Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սկսել են մեզ հեքիաթ պատմել, թե իշխանության օրն էլ մի օր չի: Ամբողջ ժամանակ ներքին կռիվների մեջ են: Զանազան թևերի բաժանված՝ նախագահի թև, վարչապետի թև, Հովիկ Աբրահամյանի թև, ՀՀԿ թոշակառուների թև, ՀՀԿ մանկապատանեկան թև, փորում ու փորում են իրար տակ: Հարց՝ իրար տակ փորում են, որ ի՞նչ անեն:
Որոշ ԶԼՄ-ներ նույնիսկ փուչիկներ են բաց թողնում, թե իբր, ընթացքի մեջ է «փոխնորդ» օպեացիան: Այսինքն՝ պայքար է ծավալվել Սերժ Սարգսյանի հաջորդին որոշելու համար, և ամեն թև աշխատում է իր փոխնորդը մեջտեղ բերել: Բնականաբար, այս ամենը սուտ է, հասարակությանը շեղելու հերթական փորձ: Իրականությունն այն է, որ Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ հերթական ֆիասկոյի փուլ է թևակոխում, իսկ իշխանությունները, որքան էլ պնդում են, թե չափազանց խելացի են այդ ոլորտում, չգիտեն իրենց անելիքը:
Բոլորին է այլևս հասկանալի, որ թե' Վերահսկիչ պալատի բացահայտումները և թե' վարչապետի հետ կապվող օֆշորային սկանդալը հենց այնպես չէին կարող մեջտեղ գալ: Մոնոլիտ թիմը, ինչպիսին Սերժ Սարգսյանինն է, պարզապես չէր կարող ներսից ինքնաոչնչացման այդպիսի կուրս վերցնել: Նկատենք, որ թե' ՎՊ զեկույցով և թե' օֆշորային սկանդալով Սերժ Սարգսյանի թիմը հայտնվում է հասարակության առջև մեն-մենակ: Հիմա արդեն չեն կարող մեղադրել ընդդիմությանը, թե անգործության է մատնված կամ ինքն է նման բաներ հրահրում: Առավել ևս` այս ամենը չեն կարող բացատրել Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներով, թե այսպես են ապահով Հայաստան կառուցում: Հետևաբար, այլևս ի՞նչ «փոխնորդ» օպերացիայի մասին է խոսքը, երբ թիմն այսքան թրջված տեսք ունի: Ո՞ւմ պարզ չէ տակավին, որ ընտրություն կատարել այս թիմից, նշանակում է ընտրություն կատարել կա'մ բյուջե յուրացնող հանցագործներից, կա'մ ոչ այնքան դրվատելի ճանապարհով հարստանալ ձգտող ճարպիկներից: Ընդունենք, որ ՀՀԿ-ն նույնիսկ իր ամենակոշմարային երազում չէր ցանկանա այս վիճակում հայտնվել: Մնում է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի վրա դրսից են գալիս այս ճնշումները, և դեռ պարզ չէ՝ ի՞նչ նոր փորձությունների առաջ է կանգնելու նախագահը, եթե ճիշտ հետևություններ չանի արդեն եղածի պայմաններում:
Մեզ առավել հավանական է թվում այն տարբերակը, որ ճնշումները հիմնականում գալիս են Ռուսաստանից և այդ կերպ մեր «ռազմավարական» գործընկերը ցանկանում է Եվրոպային ցույց տալ Հայաստանի «իրական դեմքը»` կոռուպցիայի մեջ թաղված երկիր, որի վարչապետը, ի լրումն, նույնիսկ միջազգային մասշտաբների ապօրինությունների մեջ է հայտնվել: Իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտնի հայտարարությունը ԼՂՀ ստատուս քվոյի անընդունելիության, ինչպես նաև, իբր կոմերցիոն նկատառումներով, Ադրբեջանին ցուցադրաբար զենք վաճառելու իրողությունն էլ հուշում են, որ կարիք չկա հույս դնել, թե Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը կսահմանափակվեն բացառությամբ Հայաստան-Թուրքիա սահմանի պաշտպանությամբ, եթե «սպառվեն» խաղաղ ճանապարհով ԼՂՀ հարցի կարգավորման հնարավորությունները:
Շատ քաղաքական գործիչներ արդեն նշել են, որ Հայաստանը նոր անկախությունից ի վեր դեռ այսպիսի ծանր կացության մեջ չի եղել: Եվ նրանք իրավացի են: Ո՞ւր է Մինսկի խումբը, որ մինչ այս հավասարակշռություն էր պահպանում տարածաշրջանում: Օրումեջ գալիս էին Ադրբեջան և Հայաստան, այցելում Ստեփանակերտ: Վե՞րջ: Ձե՞ռք քաշեցին այդ անիմաստ գնալ-գալուց: Իսկ գուցե այդ կերպ փորձում են ձերբազատվել Ռուսաստանի կարծիքից և շարունակել արաբական գարունով ծայր առած իրենց առաջխաղացումը դեպի Հարավային Կովկա՞ս: Հետևաբար, ինչո՞ւ զարմանալ, երբ Ռուսաստանը դիմադրում է դրան և փորձում է հասկացնել, որ այստեղ հարցերը ինքն է տալիս: Հայաստանը պետք է վճռահատում կատարի՝ կա'մ ընտրում է Վրաստանի ուղին և Ռուսաստանից մի լավ դաս ստանալուց հետո Իվանյան ազգանունով մեկին բերում իշխանության, կա'մ, հույսը դրած հայ-թուրքական սահմանը պահպանող ռուս գեներալների վրա, լայն ճակատով կանգնում արաբական գարունների ճանապարհին՝ բնականաբար, որպես խոչընդոտ:
Այս վիճակում մտածել, որ իշխանությունները մի բան էլ «պրիյոմնիկ-պրիյոմնիկ» են խաղում՝ նույնիսկ ծիծաղելի է: Երևի շատ ավելի տրամաբանական կլինի ասել, որ ՀՀ իշխանությունները, տենդագին, նոր փորձանքներից հեռու մնալու ելք են որոնում: Մասնավորապես՝ ինչպես չանել քայլեր, որոնք ավելորդ տեղը կընդգծեն ՀՀ նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը: Մեր կարծիքով՝ այդպիսի մի ելք էլ ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրությունները չպահելն է: Դրանք այս իրավիճակում ռուսական ցուլի համար կարմիր թաշկինակի էֆեկտ են ստեղծում: Ռուսաստանի համար սիրուն չի, ինչպես ասում են, երբ Թուրքիան իր վարած քաղաքականությամբ փակում է արևմտյան արժեքների առաջխաղացոմը դեպի տարածաշրջան, իսկ Հայաստանը դեռ գտնվում է Արևմուտքի հետ սահմանները բացելու անուրջների մեջ:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: