կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-07-10 13:15
Առանց Կատեգորիա

Ի՞նչ է մարդը...

Ի՞նչ է մարդը...

Երազանքն ի՞նչ է... Աստված գիտի: Բայց մարդիկ կան, որոնք երազանք չունեն: Այդպիսիններից սարսափելի մարդ չկա: Ու հիմա պատկերացրեք մեկին, ով ամեն ինչի հասել է ի սկզբանէ առանց երազանք ունենալու:

 

Սոկրատեսից սկսած` փորձել են փիլիսոփայական հարթությամբ դիտարկել, թե ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանուց: Մինչեւ իմ տարբերակը կպնդեմ, կասեմ, որ միշտ չէ, որ ուրիշների նկատած տարբերությունը մարդկանց օգտին է: Օրինակ` մարդը կենդանուց տարբերվում է նրանով, որ ծիծաղում է: Եվ ի՞նչ: Շունը երբեք չի ծիծաղում, բայց ինքնասպանության փոխարեն գերադասում է իրեն զոհել հանուն տիրոջ: Եվ, ընդ որում, տերն ունի նրան ծեծելու իշխանությունը, իսկ շունը նույնիսկ հնազանդ լինելու իշխանությունը չունի, նա ի բնե է հնազանդ:

 

«Իշխանություն» բառը մարդուց է, Աստծուց չէ, առանց իշխանության չես բացատրի կենդանու եւ մարդու որեւէ տարբերություն: Մարդն ունի ամեն ինչի իշխանություն, կենդանին, նույնիսկ` առյուծը, նույնիսկ` աշխարհի բոլոր առյուծները մեկ գիտակից մարդու ներկայությամբ ոչ մի իշխանություն չունեն: Եվ սակայն սա չէ մարդու եւ կենդանու տարբերությունը, որովհետեւ մարդու իշխանությունն իռացիոնալ է:

 

Ասում են, որ մարդը կենդանուց տարբերվում է խոսելով: Դե սա մի տարբերություն է, որը չի մեկնաբանվում: «Ամեն ինչ կանենք, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացումը լինի հօգուտ ժողովրդի»,- ասել է տրանսպորտի եւ կապի նախարարը: Նույնիսկ Հիտլերն է ասել՝ ինչքան շատ եմ ճանաչում մարդկանց, այնքան ավելի եմ սիրում շներին: Վատ է, որ Հիտլերն է ասել, բայց չես ասի, որ սխալվել է: Ավելի սարսափելին այն է, որ կարելի է ինչ-որ բան ասել ու Հիտլերից վատ ասել: Երբ մեր իշխանություններն արդարանում են, վայրի կենդանական աշխարհը «հանգստանում» է:

 

Ասում են՝ մարդը կենդանուց տարբերվում է գիտակցությամբ: Կրկին չմեկնաբանվող տարբերությունների շարքից է: Գիտակցությունը տեսանելին իմաստավորելու ազդակն է: Ոչ ոք չի կարող ասել, որ մարդը գնում է իմաստավորումների ճանապարհով: Կենդանին չի գիտակցում, բայց նա չի ստեղծում սպանության գործիքներ: Հետեւաբար, գիտակցությունը տարբերություն է երազանքը սահմանելու ճանապարհին:

 

Կարծեմ` Էնգելսն էր ասում, որ մարդը կենդանուց տարբերվում է աշխատանքով: Այս տարբերությունը պարզապես մարդու օգտին չէ: Առանց աշխատանքի ընկալման ստրկությունը պարզապես չէր լինի: Կրկին գիտակցության ոլորտից է, բայց փաստ է, որ կենդանին կենդանուն չի ստրկացնում հանուն իր բարօրության:

 

Ինչ-որ մեկն ասել է, որ մարդն Աստված ունի, իսկ կենդանին չունի: Այս տարբերությունը սպեկուլյատիվ է, որովհետեւ կենդանին Աստված չի պեղում: Նա իր հավատարմության վրայով չի թռնում, հետեւաբար, հավատարիմ լինելով, արտահայտում է Աստծուն: Իսկ մարդն ի վիճակի է դավաճանել:

 

Ասվում է նաեւ, որ մարդուն կենդանուց տարբերում է ընտրությունը: Չգիտեմ, թե ինչ կարելի է ավելացնել սրան: Մարդը կարող է լինել Հիտլեր, կենդանին չի կարող, մարդը Բարաբբայի եւ Հիսուսի միջեւ ընտրեց Բարաբբային, կենդանին ազատված է այսպիսի ընտրությունից: Մարդը միշտ ընտրում է չարը, լավագույն դեպքում՝ հանդուրժում է չարը: Մարդը կենդանուց չի կարող տարբերվել հանդուրժողականությամբ, քանզի հանդուրժողականությունը հենց կենդանու առավելությունն է մարդուց: Մարդը կարող է զզվել դիմացինից, կենդանին՝ ոչ: Եվ այս տարբերությունը չի ասում այն մասին, որ զզվողը մարդ է, ատելությունը մարդկային զգացում է, թեպետ մարդը միակն է, որ կարող է ատել:

 

Այսպիսով` ի՞նչն է տարբերում մարդուն կենդանուց: Ըստ իս` տարբերում է երազանքը: Կենդանին երազանք չունի: Ինչո՞ւ: Որովհետեւ նա չի մասնակցում ուրիշի երջանկությունը, նա իր անանձնական «սխրանքների» հաշվետուն չէ, անանձնականությունը Աստծուց մարդուն տրված իմացական հաղթանակն է: Կենդանին նույնպես տրվում է ինքնամոռաց, բայց նա չի կարող դրանով քայլել դեպի «Աստծո արքայություն»: Նա այս աշխարհի մսից է, իսկ մարդը՝ ոչ: Մարդը դեռ պետք է լինի այդ միսը: Կենդանին մարդուց տարբերվում է` սկզբի ընկալումից զուրկ լինելով: Մարդու ամեն ակնթարթը իռացիոնալ է, երբ տեսնում ես, թե ինչ է ստացվել վերջում: Մարդը իշխանություն ունի անելու կամ լինելու այս կամ այն բանը, կենդանին չունի: Երբ մարդը չգիտի ուր գնա, ինքնասպան է լինում, կենդանին անընդհատ գնում է մինչեւ նրան գտնում է մեկ այլ կենդանի կամ մարդ ու սպանում: Երազանքը մարդու լինելիքն է, ի տարբերություն կենդանու, որովհետեւ երազանքի գծած ճանապարհը կոնկրետ է:

 

Սեյրան ՀԱՆՈՅԱՆ