կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-16 18:35
Առանց Կատեգորիա

Ինչու է Պուտինը նախընտրում Ադրբեջանը. նվաստացման դասեր

Ինչու է Պուտինը նախընտրում Ադրբեջանը. նվաստացման դասեր

Հայաստանում գլխապտույտ արագությամբ հասունանում ու խորանում են հակառուսական տրամադրությունները: Ռուսներն իրենք են ամեն ինչ անում դրա համար և ընտրել են այնպիսի վտանգավոր ճանապարհ, որի թողած բիծը կարող է չափազանց խորը լինել այն այլևս չնկատելու և հաշվի չառնելու համար:

 

Հայաստանին գազային տեռորի ենթարկելուց, նրա թիկունքում Ադրբեջանին հարձակողական զինտեխնիկա վաճառելուց հետո ռուսական քարոզչամեքենան անցել է հայերի և Հայաստանի մարդկային ու ազգային արժանապատվությունը նվաստացնելու քստմնելի գործին: Այն վերաբերմունքը, որը ռուսական իրավապահ մարմինները և զանգվածային լրատվամիջոցները ցուցաբերում են Օզնոբիշինո բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի մասնակից Հրաչյա Հարությունյանի նկատմամբ, ընդգծված վերաբերմունք է ոչ թե առանձին վերցրած անձի, այլ նրա ազգային պատկանելության ու նրա տեսակի նկատմամբ, որովհետև հենց նրա ազգային պատկանելությունն է դարձել ամենաշահարկվող թեմաներից մեկը: Ռուսական լրատվամիջոցներն այդպիսով փորձում են ցույց տալ, թե որքան օտար է հայը իրենց հողում, և թե ցանկության դեպքում ինչ վիճակի մեջ կարող են հայտնվել իրենց շնորհիվ գոյությունները պահող այդ օտարները իրենց ցանկության դեպքում: Սա հակահայկականության քարոզ է, որի նպատակը Ռուսաստանում ապրող ու աշխատող հայերի շրջանում հնարավոր հասարակական ճնշման ենթարկվելուց առաջացող ներքին տագնապի հարուցումն է: Իսկ դրա թիրախը բուն Հայաստանն է, ավելի ճիշտ` նրան Ռուսաստանի շահերի պարագծից դուրս քայլեր ձեռնարկելուց զերծ պահելու խնդիրը, որը, փաստորեն, Կրեմլն իրականացնում է ռուսաստանահայերի ձեռքերով: Այնտեղ հստակ գիտեն, թե ինչպիսի գործոն է ռուսաստանահայությունը Հայաստանի համար, և գիտեն, թե ինչպես այդ գործոնը կարող է ազդել բուն Հայաստանում հասարակական կարծիքի և պետական քաղաքականության վրա: Եվ նրանք դրդում են ռուսահայությանը` այդ տագնապներից ազատվելու համար խելքի բերել Հայաստանի իշխանություններին և ցույց տալ, թե իր վերահսկողությունից դուրս գալու չնչին քայլերն անգամ ինչ հետևանքներ կարող են այն ունենալ այն մարդկանց համար, ովքեր հացի փող են ուղարկում հայրենիք:

 

Հրաչյա Հարությունյանն ընդամենը շովինիստական այս ձգտումների փոքրիկ մի զոհն է, որը կարող է միակը չլինել, ցավոք: Բայց չբավարարվելով դրանով` Մոսկվան անմիջապես Հայաստանին հասցնում է երկրորդ` ոչ պակաս նվաստացուցիչ հարվածը: Ըստ ադրբեջանական լրատվական աղբյուրների` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 12-13-ին պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան: Ինքնին նման այցը ոչինչ չի նշանակում, և ՌԴ-ի սուվերեն իրավունքի դաշտում է նախագահի` այս կամ այն երկիր այցելությունը: Սակայն ուշագրավն այն է, թե ինչ ֆոնի վրա է տեղի ունենալու այդ այցը, եթե, իհարկե, սա ադրբեջանական մամուլի հերթական ապատեղեկատվությունը չէ: Խնդիրն այն է, որ Պուտինը երկրորդ անգամ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո դեռևս Հայաստան չի այցելել այն դեպքում, երբ հենց Հայաստանն է համարվում նրա ռազմավարական դաշնակիցը: Ընդ որում` նա Երևան չի այցելում այն դեպքում, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նրան նման պաշտոնական առաջարկությունն է արել ՌԴ իր վերջին բոլոր այցելությունների ընթացքում: Իսկ Սերժ Սարգսյանը վերջին երկու տարում, եթե չենք սխալվում, ՌԴ է այցելել չորս անգամ: Այսինքն` Սերժ Սարգսյանին չորս անգամ փաստացի մերժելուց հետո Պուտինը նախընտրում է այցելել Ադրբեջան: Մի երկիր, որը, Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության ժամկետը երկարացնելու համար անիրատեսական բարձր գումարներ առաջարկելով ու ռուսներին այնտեղից բառի բուն իմաստով վտարելով, ուղղակի դիվանագիտական ապտակ հասցրեց Մոսկվային: Պարզ է, որ այս փուլում մեծ հաշվով ռուս-ադրբեջանական լուրջ քաղաքական տնտեսական օրակարգ գոյություն չունի, որովհետև նրանց տարածաշրջանային շահերն այս փուլում միմյանց հիմնականում հակադրվում են, այլ ոչ թե շաղկապվում: Եվ Պուտինի այդ այցը բովանդակային առումով կարող է ունենալ պրոտոկոլային նշանակություն: Բայց դրանով Մոսկվան ձգտում է ցույց տալ, որ փորձում է հարթել ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջացած կնճիռները և փոխել տարածաշրջանում իր նախընտրության վեկտորները Հայաստանից դեպի Ադրբեջան: Այդ քայլով Պուտինն ուղղակի հաստատում է, որ բիզնես լինելուց առաջ Ադրբեջանին մոտ 1 մլրդ արդիական զինտեխնիկա վաճառելը նաև քաղաքական հստակ ենթատեքստ ուներ, և, Բաքու այցելելով, նա վավերացնելու է այդ գործարքը: Պարզ է, որ այս ամենն արվում է ի հեճուկս Հայաստանի` կարծես թե ընդգծելու համար, թե ինչ արժեք ունի Կրեմլի համար Սերժ Սարգսյանի հրավերը: Կրեմլը նվաստացնում է թե' Սերժ Սարգսյանին, թե', ի դեմս նրա, ողջ պետությանը: Հետևաբար, իմաստային առումով որևէ տարբերություն չկա Հրաչյա Հովհաննիսյանին կանացի խալաթ հագցնելու և ծիծաղի առարկա դարձնելու, Պուտինի` Բաքու այցելելու և, ի վերջո, Հայաստանի շահերի հաշվին Ադրբեջանին զինելու միջև: Դրանք միևնույն երևույթի տարբեր` հոգեբանական, սոցիալական ու քաղաքական դրսևորումներն են:

 

Կարճաժամկետ կտրվածքով այս մեթոդները գուցե ազդեն Հայաստանի իշխանությունների վրա, մանավանդ, եթե հաշվի առնենք վերջիններիս անբնական վախը ռուսական հնարավոր ցասման հետևանքների նկատմամբ ու դրանց դիմակայելու ճչացող անկարողությունն ու անդիմությունը: Բայց այստեղ արդեն իշխանությունների խնդիրը չէ, այլ ողջ ազգի ու նրա արժանապատվության: Այս քայլերով Ռուսաստանն անցնում է մի սահման, որը կարող է ավերել հայաստանյան հասարակության «օրհնված էն սհաթի» սինդրոմով վստահության երերուն աշտարակները:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ