Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի քաղաքապետի թեկնածուի՝ նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Հովեյանի հարցում ՔՊ-ականները երկար-բարակ մտորելու պատճառ չեն ունեցել։ Ավելին՝ այս կերպ Փաշինյանը Հովեյան ընտանիքի՝ ժամանակին արած լավության դիմաց վարձահատույց է լինում:
Ըստ մեր տեղեկությունների՝ երբ 2018-ին Աննա Հակոբյանը մեկնել էր Ռուսաստան՝ հանդիպելու ռուսաստանաբնակ խոշոր գործարարների հետ, որեւէ մեկը նրան չէր ընդունել, չէր պատվել, բացի Հովեյանի՝ Տյումենում ապրող մեծահարուստ բիզնեսմեն եղբորից՝ Աբրահամ Հովեյանից: Որպեսզի եղբայրն ավելի հպարտ ու ինքնագոհ քայլի Վարդենիկում, ասում են, նա Փաշինյանին բարձր դասի զրահապատ մեքենա էր նվիրել: ՀՀ վարչապետն էլ, լավության առավելագույն չափ սահմանելով, Աբրահամ Հովեյանի մի եղբորը բարձր պաշտոն է տվել պետական ապարատում, իսկ մյուսին՝ Հովհաննես Հովեյանին, Մարտունու քաղաքապետ դառնալու հնարավորություն ընձեռել:
2005թ․-ից նախկին «թալանչիների» հետ սերտաճած, այսօր արդեն ճամբարափոխված ՀՀԿ-ականը քաղաքական հետագիծն ուրանալու հնարավորությունը ձեռքից բաց չի թողել։ Ղեկավար աթողն այդպիսի բան է՝ ծառից ծառ պիտի թռչես, որ տակիցդ չփախչի։ Հովեյանը Փաշինյանին անձնուրաց ծառայել է նաեւ 2020 թ․ խոհրդարանական ընտրությունների ժամանակ՝ դռնեդուռ ընկած ձայն է «որսացել»։
Մենք արդեն մի առիթով գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ ժողովրդին դրել է ապուշի տեղ եւ Սերժ Սարգսյանի ռեժիմի պարզ իրավահաջորդն է, կա՛մ էլ տառապում է թիմի ներսում կադրային «սովից» եւ կառչել է նախկին ռեժիմի այն մարդկանցից, որոնց ժամանակին մինչեւ հոգու խորքը իբր թե մերժում էր՝ մեղադրելով կոռուպցիայի եւ թալանի մեջ։
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Հովեյանը մարզում, շատ մեծ աթոռ զբաղեցնելու փափագով, ամենուր ներկայանում է որպես անկուսակցական՝ հանուն աթոռի մոռանալով նախկինների հետ անցած քաղաքական հետագիծն ու իր՝ ով լինելը: Նա գուցե մոռացել է, բայց Վարդենիկում երբեք չեն մոռանա: Պատմում են, որ Հովեյանի եւ Փաշինյանի սիրելի «նախկին կոռումպացված թալանչիների» միջեւ կապը բավականին ամուր է եղել, ինչի շնորհիվ Հովեյանին հաջողվել է համայնքում մի քանի բարեփոխումներ անել՝ այդպիսով արժանանալով վարդենիկցիների վստահությանը:
Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ Հովեյանը գաղափարական ուղղվածություն երբեք չի ունեցել: Պատերազմի ժամանակ ընդհատակ է անցել, իսկ երբ ադրբեջանցիները զավթեցին Գեղարքունիքի մարզի ռազմավարական նշանակության դիրքերը, որպես Վարդենիկի համայնքապետ՝ մարզի դիրքերից գեթ մեկ անգամ ելույթ չի ունեցել: Մի խոսքով՝ ով գալիս է իշխանության, մեր «հերոսը» հետեւից վազում է։
«Հիմա էլ Մարտունու քաղաքապետ դառնալու համար ձեւական գնում է ՔՊ-ի հետեւից։ Խոշորացման տակ ընկած 17 համայնքների գյուղապետերի զգալի մեծամասնությունը բոլորովին այլ կողմնորոշում ունի։ Եթե ՔՊ-ականները վարչական ռեսուրս գործի չդնեն, չստիպեն համայնքապետերին՝ աշխատել ՔՊ-ի օգտին, նրանց ծրագիրը կտապալվի»,-հայտնեց մեր աղբյուրը։
Թեև Հովեյանը ուղիղ գծով ձգտում է դեպի քաղաքապետի աթոռը, գյուղի ժողովուրդը համարում է, որ այդ աթոռին նստելու համար արժանապատվություն, հայրենասիրություն եւ գաղափարական օրակարգ է պետք:
Լ. Ս.