Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամեն անգամ ՀՀ բնապահպանության նախարարության (համենայն դեպս, ոլորտի մասին չմտածող) հետ շփումն ինձ հունից հանում է: Այս անգամ եւս՝ կապված նախարարին ուղղված՝ իմ նամակի հետ:
Ի դեպ, ներկայիս նախարարին, որը 2007 թվականից է պաշտոնավարում երեք անգամ եմ առիթ ունեցել նամակ գրելու:
Առաջինի նամակով Ա. Հարությունյանին խնդրել եմ, որպեսզի նախարարությունից ինձ տրամադրեն ՀՀ Կարմիր գրքի նոր լհրատարակությունը, երկրորդով՝ որ թույլատրեն մի քանի ժամ անցկացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմաններում գտնվող Գիլան բնակատեղիում, իսկ երրորդ նամակում խնդրել եմ նախարարին, որ թույլատրի իր համապատասխան գերատեսչության մասնագետներից մեկին ինձ մեկ կամ երկու րոպեանոց հարցազրույց տալ, որպեսզի տեղադրեմ առաջիկայում հանրությանը ներկայացվելիք «ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՑԱՄԱՔՈՂ ԳԵՏԸ» վերնագրով տեսանյութում:
Ստիպված էի…, քանի որ մի քանի շաբաթ առաջ, երբ պատրաստում էի «ՄԱԳԻԼԻ ՀԵՏՔԵՐՈՎ» տեսանյութը, խնդրեցի որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուսների կառավարման գործակալությունը իր կարծիքը հայտնի նույն քարանձավում առկա կենսաբազմազանության վերաբերյալ:
Գործակալության համապատասխան մասնագետը սիրով հայտնեց իր կարծիքը, որն էլ հրապարակվեց yerkir.am կայքում:
Բայց ոչ մեկիս մտքով չէր անցնի, որ հետո նախարարը այդ պաշտոնյային կնախատի հերթական խորհրդակցության ժամանակ եւ կարգելի առանց իր իմացության նամակագրին որեւէ տեղեկություն տրամադրել:
Այստեղ ուզում ես ասել՝ «հարգելի՛ս», Դուք բան ու գործ չունե՞ք, որ յուրաքանչյուր լրատվամիջոցի տեղեկատվություն տրամադրելուն պետք է Ձեր «դաբրոն» տաք, իսկ այդ դեպքում ինչի համար են ստեղծված համապատասխան վարչությունները:
Բայց դե, ինչպես ասում են՝ ԳՈՂ ՍԻՐՏԸ ԴՈՂ…
Ինչեւէ, որպեսզի հերթական պաշտոնյան «համով ճաշ» չուտի, ես, օրենքի համաձայն, սեւով սպիտակին նամակ գրեցի՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին
Առաջիկայում իմ կողմից պատրաստվելիք` «Հայաստան. ցամաքող գետը» տեսանյութի համար ակնկալում եմ Ձեր աջակցությունը. խնդրում եմ թույլատրեք, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներից որեւիցե մեկը ներկայացնի իր կարծիքը Արարատյան արտեզյան ջրավազանի, հատկապես` Սեւջուր գետի մասին:
Կանխավ շնորհակալություն:
11 հուլիսի 2013թ.
Լրագրող- լուսանկարիչ՝ Գալուստ ՆԱՆՅԱՆ» եւ նամակը ուղարկեցի [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հաջորդ օրը՝ օրվա երկրորդ կեսին, ինձ հեռախոսազանգով հայտնեցին, որ իմ նամակը մուտքագրվել, իմ էլեկտրոնային փոստին էլ ուղարկել էին նաև 12 նիշից բաղկացած «2647-E651-2D99» հսկիչ համարը՝ նամակի ընթացքին հետևելու համար՝ հետեւյալ կայքէջերում՝ www.e-gov.am/your-letter կամ www.mnp.am:
Սույն թվականի հուլիսի 15-ին հսկիչ համարով պարզեցի, որ իմ նամակը դեռեւս քարտուղարությունում է, իսկ հուլիսի 16-ին պարզվեց, որ նամակիս պատասխան է տվել, սակայն … նույն մալբրի համակարգում չգտա իմ նամակի պատախանը: Դիմեցի ՀՀ ԲՆ:
Ասացին, որ իմ նամակին պետք էր պատասխաներ նախարարության քարտուղարության վարչության պետ Նաիրա Ալավերդյանը, բայց քանի որ նա տեղում չէր, ինձ պատասխանող անձնավորությունը առաջարկեց դիմել նույն գերատեսչության աշխատակազմի ղեկավարին:
Աշատակազմի ղեկավարի տեղակալը առաջարկեց դիմել նախարարի տեղակալ Խ. Հակոբյանին կամ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:
Վերոհիշյալ վարչության նորանշանակ պետ Արմեն Վարդանյանից պարզեցի, որ իրենց վարչությունը իմ նամակի պատասխան չի ստացել: Այնուհետեւ, քանի որ դեռ ժամանակ կար նամակի պատասխանը ստանալու (10- օրյա ժամկետ) ես նախարարությունից փորձեցի պարզաբանում ստանալ նաեւ հուլիսի 22-ին. կապ հաստատեցի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա. Վարդանյանի հետ, ով չկարողացավ հարցիս պատասխանել եւ հեռախոսափողը փոխանցեց վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի նորանշանակ պետ Ալլա Սուքիասյանին: Խնդրեցի պարզաբանել, թե որտեղ է իմ նամակի պատասխանը:
Րոպեների ընթացքում տիկին Սուքիասյանը քարտուղարության պետ Նաիրա Ալավերդյանից տեղեկացավ, որ վերջինիս հանձնարարել են իմ նամակը «փակել» մալբրի համակարգում: Այսինքն՝ նախարարությունն իբր նամակին արդեն պատասխանել է եւ փակել, այն դեպքում, որ ես նամակի պատասխանը չեմ ստացել:
Ավելացնեմ նաև, որ տիկին Ն. Ալավերդյանը Ա. Սուքիասյանին ասել էր, որ ինձ հաղորդեն, որ նամակում նշված ՊՈԱԿ-ի ամբողջ աշխատակազմը ներկա պահին գտնվում է Արարատյան հարթավայրում եւ ստուգումներ է իրականացնում:
«Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից որոշեցի ճշտել՝ արդյո՞ք այս օրերին իրենց բոլոր մասնագետները հարթավայրում հերթական ստուգումներն են իրականացնում, ինձ բառացի պատասխանեցին. «Այդ ստուգումները լինում են միշտ, բայց այս պահին կան մասնագետներ, որ գտնվում են Երեւանում»:
Երբ այս ամենը հաղորդեցի տիկին Սուքիասյանին ջրից չոր դուրս գալու համար նա ասաց, որ, նամակի պատասխանի հետ կապված, կխորհրդակցի փոխնախարարի հետ, իսկ այսօր առավոտյան Սուքիասյանը զանգահարելով հայտնեց, որ մինչ օրվա վերջ ես կստանամ վերոհիշյալ նամակի պատասխանը, բայց ապարդյուն:
Հարցադրումներ.
1. Նախ՝ իմ նամակը ընդունվում է եւ գրանցվում քարտուղարությունում: Ինչո՞ւ է հետո քարտուղարության պետին հանձնարարվում է «փակել» նամակս, այսինքն՝ բոյկոտել տեղեկատվություն ստանալու իմ իրավունքը:
2. Այդ դեպքում ինչո՞ւ եք առաջարկում մասնագետին փնտրել Արարատյան հարթավայրում, եթե չեք բարեհաճում, որ նա մեկ րոպեանոց կարծիք հայտնի:
Եթե կարծում եք, որ իմ նամակում բարձրացված հարցի վերաբերյալ ոչ մի տեղեկատվության չեմ տիրապետում, չարաչար սխալվում եք, պարզապես ցանկանում էի ստանալ պետական գերատեսչության պաշտոնական տեսակետը:
Սակայն ես պահանջում եմ իմ նամակի գրավոր պատասխանը, քանի որ դուք, համապատասխան օրենքի համաձայն, պարտավոր եք դա անել: Չեմ ցանկանա, որ այս հարցը լուծվի իրավական մակարդակով:
Գալուստ ՆԱՆՅԱՆ