կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-25 19:00
Առանց Կատեգորիա

Հայաստանի` ''ագրեսոր'' դառնալու ճանապարհին

Հայաստանի` ''ագրեսոր'' դառնալու ճանապարհին

Հայտնի է, որ Հայաստանը ստանձնել է ԵԽ Նախարարների խորհրդի նախագահությունը: Ինքնին այս կառույցի նախագահության ստանձնումը Հայաստանին, ինչպես նաև որևէ այլ պետության, քաղաքական լուրջ դիվիդենդներ չի տալիս և ավելի շատ ունի սիմվոլիկ նշանակություն: Սակայն ադրբեջանական դիվանագիտությունն անգամ այդ պարագայում փորձում է իր համար կրակից շագանակներ հանել:

 

ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի նախագահությունը Նախարարների կոմիտեում» վերնագրով մի փաստաթուղթ, որով եվրոպական մի շարք երկրների 3 տասնյակից ավելի ներկայացուցիչներ, զարգացնելով այն միտքը, թե Հայաստանը միջազգային մի շարք բանաձևերում բնութագրվում է որպես «ագրեսոր պետություն», որը հակադրվում է միջազգային, այդ թվում` նաև ԵԽԽՎ-ի հիմնարար սկզբունքներին, առաջ է քաշում ԵԽ Նախարարների խորհրդի նախագահությունը նրան հանձնելու նպատակահարմարության հարցը: Ավելին` հեղինակները փաստաթուղթը ներկայացրել են խնդիրը քննարկման առարկա դարձնելու և դրա հիման վրա ԵԽԽՎ զեկույց պատրաստելու առաջարկությամբ: Նախաձեռնության ետևում ակնհայտորեն ուրվագծվում են Ադրբեջանի երկար ականջները:

 

Անհերքելի փաստ է, որ Բաքուն վաղուց արդեն ԵԽԽՎ-ն վերածել է իր հիմնական քարոզչական գործիքի, որտեղ հայկական կողմն ընդամենը արձագանքողի համեստ դեր է ստանձնել` տանուլ տալով դիրքային պայքարը: Առաջին անգամը չէ, որ փորձ է արվում ամենատարբեր ձևաչափերով ԼՂ հիմնահարցը տեղափոխել կամ քննարկման առարկա դարձնել ԵԽԽՎ-ի շրջանակում` ամեն գնով ձեռք բերելու համար Հայաստանին «ագրեսոր» որակող` քիչ, թե շատ ծանրակշիռ որևէ փաստաթուղթ` զեկույց, հայտարարություն կամ բանաձև:

 

Չնայած համառ փորձերին` հայկական կողմին այդպես էլ չի հաջողվում վերջնականապես թաղել ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով տխրահռչակ հանձնաժողովը: Ընդամենը օրեր առաջ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը հայտարարեց, թե մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ կազմակերպել ԼՂ հիմնահարցին նվիրված քննարկում և անձամբ մասնակցել դրան: Հետաքրքրականն այն է, որ Մինյոնն այս նախաձեռնության մասին հայտարարում է` հրաշալի տեղյակ լինելով դրա նկատմամբ հայկական կողմի միանշանակ բացասական, մերժողական տրամադրվածության մասին: Եվ պատճառաբանելով այն իրողությունը, որ ԵԽԽՎ-ում շրջանառվող նման մակարդակի փաստաթղթերը չեն կարող իրավական ուժ ունենալ ու համապատասխան հետևանքներ ենթադրել, Հայաստանում լրիվ օրինաչափ ու բնական են ընդունում իրենց հասցեին տրվող` «ագրեսոր» պիտակավորումը: Մինչդեռ նման մոտեցումը, դուրս գալով ԵԽ-ի շրջանակից, միջազգային հանրության մոտ աստիճանաբար վերածվում է կարծրատիպի:

 

Ընդամենը օրեր առաջ Հյուսիսային Իռլանդիայի Էնիսկիլեն քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կողմից ԼՂ հիմնահարցի կապակցությամբ ընդունված համատեղ հայտարարության մեջ իբրև հակամարտող կողմեր էին ներկայացվում Ադրբեջանը և Հայաստանը: Եթե նկատի ունենանք, որ արդեն 5-րդ անգամ է նման ֆորմատով գրեթե նույնաբովանդակ հայտարարություն ընդունվում, ակնհայտ է դառնում, որ արդեն վաղուց միջնորդ երկրների համար գոյություն ունի հակամարտության երկու կողմ, իսկ ԼՂՀ-ն հակամարտության սուբյեկտից վերածվել է օբյեկտի: Այս տեսանկյունից հակամարտությունն այլ կերպ, քան տարածքային վեճ, Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություն, չի կարող ընկալվել դրսում: Ահա թե ինչու է ԵԽԽՎ-ում ադրբեջանական դիվանագիտությունը հետևողականորեն զարգացնում Հայաստանի` իբրև ագրեսորի, ադրբեջանական տարածքները անեքսիայի ենթարկած պետություն լինելու թեզը, որը, հաշվի առնելով վերոնշյալ փաստաթուղթը ստորագրած պատգամավորների քանակը, գնալով ավելի լայն ընկալում է գտնում ԵԽ-ում:

 

«Ռեգնում» գործակալությունը, այսօր հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Ասքերովին, տեղեկացնում է, որ 2014թ. հունվարին վերսկսվելու է դեռևս 2010-ից ՄԻԵԴ-ում գտնվող «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» դատական գործընթացը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Լաչինի շրջանի նախկին 6 բնակիչների` ՄԻԵԴ-ին ուղղված համատեղ հայցադիմումին, որով նրանք պահանջում են Հայաստանին պատասխանատվության ենթարկել իրենց սեփականոթունը տնօրինելու և տիրապետելու իրավունքից զրկելու համար և փոխհատուցել ինչպես իրենց, այնպես էլ մյուս բռնագաղթածների կրած բարոյական ու նյութական վնասները: ՄԻԵԴ-ը 2012-ին այն ընդունել է վարույթ, սակայն դրանից հետո պրոցեսը սառեցվել էր, ըստ ամենայնի` այդ ընթացքում ակտիվացած բանակցային գործընթացին չխոչընդոտելու համար: Բայց ահա, ինչպես կարելի է հասկանալ, ՄԻԵԴ-ը կրկին որոշել է ընթացք տալ այս գործին, ինչը, բնականաբար, ավելի շատ քաղաքական որոշում է: Իհարկե, նույնատիպ պահանջներով ՄԻԵԴ-ին դիմել են Ադրբեջանից, նախկին ԼՂԻՄ-ից, հարևան երկրի կողմից գրավված հայկական գյուղերից բռնագաղթած հայեր, որոնց թիվը հասնում է մի քանի հարյուրի: Սակայն «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի առանձնահատկությունն այն է, որ հայցվորները, լինելով ներկայումս ԼՂՀ-ի վարչական տարածքի մասը համարվող Լաչինի նախկին բնակիչներ, փոխհատուցում են պահանջում ոչ թե Ղարաբաղից, այլ Հայաստանից: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նպատակը Հայաստանից նյութական փոխհատուցում ստանալը չէ: Եթե ՄԻԵԴ-ը բավարարի այս հայցը, ապա դրանով Բաքվին իրավական հիմքեր է տալու` պնդելու, որ Լաչինը, մյուս շրջանների հետ միասին, անեքսիայի է ենթարկել հենց Հայաստանը: Այսինքն` դրանով Ադրբեջանը փորձում է իրավական հենք ստեղծել Հայաստանի` ագրեսոր լինելը ապացուցելու համար: Եվ կարելի է գրեթե չկասկածել, որ Բաքվի համար, գործի դրական հանգուցալուծման պարագայում, ՄԻԵԴ-ի այդ վճիռը փորձ է արվելու տրանսֆորմացնել միջազգային տարբեր կառույցներում` ՄԱԿ-ում, Եվրախորհրդարանում, ԵԽ-ում և այլն, ընդգրկել հակամարտությանը վերաբերող փաստաթղթերում ու բանաձևերում, այն դնել բուն բանակցությունների առանցքում:

 

Հիմնական խնդիրը, որ դրանով փորձելու է լուծել Բաքուն, որևէ փուլում բանակցություններին ղարաբաղյան կողմի միանալու հնարավորության չեզոքացումն է: Ադրբեջանը փորձում է մինչև վերջին կաթիլը օգուտ քամել ԼՂՀ-ին բանակցություններից մեկուսացնելու հարցում Հայաստանի թույլ տված ռազմավարական սխալից: Մինչդեռ Ադրբեջանի այս քաղաքականությանն առայժմ ոչինչ հայկական կողմը չի հակադրում: Առավելագույնը, ինչ արվում է, ԼՂ հարցով արվող հայտարարություններին ԼՂՀ արտգործնախարարության մակարդակով արձագանքնելն է, ինչն անհրաժեշտ, բայց ակնհայտորեն չբավարարող քայլ է: Յուրաքանչյուր անգամ, երբ ՀՀ արտգործնախարարը ինքնագոհ հայտարարում է այն մասին, որ հայկական կողմը լիովին համաձայն է միջնորդների կողմից արվող հիմնական շեշտադրումներին ու ակնկալիքներին, իրականում ընդամենը ԼՂՀ-ին ավելի ու ավելի է հեռացնում բանակցություններից:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ