կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-22 17:34
Առանց Կատեգորիա

Գծատերերին վարձահատույց լինելու ժամանակը

Գծատերերին վարձահատույց լինելու ժամանակը

ՀՀ նախագահը և ՀՀ Ազգային ժողովի նախագահը միասին մեկնել են արձակուրդ: Սա Սերժ Սարգսյանի արդեն երկրորդ կարճատև արձակուրդն է մեկ ամսվա ընթացքում: Թե ինչո՞վ է դա պայմանավորված, դժվար է ասել, առավել ևս, որ երկրի նախագահը որոշել է այն անցկացնել արտերկրում` հասարակության աչքից հեռու: Սակայն ինչ պատճառով էլ երկրի առաջին երկու դեմքերը արձակուրդ վերցրած լինեն, ուզեն թե չուզեն, հատկապես այս շրջանում նրանց այդ քայլը կոնկրետ ուղերձ է համատարած գնաճի ու, հատկապես, մայրաքաղաքային ուղևորափոխադրումների թանկացման կրակին եռացող հասարակությանը: Նրանք, ըստ այդմ, երկու շատ պարզ ուղերձ են հղում ժողովրդին:

 

Առաջին` իշխանությունը բնակչության աղքատացման հետևանքով սոցիալական հնարավոր բունտից, անհնազանդությունից, առնվազն անկայունոթյունից վախենալու ոչինչ չունի, որովհետև առհասարակ ո'չ սոցիալական, ո'չ հասարակական ու քաղաքական նման խնդիր չի տեսնում ու չի ուզում ճանաչել: Սերժ Սարգսյանը հասկացնում է, թե իբր այնքան «արխային» է, որ «ժանտախտի» ժամանակ կարող է նաև գնալ պարահանդես: Իշխանությունն արդեն վարժվել է բողոքի լոկալ ակցիաներին: Նրա ինքնավստահությունն ու գրեթե մեռելային հանգստությունը պայմանավորված է նրանով, որ շատ լավ կարդացել է հասարակության այն ստրկական հոգեբանությունը, որը կերտել է սեփական ձեռքերով` 5000 դրամով քվեարկած մարդը, որը «որակական» մեծամասնություն է կազմում, երբեք դուրս չի գա բողոքելու: Իսկ քանի դեռ այդ որակն է մեծամասնությունը, մի քանի ակտիվիստների անհնազանդությունը փշրելը նման է լինելու ցախ ջարդոտելուն: Առավել ևս, որ այդ ցախը ցախավել դարձնողը, կարծես, չկա: Այն ուժերը, որոնց առաքելությունը պետք է դա լիներ, հանդիսատեսի կարգավիճակում գրեթե լուռ կամ մտքում հայհոյելով հետևում են իրադարձությունների ընթացքին: Այդ ուժերի մեծ մասը հիմա մարգինալներ են, իսկ մարգինալները եղանակ փոխել չեն կարող: Ուստի գազի սակագնի բարձրացումը պատեհ առիթ է` նյութապես շնորհակալություն հայտնելու «գծատերերին», ում ավտոբուսներն ու միկրոավտոբուսներն այդքան անձնվիրաբար լուծում էին ցուցակագրված ընտրողների տեղափոխությունը և կազմակերպված քվեարկությունը իշխանության օգտին: Եկել է մատուցված ծառայության դիմաց վարձահատույց լինելու ժամանակը մի փուլում, երբ դիմադրությունը քաղաքացիական նեղ շրջանակից համաժողովրդականի ու քաղաքականի վերածվելու ռեսուրս գրեթե չկա:

 

Երկրորդ` նախագահն անուղղակի ասում է, որ ոչ միայն վախենալու բան չունի` որպես իշխանության գլուխ, այլև որ կատարվողի հետ որևէ ուղղակի կապ չունի: Այլ կերպ ասած` հերթական անգամ խաղարկվում է «բարի հաշտարար պապիկի» կերպարը, այս անգամ, իհարկե, ավանսով, որովհետև դերը խաղարկելու սուր անհրաժեշտություն առայժմ կարծես չկա: Թեև այս ամբողջ խաղում քաղաքապետարանն ընդամենը զոհի կարգավիճակ ունեցող սովորական միջնորդ է, սակայն միտումնավոր սլաքներն ուղղվում են հենց նրա դեմ: Սա, իհարկե, իշխանության համար ավելի լավ է, քան եթե հասարակական ցասումն ուղղվեր ողջ կենտրոնական իշխանության դեմ: Նախ` այն պատճառով, որ սրանով, կարծես, հաջողվելու է խնդիրն ընդամենը լոկալ քաղաքային, երևանյան մակարդակում պահել (ինչով և պայմանավորված է մարզային ուղևորափոխադրումների սակագների բարձրացումը համառորեն ուշացնելու իրողությունը), ինչը թույլ չի տա խնդիրը քաղաքականացնել, և երկրորդ` որքան բողոքի շրջանակը փոքր, լոկալ բնույթ կրի, այնքան այն ավելի վերահսկելի կմնա:

 

Եվ տակտիկական այս խաղում հիմնական դեր է վերապահվել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Մինչ ուղեվարձի դեմ պայքարող փոքր խմբերը Տարոն Մարգարյանից փորձում են «բոբո»-ի կերպար ստեղծել, իշխանությունը դա փորձում է կոմպենսացնել` նրանից երևանցիների հոգսերով ամենօրյա ռեժիմով ապրող ու տառապող քաղաքապետի կերպար կերտելով: Հենց դրանով է պայմանավորված այս օրերին վարչական շրջաններում քաղաքացիների ընդունելություններին քաղաքապետի անակնկալ այցերի մասին հոգեցունց ռեպորտաժների ակտիվ տիրաժավորումը վերահսկելի հեռուստաընկերություններով: Այլ կերպ ասած` հասարակություն-իշխանություն մենամարտը տեղի է ունենում բացառապես տարոնմարգարյանական տիրույթներում, իսկ այս թանկացման իրական հեղինակները` գծատերերն ու նրանց վարձահատույց լինող բուն քաղաքական իշխանությունը, մնում են ստվերում:

 

Սակայն այս տակտիկան ունի նաև կանխարգելիչ նշանակություն: Սերժ Սարգսյանի արտաքուստ չեզոքության, ընդհուպ անտեղյակության ֆոնի ստեղծումը ապահովում է անհրաժեշտ առաձգականություն: Քանի դեռ իրավիճակը վերահսկելի է, նա այս դերից դուրս գալու խնդիր չի ունենա: Բայց եթե բողոքի ու ընդվզման այս ալիքը ցունամիի վերածվելու հակումներ դրսևորի, միշտ էլ հնարավոր է հերթական անգամ խաղարկել բարի թագավորի կերպարը` «տանորջանական» հանրահայտ սխեմայով, որն իր արդյունավետությունն ապացուցեց դեռ անցած տարի Մաշտոցի պուրակում: Իշխանությունն արդեն համապատասխան իմպուլսներ է ուղարկում հասարակությանն առ այն, որ դա բացառված չէ: Մասնավորապես` պատահական չէր ՀՀԿ-ի հովանու ներքո գործող «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության` ուսանողների համար ուղեվարձը 100 դրամ սահմանելու պահանջով քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա կազմակերպելու մասին արած հայտարարությունը: Ստեղծելով արհեստական նման օրակարգ` մի կողմից իշխանությունը փորձելու է նահանջի տեղ թողնել իր համար, իսկ մյուս կողմից` այնուամենայնիվ, լեգիտիմացնել ուղեվարձը 50 տոկոսով բարձրացնելու անտրամաբանական որոշումը: Պարզ է, որ երբ հասարակական, սոցիալական որոշակի խմբի համար զիջումներ կիրառելու պահանջ է ներկայացվում, նշանակում է մյուսների պարագայում այդ որոշման կիրառումը ընդունելի ու միանգամայն հասկանալի է դարձվում: Այնպես որ` իշխանությունը ճկունության բավարար ռեսուրս իր համար դեռ պահում է: Եվ եթե խնդիրն սկսի վերաճել համահասարակական ըմբոստության, Սերժ Սարգսյանը ստիպված կլինի նորից ընդհատել արձակուրդը Տարոն ջանին երկրորդ անգամ այցելելու նպատակով:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ