կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-22 13:10
Իրավական

Ցմահ դատապարտյալները հուսալքված են իշխանությունների վերաբերմունքից

Ցմահ դատապարտյալները հուսալքված են իշխանությունների վերաբերմունքից

Ըստ օրենքի` 20 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալները պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք ունեն: Պատժի 20 տարվա շեմն առաջինը հատել էր 1991-ին մահապատժի, այնուհետև ցմահ դատապարտված Մանուկ Սեմերջյանը, սակայն դատարանը մերժել էր նրան` տուժող կողմին վճարվելիք տույժը չմարելու պատճառաբանությամբ: Սեմերջյանը մահացել է 2012-ի դեկտեմբերին կալանավայրում:

 

Ցմահ դատապարտվածների խնդիրներին առավել շատ անդրադարձող լրագրող Զարուհի Մեջլումյանի խոսքով` դատարանը նրան անհիմն է մերժել, քանի որ ցմահ դատապարտվածը կալանավայրում գտնվելու ընթացքում չէր կարող աշխատել և, հետևաբար, վճարել տույժերը: Մանուկ Սեմերջյանից հետո պատժի կրման 20-ամյա շեմը հատել են ևս 20 ցմահ դատապարտյալներ, սակայն 2-ի վերաբերյալ ՔԿՀ վարչական հանձնաժողովը մերժել է պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդագիր ներկայացնել:

 

2012թ. նոյեմբերի 21-22-ը Երևանում կայացած «Ցմահ դատապարտյալների խնդիրները» թեմայով միջազգային համաժողովի արդյունքում մշակված օրենսդրական առաջարկների համաձայն` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ԱԺ ներկայացրեց ցմահ դատապարտյալների վիճակը բարելավող մի շարք առաջարկներ, մշակվեցին օրենքների նախագծեր, սակայն դրանք կառավարության հավանությանը չարժանացան:

 

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով` այդ առաջարկները չընդունվեցին, քանի որ ԱԺ-ում օրինագիծն առաջարկել էին ԲՀԿ-ական պատգամավորները: «Պետք է մի կողմ դրվեն քաղաքական շահարկումները, քանի որ խոսքը ցմահների ճակատագրի մասին է: Յուրաքանչյուր հանցագործ պետք է հույս ունենա, ցմահների մոտ այսօր տիրում է սարսափելի հուսահատություն»,- «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց նա:

 

Հելսինկյան կոմիտեի նախագահը կոչ արեց իշխանություններին անդրադառնալ ցմահ դատապարտյալների խնդիրներին` օրենսդրական փոփոխությունների, պատժից վաղաժամկետ ազատման, ռեժիմների փոփոխման, պատժաչափի կամ վիճելի գործերի վերանայման, ներման կամ համաներման միջոցներով: «Իշխանության բոլոր օղակների վերաբերմունքը ցմահ դատապարտյալների վերաբերյալ պարզապես անմարդկային է»,- ասաց նա և հավելեց, որ նրանք մեր քաղաքացիներն են, մեր հասարակության մասը: