կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-20 16:18
Քաղաքական

Լուկաշենկոն այդ քաղաքական որոշմամբ վարձահատույց եղավ Ալիևին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Լուկաշենկոն այդ քաղաքական որոշմամբ վարձահատույց եղավ Ալիևին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Այսօր Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:

Հայտնի բլոգերը Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»: Այնուհետև նա այցելել էր Բաքու ուկրաինական անձնագրով: Այսպիսով՝ Ադրբեջանում որոշում է կայացվել քրեական պատասխանատվության ենթարկել բլոգերին:

Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Բելառուսի դատախազության որոշումը ոչ թե իրավական էր, այլ քաղաքական: «Այդ որոշման հիմքում է Բելառուսի նախագահի` վերջերս Ադրբեջան կատարած այցը, որտեղ Ալիևը պատվո շքանշանի արժանացրեց Լուկաշենկոյին, իսկ վերջինս էլ բացահայտ ասաց, որ վարձահատույց կլինի դրա համար: Եվ ահա այս որոշմամբ նա հաճոյացավ Ադրբեջանի իշխանություններին»,- ասաց քաղաքագետը:

Հայտնի է, որ բլոգեր Լապշինը Ռուսաստանի ու Իսրայելի քաղաքացի է, և Բելառուսի այս որոշումն արդեն իսկ մեծ աղմուկ է բարձրացրել Իսրայելի իրավական ու քաղաքական շրջանակներում: Բոլոր դեպքերում, ըստ քաղաքագետի, թե' Ռուսաստանին, թե' Իսրայելին չհաջողվեց իրենց քաղաքացուն զերծ պահել այդ ապօրինի ձերբակալությունից:

Քաղաքագետը հույս հայտնեց, որ այս պատմությունից պետք է դասեր քաղել ու փորձել հետագայում կանխել նման զարգացումները, որպեսզի Արցախ այցելող օտարերկրյա քաղաքացիները մտավախություն չունենան, որ կհայտնվեն նման պատմության մեջ:

Հարցին` ինչպե՞ս կարող ենք կանխել, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, որ անհրաժեշտ է լինելու ցուցաբերել յուրահատուկ մոտեցում` կախված, թե որ երկրում է նման խնդիր առաջանալու, և տվյալ երկրի հետ Հայաստանը հարաբերությունների ինչ մակարդակ ունի:

«Ասել, որ կան ունիվերսալ լուծումներ, այսպես չէ: Փաստն այն է, որ առաջին այս դեպքը չհաջողվեց կանխել, թեև դեռ ժամանակ կա որևէ բան բողոքարկելու ու փոխելու»,- ասաց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարանում՝ 10-օրյա ժամկետում։

Վերջին ժամանակաշրջանում, ըստ քաղաքագետի, Ադրբեջանն ու Բելառուսը միմյանց հետ բավական լավ հարաբերություններ են հաստատել, և Ադրբեջանի ռեսուրսային, մասնավորապես` էներգետիկ հնարավորությունները գայթակղել են Բելառուսին:

Հարցին` արդյո՞ք Ադրբեջանի ռեսուրսներն այնքան գրավիչ էին, որ Բելառուսը հաշվի չառավ այնպիսի կառույցներում Հայաստանի ու Բելառուսի անդամակցությունը, ինչպիսիք էին ՀԱՊԿ-ը, ԵՏՄ-ն, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Սա ինչ-որ տեղ նաև  դեմարշ էր այդ կառույցների դեմ, որովհետև մենք տեսնում ենք, որ Բելառուսն այս քայլերով ցույց է տալիս իր, մեղմ ասած, անտարբեր վերաբերմունքը ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի նկատմամբ»: