կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-06-28 16:25
Առանց Կատեգորիա

Հայաստանը գտել է ԵՄ-ից հրաժարվելու առիթը

Հայաստանը գտել է ԵՄ-ից հրաժարվելու առիթը

Լեհաստանում Բրոնիսլավ Կոմարովսկու հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Վարշավայում էր գտնվում պաշտոնական այցով, հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որը եզրափակվում էր հետևյալ կերպ. «Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա և ԵՄ մաքսային միության անդամ է, մեր անկախության առաջին իսկ օրերից փակել է մեր սահմանը և հրաժարվում է 21-րդ դարում հարևանների միջև այդքան առօրեական համարվող հարաբերություններից: Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցքն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միևնույն ժամանակ Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ: Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք և հստակ գնահատական»:

 

Այս հայտարարությունը Երևանում ընկալվեց իբրև հայ-թուրքական հարաբերությունների բացակայության վրա ուշադրություն հրավիրելու հերթական քայլ և այդ պատճառով առանձնակի ուշադրության չարժանացավ: Մինչդեռ դրանով Սերժ Սարգսյանը բոլորովին այլ ուղերձ էր հղում Եվրամիությանը: ՀՀ նախագահը պատահական չհիշատակեց, որ Թուրքիան ևս ԵՄ մաքսային միության անդամ է, որին ինտեգրվելուն է ուղղված նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև նախաստորագրման նախապատրաստվող Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը: Սերժ Սարգսյանը, փաստորեն, ակնարկեց, որ քանի դեռ հայ-թուքական սահմանը բաց չէ, Հայաստանը և Եվրամիությունը մաքսային ընդհանուր տարածքի մեջ չեն կարող լինել, այսինքն` այդ համաձայնագրի ստորագրումը որևէ գործնական հետևանք ունենալ չի կարող: Եվ որպեսզի այդ խոչընդոտը վերանա, ըստ Սերժ Սարգսյանի հայտարարության ենթատեքստի, Եվրամիությունն առաջին հերթին պետք է ազդի Թուրքիայի վրա:

 

Սա չափազանց հետաքրքրական դիտարկում է: Խնդիրն այն է, որ առ այսօր Հայաստանի իշխանությունները հենց ընդհանուր սահմանի բացակայության իրողությունն էին պատճառաբանում Եվրասիական միության կորիզի դեր կատարող Ռուսաստան-Ղազախստան-Բելառուս Մաքսային միությանը միանալու` Մոսկվայի ճնշումներին դիմակայելիս: Մոտավորապես երկու տարի շարունակ այս գաղափարը հասունացվում էր թե' հանրապետության նախագահի և թե' վարչապետի մակարդակներով, ինչը, ի վերջո, հանգեցրեց նրան, որ Մոսկվան բավարար համարեց գոնե ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության հուշագրի ստորագրումը: Հիմա, փաստորեն, նույն պատճառաբանությունը Հայաստանը չափազանց զգուշավոր կերպով փորձում է բերել արդեն ԵՄ-ի հետ իր հարաբերությունների տիրույթ` հիմնվելով Թուրքիայի կողմից փաստացի ԵՄ մաքսային միության սահմանը փակ պահելու իրողությամբ: Եթե փորձենք վերծանել նախագահի դիվանագիտական այս «մեսիջը», ապա նա մոտավորապես ասում էր հետևյալը` քանի դեռ Հայաստանը և ԵՄ Մաքսային միությունն ընդհանուր սահման չունեն, թերևս իմաստ չունի նման ինտեգրացիոն համաձայնագրերին միանալ: Այսպիսով, փաստորեն, Սերժ Սարգսյանը հասկացնում է, որ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում եվրաինտեգրացիոն գործընթացները կարող են խափանվել, եթե Հայաստանը տեսնի, որ ԵՄ մաքսային միության հետ սահմանի փակ լինելու պատճառով եվրոպական շուկաները շարունակում են մնալ անհասանելի: Բայց քանի որ դրանում արդեն Հայաստանը որևէ դերակատարում ունենալ չի կարող, նշանակում է, որ գործընթացի հնարավոր տապալման պատասխանատվությունը ՀՀ իշխանությունները դնում են Բրյուսելի վրա: Կա'մ ԵՄ-ն ստիպում է Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանները, ինչն անելը Բրյուսելի համար այս պահին գործնականում անհնար է` հաշվի առնելով նրանց ներկայիս գերլարված հարաբերությունները, կա'մ Եվրոպայում պետք է համակերպվեն Արևելյան գործընկերության ծրագրի միջոցով Հայաստանին Եվրոպա «տանելու» գործընթացի տապալման հնարավոր հեռանկարի հետ:

 

Խիստ ուշագրավ է, որ Վարշավայից վերադառնալուց հետո հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը Հանրային հեռուստաընկերությամբ մի քանի անգամ հատուկ ընդգծեց, որ Հայաստանը բարեհաջող կերպով ավարտել է ԵՄ-ի հետ Ասոցացման և Խոր, համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի նախաստորագրման համար անհրաժեշտ բոլոր յոթ փուլերում իր պարտավորությունները: Դրանով նա անուղղակորեն հասկացնում էր, որ Հայաստանից, ըստ էության, այլևս ոչինչ կախված չէ: Այս գաղափարը Հովհաննես Սահակյանը զարգացրել է նաև նույն օրը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում: Պարզ է, որ սա հստակ և ուղղորդված տեղեկատվական քաղաքականության դրսևորում է:

 

Վարշավայում Սերժ Սարգսյանը նաև հատուկ ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ ուղղված որևէ քայլ չի անելու` ոչ միայն այն պատճառով, որ երկու երկրներն ունեն մշակութային, պատմական ու ռազմավարական սերտ կապեր, այլև որովհետև այդ երկրում է ապրում մոտ 1.5 մլն հայություն: Այլ կերպ ասած` Հայաստանը եվրոպացի իր գործընկերներին հասկացնում է, որ Ռուսաստանի և նրա պահանջների գործոնը, բոլոր դեպքերում, շրջանցել հնարավոր չի լինելու: Եվ եթե ձեռնտու չէ «և, և»-ի, այսինքն` թե' ԵՄ-ի մաքսային ու տնտեսական տարածքին և թե' Ռուսաստանի հոգեզավակ Մաքսային միությանը Հայաստանի միաժամանակյա ինտեգրման տարբերակը, ապա, կներեք, ավելին Հայաստանից սպասել այս պահին հնարավոր չէ:

 

Ըստ ամենայնի` պաշտոնական այցով Լեհաստան մեկնելու հիմնական իմաստը Սերժ Սարգսյանի համար հենց այս հստակեցնող մոտեցումներն ու կողմնորոշումն արտահայտելն էր: Իսկ Վարշավայից ավելի ճիշտ տեղ դժվար էր ընտրել, որովհետև Արևելյան գործընկերության ծրագրի իրականացման գեներատորի դերն ի սկզբանե կատարում էր Լեհաստանը: Հետևաբար` պետք է ենթադրել, որ հատկապես Վարշավայից նման ուղերձների նպատակը դրանք ավելի արագ ու ավելի ցավոտ տեղ հասցնելն էր, ինչը, կարծես, ստացվեց, եթե հաշվի առնենք այդ ասուլիսի ընթացքում նախագահ Կոմարովսկու արտահայտած այն ռեպլիկը, թե «և, և» տարբերակի մասին խոսք լինել չի կարող:

 

Այսպիսով` կարելի է ասել` Հայաստանը հող է նախապատրաստում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման պրոցեսից նվազագույն կորուստներով նահանջելու համար: Բայց փորձ է արվում դա անել այնպես, որ գործընթացի տապալման պատասխանատվության բեռը Հայաստանի վրա չընկնի: Հարցն այն է, թե արդյո՞ք այս խայծը Բրյուսելում կուլ կտան: Եթե վերջնականապես հաստատվի, որ Հայաստանը կտրուկ փոխում է արտաքին քաղաքականության վեկտորները` թեկուզ զինտեխնիկայի հսկայական խմբաքանակն Ադրբեջանին վաճառելու տեսքով Ռուսաստանից ապտակ ստանալով պայմանավորված, ապա թե' Սերժ Սարգսյանի, թե' կառավարության համար ծանրագույն շրջան է սկսվում: Իսկ թե ի՞նչ հետևանքներ դա կարող ունենալ Հայաստանի և, առանձին վերցրած, իշխանությունների համար, խոսակցության բոլորովին այն թեմա է:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ