Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստը սկսվեց Լապշինի արտահանձնման դեմ քննադատական ելույթներով ու կոչերով: Հիշեցնենք, որ երեկ Բելառուսը արտահանձնեց բլոգեր Լապշինին Ադրբեջանին:
Այսպես` ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ Բելառուսի կողմից Լապշինի արտահանձնումով խախտվեցին մարդու իրավունքների միջազգային նորմերը, խախտվեց մարդու ազատ կամաարտահայտման իրավունքը, քանի որ, իրավական առումով, Լապշինին մեղադրում են ԼՂ այցելելու և ԼՂ-ի մասին դրական արտահայտվելու համար:
«Սա սովորական դեպք չէ, այստեղ այնտեղ այդ մասին խոսելով` խնդիրը չի լուծվի: ԱԺ-ն, որպես ՀՀ քաղաքական թիվ մեկ մարմին, պետք է հայտնի իր դիրքորոշումը այս հարցի հետ կապված»,- ասաց պատգամավորը:
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ արդեն լրագրողներին պաշտոնապես հայտնել է իր կոշտ արձագանքի մասին և, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ կհայտարարի, որ դա խայտառակ քայլ էր Բելառուսի կողմից, որը չի բխում ԼՂ խաղաղ կարգավորման տրամաբանությունից, դա հարված էր Ռուսաստանի ու Հայաստանի, ինչպես նաև ժողովրդավարության դեմ: «Սա խայտառակություն և կեղտոտ գործարք է»,- ասաց Շարմազանովը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկեց բոլորին հավաքվել ժամը 15-ին Բելառուսի դեսպանատան առջև: «Լապշինի արտահանձնումը համարժեք էր Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից արտահանձնելուն: Հայաստանը պետք է կոշտ դիրքորոշումը հայտնի Բելառուսին: Կարծում եմ` ՀՀ ԱԳՆ-ն պետք է հետ կանչի Բելառուսից մեր դեսպանին և կոշտ միջոցներով հակազդի այս քայլին»,- ասաց նա:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ պաշտպանում է Փաշինյանի առաջարկը, և պետք է այսօր հավաքվեն դեսպանատան առջև` բողոքն արտահայտելու:
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը Լապշինի արտահանձնումը համարեց լկտիություն ու ցինիզմ: «Պետք է սառեցնել մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ինմ, հետ կանչենք մեր դեսպանին Բելառուսից, մինչև տանք խնդրի կարգավորումը»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ խոսելով չէ, կան մեխանիզմներ, պետք է դիմենք դրանք օգնությանը:
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկեց կազմակերպել ԱԺ լսումներ, հրավիրել ԱԳ և պաշտպանության նախարարներին, համապատասխան մարմիններին` քննարկելու Լապշինի արտահանձնման հարցը: Պատգամավորը հավելեց, որ սա միակ դեպքը չէ, և որ Ուկրաինան էլ խոչընդոտում է արցախյան ապրանքների մուտքին այդ երկիր, Ադրբեջանում զոհված դիվերսանտին ազգային հերոսի կոչում են տալիս, իսկ մենք մեր զինվորներին այդ կոչումը չենք տալիս:
ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանը պետք է մշտապես բարձրաձայնի այդ հարցը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բելառուսը Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք է ցույց տալիս, հիմա էլ Ալիևի կողմից շքանշանի պարգևատրման դիմաց Բելառուսը արտահանձնում է Լապշինին: «Սա Ռուսաստանի քաղաքացու իրավունքների ոտնահարում է: Բելառուսը պետք է դադարեցնի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը քննադատեց ՀՀ ԱԳՆ-ին` ասելով, որ պետք է հետևեն, թե ինչպես է աշխատում ՌԴ ԱԳՆ-ն, երբ ցանկացած շրջադարձային պահերին ունեն համապատասխան դեղատոմս, որն անմիջապես մտցնում են գործողության մեջ:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ սա քայլ էր Հայաստանի ու Ռուսաստանի դեմ, և եթե խորհրդարանականներն ունեն միահամուռ հակազդեցություն, ուստի ԱԺ-ն պետք է համապատասխան դատապարտող հայտարարություն ընդունի:
ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ կարծիք հայտնեց, որ Բելառուսի` միջնադարյան բնույթի այս քայլին հայկական լոբբինգով պետք է հակազդել ու ավելի շատ մարդ բերել Արցախ: