը 1 շերտ ասֆալտ է փռվում, դա ապուշություն է, չի դիմանա, առավել եւս` երբ խոսքը վերաբերում է Երեւանի կենտրոնին. այնտեղ մեքենաների հոսքն այնպիսին է, փողոցներն այնպիսի ծանրաբեռնվածություն ունեն, որ այնտեղ միայն 4 սանտիմետրանոց ասֆալտի շերտով հարցերը չեն լուծվի: Բայց եթե ընկերությունն այդպես չանի, շահույթ չի ունենա»,- նշեց ճանապարհաշինարար Ա. Հ.-ն:
Մեր աղբյուրների տեղեկացմամբ` իրականում Երեւանի կենտրոնական փողոցներում փռվում է ավելի բարակ շերտով` վերամշակված ասֆալտ, որի համար 1 քառակուսի մետրի ծախսը կազմում է 3-3.5 հազար դրամ: Սա, իհարկե, քաղաքապետարանի համապատասխան մարմինները պետք է ստուգեն, բայց եթե հաշվի ենք առնում այս տեղեկությունը, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր քառակուսի մետր ճանապարհի ասֆալտապատման դեպքում համապատասխան ընկերությունը «տակով է անում» մոտ 3000 դրամ:
Ստացվում է, որ 1 միլիոն 151 հազար 538,5 քառակուսի մետր փողոցների ասֆալտապատման դեպքում այդ գումարները կազմում են մոտ 3 միլիարդ 454,6 միլիոն դրամ: Եթե անգամ այդ գումարները ճանապարհաշինական ընկերությունները աշխատեին, բայց նախատեսված չափորոշիչները պահպանեին, նորմալ կլիներ ու կհամարվեր ընկերության օրինական շահույթը: Բայց անընդունելի է, եթե որեւէ մեկը փորձում է հիմնանորոգման անվան տակ ընդամենը նորոգում իրականացնել:
Գևորգ ԱՎՉՅԱՆ
Լուսանկարը` քաղաքապետարանի կայքից