Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2013 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Քննարկվել է նաև Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա` հունիսի 29-ի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ծրագիրը:
Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձն ապահովելու հարցում Ադրբեջանը շարունակում է ցուցաբերել ոչ կառուցողական մոտեցում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ամփոփիչ խոսքում կարևորել է հանձնաժողովի կատարած աշխատանքները և տվել մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար: