Երեկ Արմավիրի մարզում գրանցվել է մանկահասակ երեխայի մահվան դեպք: 4-ամյա աղջիկը եղել է Ջրաշեն գյուղից: Փոքրիկին ջերմությամբ, թուլությամբ, փսխում, լուծ ախտանշաններով տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:
«Ջրաշենի գյուղապետ Խաչատուր Դավթյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երեխային ծանր վիճակում չեն հասցրել հիվանդանոց, փոքրիկն աշխույժ, քայլելով գնացել պառկել է, նրան կաթիլային են միացրել, որից 5 րոպե անց իր մայրիկից ջերմուկ է խնդրել:
Մայրը գնացել է դստեր համար ջերմուկ բերելու և մինչև կվերառնար, երեխան մահացել է:
Գյուղապետի խոսքով՝ մորն ասել են՝ «արի՛, երեխեդ մահացավ»: Խաչատուր Դավթյանը հավելեց, որ երեխային հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկը զննել է ու ասել՝ նորմալ է ամեն ինչ, կաթիլային կմիացնենք, 2 օրից երեխային տուն կտանեք:
Գյուղապետը նշեց, որ դեպքից հետո բժիշկը ոչ իրեն և ոչ էլ փոքրիկի ծնողներին չի հանդիպել: 4-ամյա աղջնակն ընտանիքի միակ զավակն է եղել, իսկ մանկապարտեզ չի հաճախել:
Երեխայի մահվան բուն պատճառն առայժմ հայտնի չէ, մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն` սկզբնաղբյուրում