Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք չենք պատրաստվում կոալիցիա կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ մեր ձայնը վճռորոշ չի լինի։ Մենք այլեւս այդպիսի կոալիցիաների մեջ չենք լինի, որտեղ առանց Դաշնակցության կարող են որոշումներ ընդունվել: Սա մեր անցած ճանապարհի գլխավոր գնահատականն է, որը տալիս ենք` մեր ամբողջ ճանապարհը վերլուծելով։ Մենք մնացել ենք այն պատասխանատվության տակ, որի համար ՀՅԴ-ն պատասխանատու չէ, քանի որ չի եղել ամբողջական իշխանություն, բայց ընկալվել է` որպես այդպիսին». ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այս խոսքերը ոմանց մոտ թյուր կարծիք են առաջացրել, թե այս կերպ ՀՅԴ-ն փորձում է տարանջատվել վերջին տասնամյակների իր պատմությունից և խուսափել պատասխանատվությունից: Այդ մարդկանց խորհուրդ կտայի ևս մի քանի անգամ կարդալ Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, որպեսզի կարողանան վերջապես ինքնաքննադատություն ասվածը տարբերել ժողովրդին «քցել-թռնելուց», ինչի անգերազանցելի վարպետներն են իրենք:
«Այս երեք ուժերը (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ,-Էդ.Ա.) պետք է հիշեն հետեւյալը. նրանք լիարժեք ու հավասար պատասխանատվություն են կրում պետական հանցագործության՝ Սահմանադրական կարգի ոչնչացման եւ իշխանության յուրացման համար: Նման հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ: Պատասխանատվությունը արժանապատիվ ստանձնելու փոխարեն չքմեղանալու այդ ողորմելի փորձերը կարող են հետագայում օգտագործվել իրենց իսկ դեմ»,- Արմեն Ռուստամյանի հայտարարության կապակցությամբ գրել է Lragir.am կայքը` չբացահայտելով հրապարակման հեղինակին: Բայց, չնայած այդ կոնսպիրացիային, ողջ աշխարհի ծաղրի առարկա դարձած «սահմանադրական կարգի ոչնչացման եւ իշխանության յուրացման համար» ձևակերպումն ինքնին խոսուն է և հստակ մատնացույց է անում այն «որջը», որտեղ թխվել է խնդրո առարկա հոդվածը: Հասկանալի է` մարդիկ խայտառակվել են «սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը յուրացնելու»` ակնհայտորեն քաղաքական մեղադրանքի համար, Մարտի 1-ի գործը լղոզելով, անորոշության մատնելով, և այդքանից հետո ստիպված են ինչ-որ կերպ արդարանալ ու «պետական հանցագործներ» գտնել բոլորովին այլ տեղերում, միայն թե` ոչ իրենց մեջ:
Չէինք անդրադառնա այս տափակ հրապարակմանը, եթե սա չհամարեինք առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Դաշնակցության դեմ հակաքարոզչություն ծավալելու էժանագին փորձ: Բարեկամաբար խորհուրդ կտայի չգնալ այդ ճանապարհով: Քննադատեք Դաշնակցությանն ինչքան կարող եք, բայց մի' փորձեք 128-ամյա կուսակցությանը վերագրել բաներ, որոնք ուղղակի չեն կարող կապվել նրա հետ: Հիշողությունը ջուր չի դառնում: Մարտի 1-ից 10 տարի է անցել, բայց այսօր էլ բոլորը հիշում են, թե այդ օրերին ինչ էր ասում Դաշնակցությունը և ինչպես էր հակամարտող ուժերի գրասենյակների մոտ պահանջում չգնալ առճակատման ու զերծ մնալ բախումներից: Ո՞վ էր, հանուն խաղաղ հանգուցալուծման, այդ գրասենյակների առաջ աղավնիներ թռցնում երկինք: 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի օրերին ՀՅԴ թեկնածուն իր ելույթներում նախազգուշացնում էր` ամեն ինչ չբաժանել սևի և սպիտակի, խուսափել հնարավոր արյունահեղությունից: Ո՞վ լսեց…
Սեփական պատասխանատվությունը չտեսնել ցանկացողի համար հեշտ է այլ պատասխանատուների մատնանշելը: Բայց, ինչպես միշտ, նման դեպքերում խոսում են փաստերը` ձայնագրություններ, տեսագրություններ, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ: Եվ հանկարծ պարզվում է, որ հրեշտակի թևերով ներկայացողներն են եղել խժդժությունների գեներացման և բախումների հրահրման հիմնական դերակատարները: Եվ այդ ժամանակ, պատկերացրեք, հարց է առաջանում` իսկ ո՞վ պետք է պատասխան տա 10 զոհի պատճառ դառնալուց հետո իշխանությունների հետ երկխոսություն սկսած «հրեշտակների» հանցագործությունների համար:
Կախվածի տանը պարանից խոսելը ճիշտ չէ: Այսօր էլ գնում ենք ընտրությունների, որոնք կարող են վճռորոշ լինել երկրի համար`առաջին հերթին հենց «թավշյա հեղափոխության» արդյունքում տապալված պետական կարգի վերականգնման իմաստով: Զգուշավորությունն այս դեպքում չէր խանգարի մեզ: Հետևաբար, կարիք չկա իշխանության եկած քաղաքական ուժի (ուժերի) գաղափարական սնանկությունը քողարկելու նպատակով բոլոր ԶԼՄ-ներն ուղղել դասական առումով միակ քաղաքական ուժի «սևացմանն» ու ժամանակավրեպ հացկատակների ստեղծած խմբավորումների հետ այդ ուժի նույնացմանը: Կարճ ասած` ձեր եփած հին ու նոր ճաշերը Դաշնակցությունից հեռու կերեք, եթե կարելի է, և հաստատ իմացեք, որ սեփական պատասխանատվության գիտակցման հարցերում էլ Դաշնակցությանը չեք հասնի:
Էդիկ Անդրեասյան