կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-02 12:12
Քաղաքական

ՀՀ նախագահը գերիներին վերադարձնելու հարցում անելիք ունի և շատ․ Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահը գերիներին վերադարձնելու հարցում անելիք ունի և շատ․ Վահագն Խաչատուրյան

Նախագահի ինստիտուտը ներկայանալի է շատ տեղերում․ միջազգային հարթակներում կամ առանձին պետությունների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում նա պարտավոր է գերիների հարցը բարձրացնել․ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե ո՞րն է նախագահի դերը գերիների վերադարձնելու հարցում։

«Ճիշտ եք նկատում, որ 90-ականներին այս խնդրի առջև կանգնած էինք, և դրան կարելի է ավելացնել անհետ կորածներին։ Եվ միշտ խնդրահարույց է եղել այն առումով, որ հստակ լուծումներ չկան, առավել ևս, որ դրանք պետք է լինեն բանակցությունների արդյունքում, և այդ բանակցությունների արդյունքում դիմացինի նպատակները պետք է հասկանալ։ Գիտեմ, որ ամենօրյա ուշադրության կենտրոնում է, Կառավարության և Կառավարության համապատասխան պատասխանատուները ամբողջ օրվա ընթացքում բոլոր հնարավոր մեթոդներով փորձում են մեր գերիներին վերադարձնել։ Ես կարող եմ ասել, որ Հանրապետության նախագահը այնտեղ իր անելիքն ունի։ Այդ անելիքը պետք է միացվի այն ամբողջ անելիքներին, որ արվում է այսօր։ Այդ ինստիտուտը կարող է օգտակար լինել։ Այդ ինստիտուտը ներկայանալի է շատ տեղերում․ միջազգային հարթակներում կամ առանձին պետությունների ղեկավարների հանդիպումների ընթացքում նախագահը պարտավոր է ուղղակի այդ հարցը բարձրացնել»,- ասաց Խաչատուրյանը։

Նա անհրաժեշտ է համարում օգտագործել նախագահի ինստիտուտի հնարավորությունները և օր առաջ գերիների խնդիրը լուծել։

«Կարող եմ ասել, որ եթե պետության ինստիտուտները համատեղ աշխատում են՝ լինի Կառավարություն, Ազգային ժողով, թե՝ նախագահ, և իրենց գործողությունները համակարգվում են, առավել ևս՝ այդպիսի զգայուն թեմայի հետ կապված, դա իր արդյունքը կտա, որովհետև նույն 90-ականներին սկզբնական շրջանում որոշակի խնդիրներ ունեինք՝ համագործակցության բացակայություն կար։ Այն մարդիկ, ովքեր 90-ականներին աշխատել են պետական համակարգում, իրենք էլ տեղյակ են, որ այդ աշխատանքը պահանջում է համակարգվածություն, մի տեղից ղեկավարում։ Այնպես որ՝ իմ պատասխանը միանշանակ է, որ Հանրապետության նախագահը այդ հարցում անելքի ունի և շատ»,- եզրափակեց Խաչատուրյանը։