Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանն այսօր ԱԺ-ում հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
44–oրյա պատերազմում մարդկային անգնահատելի զոհերի կողքին ունեցանք նաև մշակութային ահռելի կորուստներ:
Արցախի մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանը որդեգրել է բացահայտ ոչնչացման քաղաքականություն: Պղծման և վանդալիզմի կողքին, թշնամին զբաղված է նաև գիտական զեղծարարությամբ՝ փորձելով Արցախի բնիկ հայկական ժառանգության ադրբեջանական պատկանելության հիմքեր ստեղծել՝ այդպիսով զրկելով մեզ մեր պատմական և քաղաքական իրավունքններից:
Այս արշավի թիրախում են Ղազանչեցոցը, Դադիվանքը, Ծակուռն ու այլ վանական համալիրներ, որոնց ուդիացման կամ աղվանացման ադրբեջանական ջանքերը գնալով նոր թափ են առնում։
Դեռևս հինգ ամիս առաջ այս ամբիոնից հնչեցրել եմ խնդրի կարևորությունը՝ Կառավարությանը դիմել հետևյալ հարցով, թե մի շարք միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների շրջանակում, ՀՀ կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, ինչ ռազմավարություն է մշակվել՝ Արցախի օկուպացված տարածքներում պաշտպանելու համար մեր մշակութային ժառանգությունն ու ինքնությունը։
Վստահաբար հիշում եք այս հարցին ԿԳՄՍ նախարարի ինքնավստահ պատասխանը. «Ինչ, որ պետք է, անում ենք»:
Այս խիստ չակերտավոր հուսադրող պատասխանից հետո ԿԳՄՍ-ին դիմել եմ հետևյալ գրավոր առաջարկությամբ՝ «Մեր մշակութային իրավունքների պաշտպանությունը արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծել մեկ միասնական հարթակ, աշխատանքային խումբ, ուր ներառված կլինեն օրենսդիր, գործադիր մարմնի, այդ թվում Հայ Առաքելական եկեղեցու, Արցախի Հանրապետության ներկայացուցիչներ, միջազգային իրավունքի մասնագետներ, մշակութաբաններ և պատմաբաններ»:
Սրա պատասխանն էլ նույնքան ոչ մի բանի մասին էր, անհասկանալի մի բառակույտ՝ «Հավելյալ մարմինների ձևավորումը կարող է խոչընդոտել միասնական մեկ կենտրոնից համակարգվող ծրագրի իրականացմանը»:
Իսկ այս ընթացքում Ադրբեջանը «Աղվանքի պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ» է ստեղծել, միջազգային փորձագետների է հրավիրել և պատրաստվում է ալբանական կրոնական տաճարներից հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»։
Այս ընթացքում ինչո՞վ են զբաղվել Միջազգային կառույցները՝ ԵԱՀԿ-ն և ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Ոչնչով… Նրանք անգամ տարծաշրջան չեն այցելել, կույր և խուլ են ձևացել նույնիսկ ապացուցված վարձկանների և թուրքադրբեջանական ագրեսիայի պարագայում:
Եվ իմ համոզմամբ այս լռությունն ու անպատժելիությունը, ագրեսիան չկանխելու նրանց կամազրկությունը նոր հանցագործությունների դուռ է բացել:
Ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները…
Այն, որ Հայաստանը պարտվում է բոլոր, այդ թվում նաև տեղեկատվական հարթակներում նույնպես նորություն չէ։ Չեք կարողանում միջազգային հանրությանը ներկայացնել այն մշակութային ցեղասպանությունը, որն այսօր Արցախում իրականացնում է Ադրբեջանը:
Մինչդեռ Արցախի հիմնախնդիրն իր բոլոր երեսներով Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունների և համակարգված աշխատանքի թիրախում պետք է լիներ:
Իսկ, առայժմ, այն էլ ժամանակավորապես, Հայաստանի իշխանություններին մի բան է հաջողվում՝ ամոթի և նվաստացման էջերով լցնել մեր պատմությունը, խոշտանգել ժողովրդավարությունն ու բռնաճնշումներով փորձել խեղտել ընդդիմադիրներին: Չի հաջողվելու…