կարևոր
5137 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-20 18:57
Քաղաքական

Ասել, որ հանրաքվեով ԵՄ անդամակցության հարց ենք լուծում, իրատեսական չէ․ Գոհար Մելոյան

«Հաճելի կլիներ, որ օրակարգում ունենայինք ԵՄ անդամակցության հարց, բայց դա մեկ կողմի, մեկ պետության բարի կամքի թելադրանքով չի լինում․ երկկողմանի պայմանավորված գործընթաց է, իսկ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարութուններից նման եզրակացություն չենք կարող անել, և չենք կարող ասել, որ իրենց սեղանին դրված է  ՀՀ անդամագրման հարցը»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Ասել, որ հանրաքվեով ԵՄ անդամակցության հարց ենք լուծում, իրատեսական չէ»,-վստահեցրեց սահմանադրագետը։
 

Հիշեցնենք, որ վաղը ԱԺ-ում նախատեսված են լսումներ՝ «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու» թեմայով։ Մինչ այդ, իշխանամերձ ուժերը հայտարարություններ են տարածել ու կոչ արել Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անել։

Հետաքրքիր զուգադիպությամբ օրեր առաջ , Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Ներքին Հանդ, Ծավ, Շուռնուխ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանն ասել էր․ «Եթե տարածքների փոխանակման հարց ծագի, միայն՝ հանրաքվեով և ձեր ցանկությամբ»։

Մեր զրուցակցից նաև այս զուգադիպության մասին ենք հետաքրքրվել։

Նաև նշենք, որ երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Բագրատ Սրբազանն անդրադառնալով թեմային ասել է․ «ԵՄ-ին անդամագրվելն այս պահին անիրատեսական է խորքային և գործընթացների իմաստով։ Միգուցե ինչ-որ ժամանակ հնարավոր լինի, բայց դա չափազանց ծանր, դժվար, պահանջներով գործընթաց է։ Ի՞նչ են ուզում, ԵՄ մուտքը ինչպե՞ս են ուզում ներկայացնել։ Ժողովրդին ասելու են՝ այս գործընթացին համաձայնվեցիք, ազատ վիզա եք ստանալու Եվրոպա գնալ-գալու համար։ Այդ պրիմիտիվիզմի աստիճանի են իջեցնելու։  Եվրոպա ազատ ելումուտի անվան տակ խաբելու են ժողովրդին, փորձելու են իրականացնել Սահամանադրության փոփոխություն, անկախության հռչակագրից հրաժարում և այլն»,-ասելէ  Բագրատ Սրբազանը։