Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանը, ստանձնելով Եվրոպայի խորհրդի նախագահությունը, շարունակում է իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխան ծրագրեր:
Նմանօրինակ մի ծրագրի սկիզբն էլ տրվեց այսօր. «Էրեբունի Պլազայում» տեղի ունեցավ «Ազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը' եվրոպական ստանդարտներին համաձայն» ծրագրի շնորհանդեսը:
Ծրագրի նպատակն է հայաստանյան բանտային համակարգը համապատասխանեցնել եվրոպական բանտային կանոններին և Եվրոպայի խորհրդի այլ հանձնարարականներին, մասնավորապես` ԵԽ պրոբացիոն կանոններին, խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի չափորոշիչներին, ՄԻԵԴ-ի նախադեպերին:
Ծրագրի բյուջեն, որը կազմում է 300 հազար եվրո, տրամադրել է Նորվեգիայի կառավարությունը: Այն տևելու է մեկ տարի և նախատեսվում է ավարտին հասցենել 2014թ. մայիսի 1-ին:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլուկի խոսքով` այս ծրագրով իրենք նպատակ ունեն աջակցել Հայաստանին Մարդու իրավունքների զարգացման գործում: Պավլուկն ակնկալում է սերտ համագործակցություն շահագրգիռ մարմինների, այդ թվում` քրեակատարողական հիմնարկների և դատախազության հետ:
Եվրոպայի խորհրդի Քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժինը ներկայացնող Տանյա Ռակուշիչ-Հաջիչը, ներկայացնելով ծրագրի նախապատմությունը, նշեց, որ Հայաստանում այլընտրանքային պատիժ սահմանող օրենքներ կան, բայց դրանք քիչ են կիրառվում: «Հասարակությունը պետք է գիտակցի, որ բանտերը միայն իրական հանցագործների տեղն են, իսկ թեթև հանցանքներ կատարածների կամ անչափահասների նկատմամբ պետք է կիրառվեն այլընտրանքային պատիժներ»,- ասաց նա և հավելեց, որ մեր երկրում գործող այլընտրանքային պատիժները` տուգանքը, պատժից վաղաժամկետ պայմանական ազատազրկումը և այլն, պետք է վերանայվեն:
Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ Վճռաբեկ քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Նրա խոսքով` քաղաքացիական հասարակություն ունեցող երկրի համար կարևոր է քրեակատարողական հիմնարկների համապատասխանությունը միջազգային ստանդարտներին, իսկ Հայաստանն այլընտրանքային պատժամիջոցներ կիրառելու գործում դեռ անելիքներ ունի: Անդրադառնալով բանտերի գերբեռնվածության խնդրին` Ավետիսյանն առաջարկեց իրագործել մասնավոր բանտերի գաղափարը:
Իսկ ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանի խոսքով` պետք է նոր միջոցներ մշակվեն քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու համար:
Նշենք, որ այս ծրագիրը ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրերի մի մասն է, որի վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվել է անցյալ տարի Հայաստանի ԱԳՆ-ի և Եվրոպայի խորհրդի միջև: