Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2011թ. ՀՀ մշակույթի նախարարության եւ Իտալիայի ԱԳՆ-ի միջեւ կնքվեց փոխադարձ համաձայնագիր, ըստ որի` Իտալիայից եկած մասնագետները շուրջ երկու տարի վարպետության դասընթացներ կանցկացնեն ճարտարապետական վերականգնման ոլորտի նախագծման, որմնանկարների իրականացման, շինհրապարակի կազմակերպման վերաբերյալ: Այժմ «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային պահպանման եւ վերականգնման ոլորտում» կրթամշակութային ծրագրի շրջանակներում իտալացի մասնագետները ուսումնասիրություններ են կատարում Արագածոտնի մարզում գտնվող Արուճի տաճարում: Նախկինում կատարված պեղումների ընթացքում տաճարի հարավարեւելյան կողմում բացվել են Արուճի պալատի մնացորդները: Այն կրկնում է Դվինի կաթողիկոսական պալատի հորինվածքը:
ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 662-666 թթ.` հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի պատվերով: Ըստ Սանամյանի` եկեղեցու ներսում դեռեւս պահպանված են 7-րդ դարում կատարված եւ կառույցին առանձնահատուկ հանդիսավորություն հաղորդող հոյապատկեր որմնանկարները, որոնց թեման Համբարձման տեսարանն է:
«Իտալացիներն իրենց հետ բերել են մի շարք սարքավորումներ, որոնք մենք չունենք, օրինակ, խոնավաչափերը, չափագրման նոր գործիքներ, սարքեր, որոնք հնարավորություն են տալիս իմանալ պատերի ճաքերի վիճակը: Չնայած պետք է նշեմ նաեւ, որ մենք այդ նույն ուսումնասիրությւոնները կատարում էինք, ուղղակի այլ մեթոդներով»,- ասում է Սանամյանը:
Ծրագրի շրջանակներում կվերականգնվեն Արուճի որմնանկարները. այժմ ընթանում են որմնանկարների ամրակայման աշխատանքները, իսկ մինչեւ 2014թ. նախատեսվում է դրանց ամբողջական վերականգնումը:
Ծրագրի ղեկավար Գայանե Կազնատին իր հերթին նշում է, որ իրենց նպատակն է ծանոթանալ հուշարձանին:
Ըստ նրա` նախ պետք է մաքրվի տարածքը, հետո արդեն կորոշվի, թե որտեղ է անհրաժեշտ պեղումներ իրականացնել, նաեւ կհետազոտվի քարերի վնասվածության աստիճանը.«Ի դեպ, մի քանի օր առաջ պատերի ճաքի չափը ստուգելու համար արդեն վերցրել ենք նմուշներ եւ այն ուղարկել Իտալիա, որպեսզի պարզվի` դրանք ֆիքսվա՞ծ ճաքեր են, թե՞ շարունակում են քայքայվել»:
Ըստ Կազնատիի` ՀՀ մշակույթի նախարարությունը 7 մլն դրամ է հատկացրել Արուճի վանքում հետազոտություններ իրականացնելու համար: Նրա համոզմամբ` գումարը կբավականացնի նաեւ, որպեսզի տեղում եղած հուշակոթողները համախմբեն ու ցուցադրության պատրաստեն:
Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման ընդհանուր վարչության կենտրոնական տեխնիկական միավորման փորձագետ Ջիանանդրեա Սանդրին ծրագրի միջոցով հնարավորություն ունեցավ ծանոթանալու հայկական մշակութային ժառանգության հետ: Ըստ նրա` Արուճում հուշարձանները գտնվում են վատ վիճակում, ինչը, սակայն, իրենց չի վախեցնում:
«Առաջիկայում նպատակ ունենք իրականացնել կերամիկայի, քարի վերականգնմանը նվիրված եւ թանգարանագիտության նմուշների ցուցադրության վերաբերյալ դասընթացներ: Իտալիայից արդեն 40 դասախոս է ժամանել Հայաստան, որոնց մի մասը Միլանի պոլիտեխնիկ համալսարանն է ներկայացնում»,- ասաց Սանդրին:
Ըստ նրա` ճիշտ է, Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին չի գործում, սակայն ավերված էլ չէ: Նա պնդում է, որ վերականգնել եկեղեցին` չի նշանակում այն լրիվ նորը դարձնել ու ջնջել հնի հետքերը, քանի որ բոլոր նշանները, որ ժամանակը թողել է հուշարձանի վրա, շատ կարեւոր են եւ շքեղություն ու վեհություն են հաղորդում հուշարձանին:
Հնագետ Մատիլդե Մարձուլլոն տեղեկացրեց, որ Սուրբ Գրիգոր եկեղեցու հարող տարածքում ուսումնասիրվել եւ հետազոտվել է 70 շերտական միավոր, որոնք բոլորը փաստագրվել եւ գծագրվել են ինչպես հնագետների, այնպես էլ ճարտարապետների կողմից.«Մեր կողմից արված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, այո, եկեղեցին 7-րդ դարի կառույց է: Ուսումնասիրություններից հետո բացահայտեցինք, որ եկեղեցու տարածքին կից առկա պալատն իրականում ավելի մեծ է եղել, քան մենք պատկերացնում էինք: Հայտնաբերվել են մի շարք գերեզմաններ, խեցեղեն նմուշներ, ոսկորներ, մետաղի գտածոներ, որոնք շերտագրությունն ու ժամանակագրությունը պարզելու համար շատ հետաքրքիր ինֆորմացիա կարող են տալ»:
Նշենք նաեւ, որ ծրագրին կմասնակցի շուրջ 100 հայ ուսանող, իսկ աշխատանքները կշարունակվեն մինչև 2014 թ. սկիզբը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ