կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-17 11:48
Քաղաքական

Կարող է մի հատ էլ ապտակես քո երեխային, երեխան դրանից ավելի շատ բան կսովորի, քան սեփական տան տեղը չհիշող ոստիկանից. Գևորգ Պետրոսյան

Կարող է մի հատ էլ ապտակես քո երեխային, երեխան դրանից ավելի շատ բան կսովորի, քան սեփական տան տեղը չհիշող ոստիկանից. Գևորգ Պետրոսյան

Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա անդրադարձավ ընտանեկան բռնության խնդրին` նշելով, որ իրենց խմբակցությունից ամենակոշտն ինքն է արտահայտվել ընտանեկան բռնության օրենքի մասին, բայց դա չի նշանակում, որ կողմ է ընտանեկան բռնությանը:

«Մենք` ոչ մեկս, կողմ չենք ընտանեկան բռնությանը, բայց նաև կողմ չենք այնպիսի գործիքներ կիրառելուն, որոնք կխաթարեն առանց այն էլ խաթարված համերաշխությունը: Ի՞նչ է նշանակում` ոստիկանն արգելի երեխայի և ծնողի տեսակցությունը: Սահմանադրությամբ է գրված, որ ընտանեկան տեսակցությունների, երեխաներ-ծնողներ շփումների, երեխան որ ծնողի խնամքին պետք է հանձվի և այլ հարցեր դատարանի իրավասությունն  են: Մենք դատարանի իրավասությունը թողնում ենք մի անհատ ոստիկանի, ասում ենք` գնա, որոշի` այդ ծնողն իր երեխային տեսնի՞, թե՞ ոչ: Դուք հույս ունեք, որ այդ ոստիկանը կարող է ընտանեկան համերաշխությո՞ւն մտցնել: Ես անձամբ այդպիսի հույս չունեմ»,- ասաց պատգամավորը:

Պետրոսյանը նշեց, որ չի ուզում ավելորդ հուզում առաջացնել, առանց այդ էլ դրա պակասը չկա դահլիճում, բայց կոչ արեց չանտեսել ժողովրդական արժեքները: «Եկեք մեր մտածելակերպը, ազգային մտածողությունը չփոխենք: Ես չեմ ասում` մարդուն ծեծենք, բայց ես չեմ վախենում ասել` կարող է մի հատ էլ ապտակես քո երեխային, երեխան այդ ապտակից կարող է ավելի շատ դաստիարակություն ստանալ, քան ոստիկանը գա, կանգնի քո բակում, քեզ 50 մետրից ավելի չթողնի: Օրենքով ասվում է` ոստիկանը կարող է գալ քո տուն, այնքան սպասել, մինչև դու քո տանից գնաս: Պատկերացնո՞ւմ եք այդպիսի բան: Ի, ի վերջո, մենք ավանդապաշտ ազգ ենք: Կներեք, շատ կոպիտ պետք է ասեմ` ես ոչ թե հորդորում եմ թքել համամարդկային արժեքների վրա, ո'չ, եթե մենք համամարդկային արժեքների վրա թքեցինք, մեր կյանքը երկար չի կարող տևել Երկիր մոլորակի վրա, բայց նաև չպետք է անտեսենք մեր ավանդական ընտանեկան բարքերը»,- հայտարարեց պատգամավորը և հավելեց. «Իսկ եթե մենք հանկարծ հույս ունենանք, որ որևէ կիսագրագետ և չպատրաստված ոստիկան... Ի դեպ, մեր առարկություններից մեկն էլ այն էր` արդյո՞ք պատրաստել կամ վերապատրաստել եք այդ գծով ոստիկաններ: Հլը հիշեք որոշ թաղայինների, որոնք տանից դուրս են գալիս, և ոչ մի երաշխիք չկա, որ իրենց տան տեղը կհիշեն և հետ կվերադառնան: Այդ ոստիկանը պետք է գա, կանգնի իմ և ձեր տանը և մեր կանանց ու երեխաների դիմաց ստորացնի՞ մեզ: Ես դեմ եմ դրան, և հույս ունենալ, որ նման ոստիկանը կապահովի ընտանեկան համերաշխությունը, դա նույնքան անհույս հույս է, որքան նավավարը սաստի ալեկոծված ծովի ալիքները, կամ` խեթ հայացքով կանգնեցնես ժամացույցի սլաքը»: