կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-22 19:01
Առանց Կատեգորիա

Երբ վարսավիրն ածելի բռնել չգիտի...

Երբ վարսավիրն ածելի բռնել չգիտի...

Ազգային ժողովի քաղաքական փոքրամասնությունը քարը քարին չթողեց կառավարության` 2013-2017թթ. գործունեության ծրագրից` այն ենթարկելով երբեմն առարկայական, երբեմն էմոցիոնալ քննադատության: Հիմնական շեշտադրումն արվում է` թե որքանո՞վ է կոնկրետ, իրատեսական ներկայացված ծրագիրը և թե ի՞նչ ազդեցություն այն կունենա երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի, ընդհանրապես` մարդկանց կյանքի որակի բարելավման վրա:

 

Մինչդեռ քաղաքական մեծամասնությունը և կառավարությունն արդեն իմունիտետ են ձեռք բերել ընդդիմության քննադատությունների նկատմամբ: Նրանք լռությամբ լսում են այդ ամենը, ապա անում այն, ինչ ճիշտ է համարում վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ քննադատություններին մեծ մասամբ ոչ մի առարկայական արձագանք չի հնչում, որովհետև, ըստ գործող իշխանության և Հանրապետական կուսակցության պատկերացրած «ժողովրդավարության», ընդդիմությունը ոչ թե նրա համար է, որ ռացիոնալության սահմաններում նրա հետ կոմպրոմիսի գնաս, այլ միայն ու միայն խոսելու: Եվ քանի որ այդ «ժողովրդավարության» կերտման ճանապարհին արձանագրած միակ առարկայական հաջողությունը խոսքի ազատության առերևույթ ապահովումն է, իշխանությունը պատրաստ է դեմքի վսեմագույն հանդարտությամբ լսել անգամ ամենածանր հայհոյախառն քննադատություններն ու լուտանքները: Ավելին` որքան բարձր է դրանց տոնայնությունը, այնքան ավելանում են հայրենի ժողովրդավարության, խոսքի ազատության «նվաճումները» եվրոպացիների աչքը մտցնելու առիթները:

 

Բայց իրական խնդիրը միայն դա չէ: Ընդդիմությունը սխալ է կատարում շեշտադրումները. իրականում ոչ թե պետք է քննարկվեր ներկայացված ծրագրի իրատեսականությունը, այլ, ընդհանրապես, ցանկացած տիպի ծրագիր կատարելու` կառավարության ունակությունը: Իսկ այստեղ ամեն ինչ առավել քան պարզ է: Անգամ իր ներկայացրած ծրագրով կառավարությունը փաստարկում է, որ այդ ունակությունը չունի: Նախ` գործադիրը սևով սպիտակի վրա ամրագրում է, որ ստվերային տնտեսությունը կրճատելու խնդիր չի դնում. պետական եկամուտների աճը ՀՆԱ-ի նկատմամբ, ըստ այդ ծրագրի, լինելու է ընդամենը 0.3-0.4-ի սահմաններում, այսինքն` օլիգոպոլիաները հանգիստ շարունակելու են իրենց գոյությունը, խոշոր տնտեսվարողները հանգիստ թաքցնելու են իրենց իրական եկամուտները: Ծրագրում ոչ մի հավակնոտ, հեռանկարային պրոյեկտի կենսագործման խնդիր չի դրվում: Անգամ այն դեպքում, երբ գազի պարտադրվող թանկացման գործոնն օդ ու ջրի նման անհրաժեշտ է դարձնում էներգետիկ ռեսունսների և տեսակների դիվերսիֆիկացիան, կառավարությունը հրաժարվում է նոր ատոմակայան կառուցելու գաղափարից: Դա այն դեպքում, երբ Մեծամորի ներկայիս ատոմակայանի փակման պահանջը Հայաստանը կարողացել էր «արգելափակել» այն մինչև 2020թ. նորով փոխարինելու հանձնառությամբ: Միակ կոնկրետ բանը, որը, թերևս, կարող է անել կառավարությունը, նվազագույն աշխատավարձի որոշակի ավելացումն է:

 

Սա էությամբ Հայաստանին ոչ մի տեղ չտանող, տեղապտույտի, առավելագույնը սոցիալական վերահսկելի լարվածության ներկայիս մակարդակը կայուն պահպանելուն ուղղված ծրագիր է: Նման ծրագիր կարող էր հեղինակել միայն այն կառավարությունը, որը կա'մ ինքն իր համար հեռանկար չի տեսնում, կա'մ` երկրի: Ու այս ամենը, որքան էլ զավեշտալի թվա, մատուցվում է իբրև կառավարության կողմից իրատեսական մոտեցում ցուցաբերելու արգասիք: Նույն ու թերևս ավելի մեծ հաջողությամբ կառավարությունը կարող էր որևէ ծրագիր չբերել խորհրդարան: Եվ դա գործադիրի կարողականության տեսանկյունից շատ ավելի իրատեսական քայլ կլիներ, եթե, իհարկե, չլիներ ծրագիր ներկայացնելու սահմանադրական պահանջը: Որովհետև եթե անգամ ծրագիրը լիներ խիստ հավակնոտ ու իրագործելի, ներկայիս կառավարության անցած ճանապարհը որևէ վստահություն չի ներշնչում, որ դրանք գոնե չնչին չափով կիրականացվեն:

 

Եթե մարդը խելագար չէ, չի կարող իր տան վերանորոգումը վստահել մի վարպետի, ով իր ետևից թողնում է միայն ավերված բնակարաններ: Առաջին բանը, որն անում է իր տունը վերանորոգող բանական արարածը, տվյալ վարպետի արած նախկին գործերին ծանոթանալն է: Որևէ մեկը չի կարող իրեն սափրելու գործը վստահել վարսավիրի, որը չգիտի` ինչպես գործածել ածելին: Պետք է գոնե մեկ անգամ տեսնել նրա կողմից սափրված որևէ կենդանի մարդու, նոր սեփական գլուխն ու կոկորդը վստահել նրան:

 

Այս տեսանկյունից` ի՞նչ կարելի էր սպասել մի կառավարությունից, որն իր գործունեության անցած 4-5 տարիներին հաջողություններ է գրանցել միայն դրված նպատակների ու ծրագրերի տապալման, արտաքին պարտքը գրեթե եռապատկելու, աղքատության մակարդակը, անգամ պաշտոնական տվյալներով, 35 տոկոսի հասցնելու, արտագաղթը նվազեցնելու փոխարեն այն ակտիվորեն պրոպագանդելու հարցերում: Կառավարության ծրագրի իրատեսականության ավելի լուրջ չափորոշիչ հնարավոր չէ գտնել: Իսկ նման չափման պարագայում այլևս ավելորդ է դառնում նման թիմի ներկայացրած որևէ ծրագիր բովանդակային քննարկման առարկա դարձնելը: Միևնույն է, կոտրած տաշտակից ազատվել չի լինելու:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ