Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր բանաստեղծ Վահագն Աթաբեկյանի ծննդյան օրն է: Աթաբեկյանն այժմ դիվանագետ է և իր դիվանագիտական առաքելությունը կատարում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը:
***
Ճակատագիրն ահա՝ իր մատներով հողե
հեքիաթներից ծանոթ դեւի նման
մեր կոկորդը սեղմած՝ պահանջում է զոհեր
մի կում ջրի, մի կում հողի համար,
եւ, ըստ հրահանգի - ինքնազոհաբերում -
ընտրվում են զոհերն՝ անուն-անուն
ու՝ արալեզների կարոտն ուղեղներում,
ջոկատներ են կազմում ու հեռանում,
եւ ըստ հրահանգի վանկարկում են - ի զե՛ն,
երակներում՝ ցավի աճող ծարավ,
...եւ արդյոք ո՞վ եմ ես, որ պիտի երազեմ,
թե՝ իմ աշխարհում կա բնական մահ.
Կշեքի նժարին երբ երազ է դրվում,
Մատաղացու գառն էլ անասուն է,
Միայն՝ ստեպ-ստեպ տարածվում է հեռվում
Առյուծ ծնվածների վայնասունը...
Նրանց համար հիմա նշխար է ամեն հաց,
Եվ ամոքող սուտը հավք է փյունիկ...
եւ արդյոք ո՞վ եմ ես, որ որոնեմ Աստվածք.
Ես հրաժարվո՛ւմ եմ ընտրությունից։
Միայն՝ այսքան վերջին կոչերի տակ - ի զե՛ն,
Արալեզներ, մի՛ խմբվեք ի առջեւ,
Եվ ինձ դեռ մի՛ լիզեք, դուք ինձ դեռ մի՜ լիզեք,
Իբրեւ դիակ ես դեռ կատարյալ չեմ։
1990թ. /բանաստեղծությունը Տիգրան Պասկեւիչյանի թեթեւ ձեռքով եւ Ռուզան Գորգիսյանի ընկալմամբ' նվիրվել է Մովսես Գորգիսյանին/
***
Հանրահաշիվ
Աշխարհի ամենաուժեղ թիվը 7-ն է: Յոթի դեմ խաղ չկա:
Յոթից ներքեւ՝ զրո: Յոթից վերեւ՝ 0, ու բացականչական նշան:
Դատեք ինքներդ, քանի որ ավելի լավ է յոթ անգամ դատել,
քան յոթ տարի նստեցնել.
ծիածանի յոթ գույները,
շաբաթվա յոթ օրերը,
երաժշտության յոթ նոտաները,
մարդու յոթ զգայարանները,
ձեռքի յոթ հիմնական մատները,
մոլորակի յոթ աշխարհամասերը,
դեմքի յոթ արտահայտությունները,
արջի յոթ երգերը՝ որպես կանոն մեղրի մասին,
ամսի իրեքից յոթը,
արդեն իսկ 77 թիվը ինքնին,
Գրինվիչի յոթ միջօրեականները,
Մինչեւ տասը մի թիվ պահի, վերջին հաշվով,
Հղիության յոթ ամիսները,
Այբուբենի յոթերորդ տառը,
Արշակ յոթերորդը-իսկ ինչու՝ ոչ -
Տարվա յոթ եղանակները՝
յուրաքանչյուրն իր յոթական ամիսներով,
Տիեզերքի յոթ մոլորակները՝
յուրաքանչյուրն իր յոթական արբանյակներով,
եւ իհարկե յոթ պատմական թագավորություններիս՝
յոթ դարակազմիկ թագավորները
յուրաքանչյուրն իր յոթական վստահելի անձանցով,
նազիր-վեզիրներով,
որոնք ծաղկեցնում են մեր դարավոր անապատները
հազար տասը հարյուր ութսունութից ի վեր:
***
Եռախոսություն ագռավի հետ
Էն անգամ, երբ շոգ ամառ էր,
երբ Փարիզը ինձ համար էր
Կշռաքարերն իր շարել՝ կրելու իմ ծանըր բեռը,
Իմացա, որ ցուրտ ձմեռ է, որ քաղաքս կարկամել է,
Որ սառել են ճամփաները, եւ բոլորն արդեն՝ լռել,
Որ մաղել է մութը մանըր նախանցած աշնան գարնանը,
Երբ դեռեւս շոգ ամառ էր, եւ ես նոր էի մեռել:
Եւ կրկին բացելով դուռը իմ ձեռքով իմ դեմ փակված,
Եւ կրկին ասելով՝ Դու՛ ես առասպելն ինձ վիճակված,
Շեմեցի ես նույն մատուռը, ուր շարված էին երեք
Ծերացող իմ ընկերները, չըծերացող իմ կիները,
իմ հույսերն ու, ախ, իմ սերը, որ դիցուք թե՝ անվեհեր,
Մատուռում այդ դեռ գոյում էր, անհաստատ դեռ օրորվում էր,
Ինչպես ծանըր օրերում այն երբ ես նոր էի մեռել:
Նույն մատուռն է:
Նույն մաքուր ու
Նվիրական նույն փոշին...
Ու նույն ես եմ, որ կարծե՛ս եմ
երազներում ուրիշի
Լուսաշղարշ նույն գիշերն է, հուշարարի նույն հուշելն է,
ու, թերեւս, նույն հուշերն են, որ ելնելով մշուշից,
հիշեցնում են հին իմ դերը, երբ ամեն ինչ դեռ եթեր էր,
երբ թեթեւ էր եւ ասում են, թե լըսել են՝ իբր նոր եմ ես մեռել:
Ինչ վայելք է՝ փնտրել ելքը, երբ տրվել է մուտքը քեզ,
անդադրում երբ բեմադրում ես հրաժեշտի վերջին ծես,
ու պատմում ես' թե սա կյանքը ստեղծագործ աշխատանք է,
որ փախուստի միայն ջանք են պարիսպները Երիքով,
«քեզ սիրող եմ, քեզ հուսով եմ, երեքով եմ, երկուսով եմ,
եռապատիկ մի հատիկ եմ, ու մենակ եմ՝ երեքով»:
Ու հիմա կրկին գիշեր է: Կներե՞ն արդյոք ուժերըս,
կներվե՞ն ինձ իմ հուշերը, երբ ուժերս չներեն... (եւ այլն եւ այլն)
***
Nature Morte
Աշնան ուշ բոցերի մարմրացող ոսկում
Չծերացած հոգու չծերացող սոսկում.
Այդ անբարբառ խոսքի կապտակապույտ հոսքից
Սերն է ավիշներով մաշկի տակ սողոսկում:
(Ճանապարհը՝ երկար
եւ օրերը՝ հաշված...
Մամրացող դեռ կամ
բոցերի մեջ աշնան).
Դու՝ միածին դուստըր մանուկ ծիածանի -
Նվաստ ի վերուստըս՝ հանգվույն քո կածանի
ոտքերիդ ուղեկից, որի անգույն վրա
ոչ ոք հաղթանակի դրոշ չի ծածանի:
Ես՝ մի ուրիշ վաղվա խոստում հազարադեմ,
Ես՝ անհնար ուղիդ լուսավորող կանթեղ,
Կուզես՝ եղիր, մնա, կուզես՝ ելիր, գնա
ուր որ աչքդ կտրի - ես կլինեմ այնտեղ:
Եւ քեզ՝ բազմաձեւիդ, եւ ինձ՝ բազմամեղիս
չի սահմանված ըմպել առօրյայի լեղին,-
ես՝ բնության գրկից անհետացող տեսակ,
դու՝ պարզ արդարացում ձեր անհաստատ ցեղի:
(Ճանապարհը՝ երկար
եւ օրերը՝ հաշված...
Եւ շուրթերդ՝ վերկանչ
իմ արյանը վարժված).
(շարունակելի):