Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168.am-ը գրում է. Գործակալների, լրտեսների մասին պատմությունները հատկապես Հայաստանի նման երկրներում մշտապես արդիական են ու արդյունավետ ամենատարբեր խնդիրների լուծման համար։
Այդ մեղադրանքներն ամենաշատն ուղղվում են իշխանություններին՝ ինչպես ընդհանրության մեջ, այնպես էլ՝ անհատապես։
Հատկապես 2020 թ. ողբերգական պատերազմից հետո ու դրան հաջորդող շրջանում Հայաստանի իշխանության գործելաոճի պատճառով այդ մեղադրանքները, մեղմ ասած, այնքան էլ մերկապարանոց ու հիմնազուրկ չեն։ Բայց գործակալ լինելու մեջ մեղադրվող իշխանությունն ինքն էլ լրտեսության մասին պատումներն արդյունավետորեն օգտագործում է՝ ներքին խնդիրներ լուծելու, հակառակորդներին թիրախավորելու ու ամենակարևորը՝ հասարակության տարանջատումը խորացնելու նպատակով։
«5-րդ շարասյուն» արտահայտությունը երևի Նիկոլ Փաշինյանի կողմից ամենահաճախ օգտագործվողներից է։ Հատկապես այն դեպքերում, երբ նրա դիրքերը ներքաղաքական դաշտում սկսում են փոքր-ինչ երերալ, Փաշինյանն անմիջապես դիմում է փորձված մեթոդին՝ ում որ տվյալ պահին անհրաժեշտ է՝ հռչակելով որպես «5-րդ շարասյան» ներկայացուցիչ։
Այս գործակալապատումը, սակայն, միայն քարոզչական հնարք չէ, և իբրև թե գործակալների դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանն իրականում ինքն է զբաղված Հայաստանում լայն գործակալական ցանց ձևավորելով։
Խոսքը ոչ թե ուղղակիորեն գործակալների հավաքագրման, լրտեսների ցուցակավորման, այլ գործակալությունը՝ գաղտնի հայտնելու ինստիտուտը որպես հանրային կացութաձև ներդնելու նրա քայլերի մասին է։
Գրեթե բոլոր ոլորտներում՝ դատական իշխանությունից մինչ քաղծառայության համակարգ, ոստիկանությունից մինչև դատախազություն, ներդրվել են «բարեվարքության» զանազան կանոններ։ Դրանց մասին դասախոսությունները գեղեցիկ են հնչում դրամաշնորհային միջոցներով կազմակերպված սեմինարների ժամանակ, բայց գործնականում այդ ինստիտուտները՝ անգամ ենթագիտակցական մակարդակում, արմատավորում են «գաղտնի տեղեկացնելու» ու դրա միջոցով որևէ պահանջմունք բավարարելու պրակտիկան։
Ոստիկանը համապատասխան մարմնին է հայտնում գործընկերոջ «անբարեվարքության» մասին, նույնը կարող է անել դատավորը կամ նախարարության աշխատակիցը։ Հանրության ավելի լայն շերտերի համար նույն մեխանիզմը ներդրվել է այլ փաթեթավորմամբ՝ ի դեմս «գործուն զղջման» ինստիտուտի, որը հնարավորություն է տալիս անգամ որոշ ծանր հանցագործությունների դեպքում «գործուն զղջալ», իմա՝ համագործակցել քննչական մարմինների հետ և ազատվել պատժից։
Որոշակի առանձնահատկություններով, սակայն համանման մի մեխանիզմ էլ իշխանությունները ցանկանում են ներդնել նաև Զանգվածային լրատվության միջոցների մասին նոր օրենսդրությամբ, որն անխուսափելիորեն հանգեցնելու է լրագրողական համքարության պառակտմանը, բաժանարար գծերի առաջացմանը։
Նման նախաձեռնությունները՝ առանձին-առանձին, գուցե ոչ միայն մտահոգիչ չեն, այլև անգամ գրավիչ են թվում։
Բայց ընդհանրության մեջ դրանք նպաստելու են մի իրականության ձևավորման, որում բոլորը կասկածում են բոլորին, ոչ մեկը չի վստահում մյուսին, և որպես հետևանք՝ բոլորը վախենում են «Մեծ եղբորից»։
Սա դասական ավտորիտար ռեժիմներին բնորոշ համակարգ է, որը Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ձևավորում է «ժողովրդավարության բաստիոնի» մասին հռչակումների անվան տակ։
Իրական ժողովրդավարություններում իշխանությունը, պաշտոնյաներն են հանդես գալիս որպես հասարակության գործակալներ՝ բառի ոչ թե դավադրապաշտական, այլ գործառութային իմաստով՝ իրականացնելով հանրության պատվիրակած լիազորությունները։
Ավտորիտար բովանդակությամբ իմիտացիոն ժողովրդավարություններում, ինչպիսին Հայաստանն է, հասարակության մեծ թվով անդամներ՝ անգամ առանց գիտակցելու դա, վերածվում են իշխանության գործակալների՝ ի թիվս բազմաթիվ այլ տհաճ հետևանքների՝ բացառելով նաև հանրային համախմբման, հասարակական մոբիլիզացիայի հնարավորությունը, որից ամենաշատն է վախենում նույն այդ իշխանությունը։