|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես և խոստացել էր, հունիսի 3-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` կապված դրանից օրեր առաջ hetq.am-ում տպագրված հայտնի հոդվածի հետ:
Հիշեցնենք, որ ինտերնետային պարբերականն օրերս գրել էր, թե գործարար Փայլակ Հայրապետյանը կանխամտածված սնանկացվել է Կիպրոսում գրանցված օֆշորային «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության միջոցով, որի հիմնադիրների թվում է նաև, ըստ այդ երկրի ընկերությունների ռեգիստի տվյալների, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի և ադամանդի արդյունահանմամբ ու առքուվաճառքով զբաղվող գործարար Աշոտ Սուքիասյանի հետ: «Հետք»-ը նաև տեղեկացրել էր այս ընկերության կողմից հայկական բանկերից մեկն իրականացված տասնյակ միլիոնավոր դոլարների դրամական կասկածելի փոխանցումների մասին, որոնց սխեման շատ նման է փողերի լվացման:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, դատախազությանն է դիմել ոչ թե ուղղակիորեն «Հետք»-ում տպագրված տեղեկատվության իսկությունը պարզելու, իր գնահատմամբ` կեղծիքը բացահայտելու և մեղավորներին պատժելու համար, ինչպես հավաստիացնում էր իր մամուլի քարտուղարի միջոցով ավելի վաղ տարածած պաշտոնական պարզաբանմամբ, այլ պարզելու, թե ով է գրանցել «WLISPERA HOLDINGS LIMITED»-ը, և ինչպես է իր անունը հայտնվել ընկերության բաժնետերերի ցուցակում:
Դատախազությանն այս շեշտադրմամբ դիմելու հանգամանքը վկայում է, որ վարչապետը հրաժարվել է «Հետք»-ին իրավական հետապնդման ենթարկելու անմիջական թիրախ դարձնելու մտքից, ինչը երկու բան է նշանակում: Նախ` ըստ էության, վարչապետն այլևս կասկածի տակ չի դնում հրապարակման մեջ ներկայացված փաստերը իր անունը կիպրոսյան օֆշորային ընկերությանը կապված լինելու հետ: Գործնականում դա հնարավոր էլ չէր, որովհետև տվյալը ոչ թե որևէ մեկի բանավոր կամ գրավոր բամբասանքային հավաստիացում էր, որը հնարավոր լիներ հերքել, այլ պաշտոնական փաստաթուղթ` վերցված Կիպրոսի պետական հաստատությունից: Այն կասկածի տակ դնելը նշանակելու էր կասկածել ոչ թե «Հետք»-ի, այլ հենց Կիպրոսի ընկերությունների պետական ռեգիստրի տվյալներին, ինչն իրեն վարչապետն ուղղակի թույլ տալ չէր կարող: Փաստացի Տիգրան Սարգսյանը ոչ թե «Հետք»-ի հրապարակած տեղեկությունը, այն հայթայթելու ուղղությամբ կատարված հետաքննական գործողություններներն է ոչ իրավաչափ գնահատում, այլ իր անունը տվյալ ընկերության բաժնետերերի ցանկում ներառելը:
Երկրորդ` այդ հանգամանքն ինքնին խնդիրը վարչապետ-«Հետք» տիրույթից տեղափոխում է վարչապետ-«WLISPERA HOLDINGS LIMITED»- Կիպրոսի կառավարություն-բաժնետերեր շղթայի հարթություն: Դատախազության խնդիրը, ըստ այդմ, այս դրվագով ոչ թե դառնալու է «Հետք»-ի գործողություններում հանցակազմ գտնելը, այլ վարչապետի և այդ ընկերության միջև կապի բացահայտումը կամ, որ գրեթե կասկած չի հարուցում, այդ կապի բացառումը: Ըստ էության` Տիգրան Սարգսյանը դիմել է դատախազություն, որպեսզի նրա միջոցով լվանա ձեռքերը, որպեսզի փողերի լվացման հետ կապ ունեցող օֆշորային ընկերության հետ իր առնչությունը հերքվի իրավական դաշտում, այսինքն` վերջնականապես, և կասկածներ չմնան, թե նա բիզնես ունի և չհայտարարագրված եկամտի աղբյուր: Դա ինքնին նշանակում է, որ փոքրանում է «Հետք»-ին, դրա խմբագրակազմին հալածանքների, քաղաքական հետապնդման ենթարկելու հավանականությունը, ինչը չափազանց կարևոր է լրագրության լավագույն արժեքները պահպանող եզակի լրատվամիջոցներից մեկի գործունեության համար արհեստական խոչընդոտներ չստեղծելու առումով: Վարչապետը, թերևս, շուտ հասկացավ, որ նման ցանկացած փորձ միանշանակ ընկալվելու է որպես ազատ մամուլի դեմ ուղղված կոնկրետ գործողություն` դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս իմաստով վարչապետի` նման բովանդակությամբ դիմումը ՀՀ գլխավոր դատախազությանը պետք է առաջին հերթին «Հետք»-ի հաղթանակը համարել, որը, ի դեպ, մինչ այդ էր դիմել իրավապահ մարմիններին` տպագրված հոդվածն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին: Սակայն սա հարցի միայն մեկ կողմն է:
Վարչապետի դիմումի ողջ իմաստը դատախազությանը գործիք դարձնելն է` իր անունը խայտառակությունից փրկելու համար: Մինչդեռ հրապարակման մեջ խոսքը գնում էր ոչ միայն այդ ընկերության հետ վարչապետի ունեցած անմիջական կապի մասին, այլ դրա միջոցով կատարված ֆինանսական «մախինացիաների», որոնց նպատակը եղել է կոնկրետ անձի խաբեությամբ սնանկացնելը: Այս մասով, վարչապետը, չգիտես ինչու, համեստորեն լռում է: Ընդ որում` լռում է ոչ միայն Տիգրան Սարգսյանը, այլ նաև դատախազությունը և ազգային անվտանգության ծառայությունը: Այսինքն` ոչինչ, որ Կիպրոսում գրանցված ինչ-որ ընկերություն կարող է ներգրավված լինել փողերի լվացման հանցագործության մեջ, ոչինչ, որ դրա արդյունքում քաղաքացին կարող է միլիոնավոր դոլարների վնաս կրել, սնանկանալ: Կարևորը, որ հանկարծ դա վարչապետի վրա բիծ չթողնի: Դա նույնն է, եթե, ասենք, ոստիկանությունը տեղեկացվի ինչ-որ բնակարանից կատարված գողության մասին, բայց դրա բացահայտումը թողած` գործողություններ սկսի` ընդամենը ապացուցելու համար, որ այս կամ այն անձը դրա հետ կապ չունի: Ասել, որ սա մյուս գողերին իրենց գործունեությունն ազատ շարունակելու երաշխիք է, նշանակում է չասել ոչինչ:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ
Հ.Գ. Պարզ տրամաբանությունը հուշում է, որ առնվազն դատախազությանը պետք է դիմեին այդ ընկերության մյուս երկու բաժնետերերը ևս` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ու Աշոտ Սուքիասյանը: Թե չէ, ստացվում է, որ այս երկուսը գիտեին` ինչպես է ընկերությունը գրանցվել Կիպրոսում, ինչպես են իրենք կամ վարչապետը հայտնվել դրա բաժնետերերի ցուցակում, կամ հենց իրենք էլ դա արել են` ինքնուրույն, իրականացրել Փայլակ Հայրապետյանի սնանկացումը, իսկ խեղճ վարչապետը` ոչ: Զարմանալի է միայն, թե եթե վարչապետն իսկապես այդքան անմեղ է, ինչո՞ւ, նրա կողմից դատախազություն դիմելուց զատ, պաշտոնական Երևանը դիվանագիտական նոտա չի հղում ինքնագործունեություն թույլ տված կիպրական կողմին: Թե՞ Տիգրան Սարգսյանը ոչ թե Հայաստան պետության վարչապետն է, այլ Սուքիասյան Աշոտի` ադամանդի աֆրիկյան հանքերում աշխատող ինչ-որ բանվոր: