կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-19 17:53
Իրավական

Պետությունը միայնակ մորից գրպանել է կես միլիոն դրամ

Պետությունը միայնակ մորից գրպանել է կես միլիոն դրամ

Ամիսներ առաջ yerkir.am-ն անդրադարձել էր  Աջափնյակի սոցիալական  ծառայությունների տարածքային բաժնի կողմից միայնակ մայր Ռուզաննա  Մելքոնյանին նպաստից զրկելու փաստին:

 

Ռուզաննան, ով առողջական խնդիրների պատճառով չի աշխատում և Աջափնյակ համայնքում իր անչափահաս դստեր հետ բնակվում է վարձով, տարիներ շարունակ  օգտվել է «Փարոս» սոցիալական ծառայությունից: Սակայն, երբ  2011թ. հոկտեմբերին նպաստ ստանալու նպատակով այցելել է «Փարոս» սոցիալական ծառայություն, նրան հայտնել են, որ ինքը զրկվել է նպաստ ստանալու իրավունքից, ավելին` պետք է հետգանձում կատարեն, քանի որ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում ինչ-որ անճշտություններ են  հայտնաբերվել: Մասնավորապես` պարզվել է, որ ընտանիքի կազմը չի համապատասխանում իրականությանը:

 

Միայնակ մայրը  հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան`  ընդդեմ Աջափնյակի սոցիալական ծառայությունների տարածքային բաժին «Նպաստը դադարեցնելու մասին որոշումն անվավեր ճանաչելու» պահանջի մասին: Շուրջ երկու տարվա դատական քաշքշուկներից հետո ՀՀ վարչական դատարանը` դատավոր Ա. Միրզոյանի նախագահությամբ, բավարարել էր քաղաքացու հայցը` պարտավորեցնելով Աջափնյակի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնին Ռուզաննա Մելքոնյանին վերականգնել «Փարոս» սոցիալական ծրագրում: Վճիռն օրինական ուժի  մեջ է մտել այս տարվա հունիսի 24-ին:

 

Ռուզաննան yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ պետությունն իրեն նպաստից զրկելու որևէ հիմք չի ունեցել. «Երկու տարի դատավորը հետաձգում էր նիստերը, որպեսզի պատասխանող կողմը կարողանար համապատասխան  փաստաթղթեր  հավաքեր, սակայն իրենք էլ գիտեին, որ այդպիսիք չկան»:


Հարկադիր կատարման ծառայության գրության հիման վրա տարածքային բաժինը 10 օրվա ընթացքում պետք է վերականգնի կնոջը հասանելիք նպաստը, սակայն նախորդ ամիսներին չվճարած գումարը չի պատրաստվում վերադարձնել: Yerkir.am-ի լրագրողին տարածքային բաժնում հայտնեցին, որ Ռուզաննային նպաստից զրկելը թյուրիմացություն է եղել, իսկ նախորդ ամիսների վճարումները չեն կարող կատարել, քանի որ  կինը վերջին 2 տարում վերափաստագրում չի կատարել, այսինքն` չի ներկայացրել այն փաստաթղթերի ցանկը, որի հիման վրա պետությունը նրան նպաստ է հատկացնում: Ըստ օրենքի` վերափաստագրումն իրականացվում է ամեն տարի, իսկ իրենք չեն կարող խախտել այն և հետին ժամանակով վերափաստագրում ձևակերպել:

 

Իսկ ինչպե՞ս պետք է Ռուզաննան վերափաստագրում կատարեր, եթե այդ մասին նրան ոչ ոք չի տեղեկացրել: Մեզ հետ զրույցում ծառայության աշխատակիցներից մեկը նշեց, որ  իրենք իրավունք չունեին Ռուզաննային վերափաստագրելու, քանի որ նա գտնվել է դատական գործընթացի մեջ:

 

Այլ բան ասաց  աշխատակցի հայտարարությունից անտեղյակ` Աջափնյակի սոցիալական  ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալ Գայանե Բոբիկյանը (լուսանկարում): Նա նշեց, որ Ռուզաննայի նախորդ ամիսների գումարները վճարելու հարցով դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ պատասխանել են, որ քաղաքացու վերջին փաստագրումը եղել է 2010-ին, որն ուժը կորցրել է: Ըստ նրա` քաղաքացին  այս ընթացքում  վերափաստագրման դիմում-հայտարարագիր պետք է ներկայացներ, որը չի արել:

 

Թե ինչով էին պայմանավորված ծառայության աշխատակիցների իրարամերժ պատասխանները, պարզից էլ պարզ է: Ստացվում է, որ պետությունն` ի դեմս սոցիալական ծառայությունների և Վերահսկիչ պալատի, կարող է ցանկացած պահի առանց հիմնավոր պատճառների միայնակ մորը զրկել նպաստից, իր լծակներով  տարիներ շարունակ ձգձգել դատական գործը, ապա նպաստը կրկին վերականգնել` տպավորություն ստեղծելով, թե ոչինչ չի եղել կամ, ինչպես վերևը նշված աշխատակիցն ասաց, թյուրիմացություն է եղել: Սակայն, իրականում այդ թյուրիմացությունը միայնակ և առողջական խնդիրներ ունեցող մորից խլել է կես միլիոն դրամ, որը պետությունը գրպանել է երկու տարվա ընթացքում: Այս հնարամիտ և եկամտաբեր օրինակը կարող է օգտագործվել  միայնակ մոր կարգավիճակում հայտնված ցանկացած քաղաքացու պարագայում:

 

Սակայն տուժած քաղաքացին ձեռքերը ծալած չի նստելու: Ռուզաննան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, քանի որ համարում է, որ պետությունը խախտել է իր իրավունքները:

 

Լավ կլիներ Վերահսկիչ պալատը նախևառաջ վերահսկեր իր աշխատակիցներին, որպեսզի նրանք որոշ անճշտություններ բացահայտելիս դրանք կարողանային հիմնավորել, նաեւ դատական ատյաններում խայտառակ չէին լինի:

 

Լիանա ՍԵԴՐԱԿՅԱՆ

 

Գայանե Բոբիկյանի պարզաբանումները` դիտեք տեսանյութում: