|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար ու ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` Գրիգորիչը, ժամանակին երբ խոսում էր, լրագրողները ծիծաղում էին, զվարճանում` անեկդոտի պես էր մարդու խոսքը` հումորով:
Գրեթե նույն ոգով Գրիգորիչը խոսեց երեկ ԱԺ-ում: Ու այս անգամ էլ Գրիգորիչի խոսքերը զվարճալի կլինեին, եթե այդքան ողբերգական չլինեին:
Սահակյանին, պարզվում է, հայտնի չէ, թե խորհրդարանական ընդդիմությունը, կառավարության ծրագրին դեմ քվեարկելով, ինչին է դեմ քվեարկել, որովհետեւ մեծարգո պարոն Սահակյանը նշում է. «Քառօրյայի սկզբից էլ գիտեինք, որ ընդդիմությունը դեմ է քվեարկելու, բայց թե ինչին է դեմ քվեարկելու, դա էլ դեռ հայտնի չէ` կոռուպցիայի դեմ պայքարի՞ն, աշխատավարձերի բարձրացմա՞նը, երկրի անվտանգության խնդիրների լուծմա՞նը… »:
Ստացվում է, որ այն կառավարությունը, որի կառավարման օրոք երկրում արտագաղթը հասել է, մեղմ ասած, մտահոգիչ մակարդակի, որի կառավարման օրոք պաշտոնապես երկրի բնակչության 35 տոկոսն աղքատ է ապրում, ուր մարդկանց նվազագույն աշխատավարձը մոտ երկու անգամ քիչ է նվազագույն սպառողական զամբյուղից, որը քսան տարուց ավելի «պայքարում է» կոռուպցիայի դեմ, բայց այդ կոռուպցիայի մակարդակը շարունակում է մտահոգել անգամ իրեն եւ այլն, եւ այլն, մի ծրագիր է ներկայացրել, որով թե’ կոռուպցիան պետք է վերացվի, թե’ աշխատավարձերը բարձրացվեն, թե’ երկրի անվտանգության հարցերը լուծվեն…
Պարզվում է` այդ կառավարությունը փորձում է աշխատավարձ բարձրացնել այնքան, որ մարդիկ հանկարծ միանգամից սկսեն լավ ապրել, բայց այդ «վատ» ընդդիմությունը դեմ է քվեարկում, որ չթողնի, կառավարությունը փորձում է կաշառակերությունը վերացնել, իսկ այդ «անպիտան» ընդդիմությունը չի ուզում դա…
Բայց Գրիգորիչը Գրիգորիչ չէր լինի, եթե «մտահանգում» չաներ ու չասեր. «Երկրի դատախազից դժգոհ են լինում միայն ու միայն հանցագործները»: Գալուստսահակյանական տրամաբանությամբ` եթե ինչ-որ մի հասարակ քաղաքացի դժգոհում է մի ինչ-որ կաշառակեր, կոռումպացված, անարդար, աչառու դատախազից, ուրեմն հանցագո՞րծ է:
Սա էլ բավական չէր, մարդը տարավ-բերեց ու ընդդիմությանը, թե` «մենք ձեր կարիքը չունենք, այլ ընդամենը ասում ենք, պատրաստ ենք համագործակցել»:
Ուրեմն` աշխարհի բոլոր այն երկրներում, որոնք իրենց հռչակել են ժողովրդավարական, իշխանության բոլոր` իրենց հարգող ներկայացուցիչները հինգ մատի պես գիտեն, որ ցանկացած իշխանության, հենց թեկուզ ինքն իր ներսում չփտելու, չնեխելու եւ չպայթելու համար ուղղակի օդ ու ջրի պես անհրաժեշտ է ընդդիմություն: Բայց, արի ու տես, որ մեր Գրիգորիչը ընդդիմության կարիք չի զգում…
Չմոռանանք, որ Գրիգորիչը նաեւ հայտարարեց. «Սկսել են հոխորտալով առաջարկել, ինչը վարչապետն է ասում, որ ժամ առաջ վազեն ժողովրդի մոտ, ասեն, տեսա՞ք, ճնշեցինք ու հաղթեցինք, տեսա՞ք ինչ արեցինք. դե գնայիք կարկուտը բռնեիք, փոխանակ մի առաջարկ անեք, փոխանակ մտածեք…»:
Առաջարկն անում ենք` ավելի ճիշտ` առաջարկը վաղուց արել են Իտալիան, Ֆրանսիան եւ այլ երկրներ ու ասել, որ ձեր փայփայած հակակարկտային կայաններով երբեք «կարկուտը բռնել» չեք կարող: Կարկուտը բռնելու համար նրանք առաջարկում են հրաժարվել հակակարկտային կայաններից ու անցնել հակակարկտային ցանցերի կիրառմանը: Որովհետեւ դրանք, բացի ընկուզենիներից, Հայաստանում աճող մնացած բոլոր մշակաբույսերը կարող են պաշտպանել, հաստատ կարկուտը «բռնում» են, թույլ չեն տալիս, որ այն փչացնի բույսը, քանի որ պահում են իրենց վրա, ու դեռ մի բան էլ օգուտ են տալիս: Այդ ցանցերում կարկուտը հավաքվում, հալվում ու դառնում է ջուր, որը ոռոգում է բույսերին, որոշ չափով թույլ չի տալիս, որ վարակակիր միջատները վարակեն բույսերը, պտուղ-բանջարեղենը պաշտպանում են թռչուններից, կիզիչ արեւի ուղիղ ճառագայթներից եւ այսպես շարունակ: Շատ թանկ էլ չեն այդ ցանցերը` 1 հեկտարի համար պահանջվող ցանցերն արժեն մոտ 2500 եվրո, բայց ձեր հակակարկտային կայաններն արժեն մոտ 30 հազար ԱՄՆ դոլար, ծածկում են առավելագույնը 80 հեկտար տարածք եւ 100 տոկոս պաշտպանություն էլ չեն երաշխավորում:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ