|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Նա՝ պապս, հերոսական կյանք չապրեց, ու մահն էլ հերոսական չեղավ, ինչպես մյուսներինը, նրան թուրքերը չսպանեցին, ինչպես իր պապին, ոչ էլ ռուսները, ինչպես իր հորը:
Երբ ռուսները ֆինների հետ պատերազմ սկսեցին, նա, այսինքն պապս՝ քսաներեք տարեկան, ամուսնացավ՝ Ուսեփանց Վարդանուշին առավ, Ուսեփանց Վարդանուշը այնքան էլ գեղեցկուհի չէր, բայց լավն էր, լավ աղջիկ էր: Պապիս՝ քսաներեք տարեկան, կռիվ տարան, հենց հասավ կռվի տեղը, նույն օրը, առաջին մարտից առաջ, սպանեցին, նրա հետ կռիվ գնացած մանկության ընկերը՝ Հաբին, հետո պատմեց, որ մարտից առաջ պատահական, հենց այնպես արձակված ստոր գնդակը գտել է այն կուրծքը, որին գլուխը դրած՝ երեք, ընդամենը երեք գիշեր էր քնել Ուսեփանց Վարդանուշը:
Պապս, այսինքն նա, որ իմ պապն է՝ հավերժ քսաներեք տարեկան, որբ, անբախտ ու մի քիչ դմբո, ասել է՝ էս ո՞նց եղավ ախր, է: Ու մեռել է հյուսիսային կողմերում: Ես ֆինների նկատմամբ որևէ ոխ չունեմ, նույնիսկ հեռվից-հեռու սիրում եմ:
Երբ պապիս սպանեցին, Ուսեփանց Վարդանուշը՝ ընդամենը երեք օրվա երջանիկ, ամոթխած ու տասնութամյա հարս, այրիացավ, սևեր հագավ, սևերի մեջ մնաց ողջ կյանքում: Է, ճիշտը որ ասեմ, պապս հեռավոր, անորոշ բան է, ես հո հուզառատ ու լալկան մոզի չեմ, որ նրա կործանումը՝ աչքից հեռու, սրտից հեռու, ինձ իրական, լուրջ ցավ պատճառի, պարզապես ախմախություն է, երբ ինչ-որ մեկը, առավել ևս՝ պապս, չգիտես ինչու, չգիտես որ հայվանի համար զոհվում է, իսկ դրա լուծը քաշում ենք ես ու Ուսեփանց Վարդանուշը, մեր առանց այն էլ զահլա կյանքը ավելի է փչանում, դառնում ամեն պատահած պոռնկորդու՝ թքելու պես նետած ողորմություն, դառնում է անվերջ եթիմություն, անսպառ հոգս: Չէ՞ որ եթե այն ժամանակ պապիս չսպանեին, ամեն ինչ ուրիշ կերպ կդասավորվեր, գուցե՝ հրաշալի:
Ուսեփանց Վարդանուշի հղիությունը սևերի մեջ անցավ, երևի այդ պատճառով հայրս, լսել եմ, մռայլ ու քչախոս ծնվեց: Ուսեփանց Վարդանուշի նորահարս ու առողջ մարմինը մնաց սևերի մեջ, անսեր, իզուր պառավեց, երևի ամեն պատահական տղամարդ էլ իր շան աչքերը բացահայտ, անվախ տնկեց անտեր այդ մարմնին՝ սև ամրոց, մենակությունն ու սովորական, գրեթե անհույս օրերն ու տարիների մրմուռը չռչռալով եկան, անց կացան, Ուսեփանց Վարդանուշը՝ օրեցօր, տարեց-տարի՝ ժախռով շրջապատված վերջին հասկ՝ աշնան ցրտերի դեմ անպաշտպան:
Հայրս Ուսեփանց Վարդանուշի հետ չմնաց, Ղարաբաղը թողեց գնաց Ռուսաստանի խորքերը, միայն մի անգամ ետ եկավ, հարևանի աղջկան առավ գնաց, մեկ տարեկան էլ չկայի, որ հայրս ինձ ու մորս լքեց, մի լրբի հետ հեռացավ Ռուսաստանի ավելի խորքերը, ես ու Ուսեփանց Վարդանուշը այլևս չտեսանք նրան, ոչ էլ լուր առանք, մայրս ինձ գրկած վերադարձավ գյուղ, ինձ տվեց Ուսեփանց Վարդանուշին, թե՝ ձեր լակոտին դուք պահեք, ինքն էլ գնաց բախտի ետևից, չգիտեմ՝ գտավ, չգտավ, գուցե մինչև հիմա էլ փնտրում է. ռուսական այն քաղաքը, ուր ես ծնվել եմ, իհարկե, չեմ հիշում, այն ինձ համար անորոշ է, ինչպես Կորչա քաղաքը, որ կարծեմ գտնվում է Ալբանիայում. բայց ռուսական այդ քաղաքը ծննդականիս մեջ իր քեֆին բազմել է՝ տրամադրություն է փչացնում. Ծնողներիս նկատմամբ ոչինչ չեմ զգում, ոչ լավ, ոչ վատ, Ուսեփանց Վարդանուշը ինձ պահեց, ինչպես կարողացավ՝ պահեց:
Դպրոցն ավարտելուց հետո Հաբու տղան, որ Երևանի համալսարանում պրոֆեսոր էր, ինձ Երևան բերեց, համալսարանի բանասիրական ընդունեց. Հաբու տղան ասաց՝ այ լակոտ, լավ մարդ դարձիր, գնա Ուսեփանց Վարդանուշին ուրախացրու, խեղճը շատ է տանջվել տառապել, մի լավ բան չի տեսել: Բայց ես դասերը չսիրեցի, դասերի ժամանակ հանրակացարանի իմ սենյակ էի քարշ տալիս սարսափելի մեծ կրծքեր ունեցող Հագարին, ու այն պահին, երբ դասախոս Սամուել Մուրադյանը թուք ու մուր էր թափում անկախ Հայաստանի ու դաշնակների գլխին, ես ամբողջ ուժով սեղմում-ճմռթում էի այդ Հագարի կրծքերը, իսկ նա ուզում էր ճիչը զսպել՝ կրճտացնում էր ատամները, բայց չէր կարողանում ճիչը զսպել, իսկ ես ուրախ էի, որ լսածս աղմուկը գոնե այդ Հագարի ճիչն է, իսկ իմ սենյակի լուսամուտից երևում էր հեռու, սառը արևը, իսկ Ուսեփանց Վարդանուշի ու իմ գյուղի հացահոտ լռությունը մեկ էլ անսպասելի կաղկանձում էր իմ հոգում:
Այդ Հագարը շուտով ամուսնացավ, այն անկողնում, ուր նա թավալ էր տալիս, տնքտնքում, ես սկսեցի Ֆոլկներ ու հազար ու մի ուրիշ ձանձրալի բաներ կարդալ՝ պառկած, այնքան կարդացի, մինչև այդ Ֆոլկները դարձավ հրաշալի. հետո Թումանյան կարդացի, հետո՝ նույնիսկ Նարեկացի, հետո՝ ինչ ձեռքս ընկավ: Չէի կարդում միայն արձակուրդներին, արձակուրդներին գյուղ էի գնում, Ուսեփանց Վարդանուշը պատմում էր հազար ու մի բան: Երբ 1989 թվի ամառը վերջանում էր, նա ասաց. «Դու կգնաս, իսկ ես մենակ կնստեմ այս պուճախում, ղու-ղու կկանչեմ»: Ապա թառանչ քաշեց՝ գուցե այլևս չտեսնեմ քեզ, սիրտս վատ բան է ասում: Ես ծիծաղեցի՝ մի փնփնթա:
Երբ Երևան եկա, այն Հագարին մարդը դուրս էր արել, նա չասաց՝ ինչու է դուրս արել, սկսեց նորից գալ իմ սենյակ, բայց լրիվ ձանձրացրել էր ինձ, ես դա ամեն օր ասում էի, էլի գալիս էր: 1989 թվի աշնանային մի օր էլ, երբ այդ Հագարը մերկ, ոտքերն այլանդակ չռած՝ իմ անկողնում քնել էր, ես վեր կացա նրա կողքից, լվացվեցի, պառկեցի մյուս անկողնում, որտեղ երբեմն քնում էր սենյակի ընկերս, ծխեցի ու ինքնս ինձ խոսք տվեցի, որ էլ չեմ թողնի սա գա իմ սենյակ, մի հալալ կաթնակեր ու սիրուն աղջկա կսիրահարվեմ, կտանեմ՝ Ուսեփանց Վարդանուշին հարս: Հետո հատակին թափված հին թերթերն առա նայեցի ու մի հոդված տեսա մեր գյուղի մասին: Երևանից խլնքոտ մեկը գնացել էր իմ ու Ուսեփանց Վարդանուշի գյուղ, մի լալկան-հերոսական ախմախություն էր գրել խլնքոտը՝ ոնց որ մրսած մոզին փռշտա, փսլինքը տարածի:
Այսպես կծու կարդում էի, մեկ էլ տեսնեմ գրել է, թե՝ գյուղում այդ օրը մահացել է մի անտեր-անտերական կին՝ Ուսեփանց Վարդանուշը, ու նույնիսկ թաղող չի ունեցել, գյուղն է թաղել նրան:
Ես սուս ու փուս, ինձ համար լաց էի լինում, այդ քածն արթնացավ, հարցրեց՝ ինչ է պատահել: Ուսեփանց Վարդանուշը մահացել է՝ ասացի: Թաղող չի ունեցել՝ ասացի: Ցավակցում եմ՝ ասաց: Թյու, դու էիր մնացել, պոռնիկի մեկը, որ ինձ ու Ուսեփանց Վարդանուշին ցավակցես՝ քո կեղտոտ ռեխով՝ ասացի: Պապիս կռիվ ուղարկողին էլ գնա կանչիր, գա՝ միասին ցավակցենք՝ ասացի: Հիմար՝ ասաց: Հիմարը դու ես ու քո ծնողները, մեկ էլ քո կոտոշավոր մարդը՝ ասացի: Նա ասաց մի բան, որից անգամ իր ամուսինը կկատաղեր, հասա՝ մռութին բռունցքով խփեցի: Գլուխը կոխեց բարձի տակ, քամակը ցցեց ու հեծկլտաց, վնգստաց: Ես նայեցի նրան ու, չգիտես ինչու, հանկարծ դժոխային գրգիռ զգացի, թռա վրան ընկա, բայց նա դիմացրեց, չթողեց, դուրս պրծավ, արագ-արագ շորերը վրան քաշեց, լաց լինելով, ինձ ու իր կյանքը անիծելով՝ փախավ: Կատաղած ելա, քացով խփեցի սենյակի դռանը, ինձ անասուն զգացի, փողոցային եթիմ շուն ու շան որդի զգացի: Ուսեփանց Վարդանուշը մահացել է՝ ասացի՝ լաց եղա գոռգոռալով: Թաղող էլ չի ունեցել՝ ասացի, ու համաշխարհային դառնությունը դեղին մաղձ շաղ տվեց իմ սենյակում:
Երբ գնացի, որ ուղղաթիռով գյուղ թռչեմ, օդաչուն ասաց՝ տեղ չկա: Ուսեփանց Վարդանուշը մահացել է՝ ասացի: Ասաց՝ չեմ կարող, առանց քեզ էլ լիքն է, գերբեռնված է: Ուղղաթիռը օդ բարձրացավ, ես նայեցի նրա ետևից ու ծխեցի: Էլ ուղղաթիռ չի՞ լինելու այսօր՝ հարցրի: Չէ՝ ասացին: Էլ երբեք չի լինելու՝ ասացին: Բա ես ի՞նչ անեմ՝ հարցրի…
Ես սենյակ վերադարձա ու քնեցի: Երազում Ուսեփանց Վարդանուշին տեսա, որ ճերմակազգեստ ու ջահել կանգնել էր՝ հարսի պես, մեր տան շեմին կանգնել էր, անորոշ նայում էր…Միամիտ նայում էր…
29.10.1989, Երևան
Ալեքսան Հարությունյան