Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Yerkir.am-ի խնդրանքով անդրադառնալով վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալին, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ հիմնական հարցն այն, թե արդյո՞ք կա նման բան, թե՞ոչ:
Մեր պետական կառավարման համակարգի այսօրվա իրավիճակում, իրավապահ մարմինների այսօրվա վստահության աստիճանի պարագայում, ըստ Վարդայանի, ակնկալել, որ զուտ իրավապահ մարմինների միջոցով կպարզաբանվի խնդիրը, եւ բոլորը դրան կհավատան, անհնար է: Վարդանյանը եւս մեկ անգամ ասաց` ճիշտ կլիներ, որ հարկ եղած դեպքում ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվեր:
«Գիտեք, տարօրինակ բաներ են կատարվում: Ի վերջո, այս բացահայտումը, «մամուլի հրապարակումը» չի եղել երեք տարբեր, իրար հետ կապ չունեցող մարդկանց վերաբերյալ: Աշոտ Սուքիասյանը եւ Նավասարդ Կճոյանը խաչքավոր են, եւ ինչպես Նավասարդ Կճոյանն է իր հարցազրույցում նշել, բազմաթիվ անգամ միասին ճամփորդել են: Չնայած ես չեմ հասկանում` եկեղեցու խաչքավորները մի՞շտ են այսքան ճամփորդում: Վարչապետը եւ սրբազանը շատ սերտ հարաբերություններ ունեն, որքան տեղյակ եմ` սրբազանը վարչապետի երեխաներից մեկի կամ մի քանիսի քավորն է: Այսինքն` կառուցվել է մի շղթա, որոնք առնչություններ ունեն իրար հետ»,- նշեց Վարդանյանը եւ տարօրինակ ու անհասկանալի որակեց սրբազանի` «Արմենպրեսին» տված վերջին հարցազրույցը: Նրա համար անհասկանալի է, թե ինչու հենց «Արմենպրես»-ով տարածվեց Կճոյանի հարցազրույցը:
«Ինձ համար նաեւ պարզ չէ` այդ հարցազրույցը մանրամասն մշակվե՞լ է, թե՞ հենց սրբազանի հարցազրույցն է, որովհետեւ իր նախորդ հարցազրույցներից տարբերվում է: Կարծում եմ` եկեղեցին, կաթողիկոսը իր դիրքորոշումը հստակ պետք է արտահայտի»,- նշեց պատգամավորը եւ հնարավոր ելք համարեց, որ վարչապետը ժամանակավոր արձակուրդի մեկնի:
Օֆշորային այս պատմությունը, Վարդանյանի կարծիքով, համապետական խնդիր է եւ պետք է մինչեւ վերջ լինի պարզաբանված, այլապես` մենք հերթական մի ականն ենք դնելու մեր պետականության հիմքերում եւ կանգնելու ենք ազգային անվտանգության խնդրի առջեւ: Վարչապետի հրաժարականի վերաբերյալ դատողություններ անել ՀՅԴ-ական պատգամավորը չցանկացավ` նշելով, որ այլ կարգի երկրներում, սրա մեկ տասներորդականն էլ բավարար էր, որ վարչապետը հրաժարական տար: Վարչապետի հրաժարականը Վարդանյանն, այդուհանդերձ, իրատեսական չհամարեց: