կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-21 16:32
Տնտեսական

Մեղրի և Ագարակ քաղաքներում վառվեց խորհրդանշական կրակը և տրվեց գազամատակարարման մեկնարկը

Մեղրի և Ագարակ քաղաքներում վառվեց  խորհրդանշական կրակը և տրվեց գազամատակարարման մեկնարկը

 Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ քաղաքներում կառուցված գազի բաշխման ցանցի պաշտոնական բացումը։ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցի  օրը վառվեց խորհրդանշական կրակը և տրվեց գազամատակարարման մեկնարկը։

Մեղրի և Ագարակ քաղաքների  գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը հնարավոր եղավ իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետության անմիջական օժանդակության շնորհիվ։ Այդ նպատակով Իրանի կառավարությունը տրամադրեց 2 մլն դոլար դրամաշնորհ։ Իր հերթին Հայաստանի կառավարությունը ստանձնեց տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:

Մեղրի և Ագարակ քաղաքների գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքներն իրականացրեց իրանական Սաներջի ընկերությունը։

Ծրագրի շրջանակներում Մեղրիում անցկացվել են շուրջ 26,5 կմ, իսկ Ագարակում՝ 4,8 կմ երկարությամբ տարբեր ճնշման գազատարներ։ Մեղրի քաղաքի գազամատակարարումն ապահովելու նպատակով կառուցվել է ևս շուրջ 1 կմ երկարությամբ բարձր ճնշման գազատար և գազաբաշխիչ կայան, որը նախատեսված է նաև քաղաքի հարակից բնակավայրերի գազամատակարարման համար։

Մի քանի ամիս տևած աշխատանքներից հետո ծրագիրը հաջողությամբ ավարտվեց։ Արդյունքում՝ ամբողջությամբ գազիֆիկացվել է Մեղրի քաղաքը և Ագարակի մի մասը՝ շուրջ 50 տոկոսը։ 

 

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն