|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Աջակցություն արմավիրցիներին» նախաձեռնող խումբ է ձևավորվել, որի անդամները նախատեսում են վաղը գնալ Արմավիրի մարզ և օգնել տեղացած կարկուտի պատճառով տարվա եկամուտի զգալի մասից զրկված գյուղացիներին աղետի հետևանքների վերացման աշխատանքներում: Դրանով նախաձեռնողները փորձելու են գոնե բարոյապես կանգնել գյուղացու կողքին:
Նրանցից առանձին Արմավիրի մարզի գյուղացիներին է այցելում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և խոստանում որոշակիորեն փոխհատուցել մարդկանց կրած վնասները: Անկախ նրանից` ինչ շարժառիթներով է Ծառուկյանը գնացել գյուղ, անելանելի վիճակի մեջ գտնվող մարդկանց համար դա փրկության դուռ է, որից անպայման կփորձեն կառչել, որովհետև կառչելու ավելի արժանապատիվ ու հուսալի տեղ ուղղակի չունեն:
Հանրապետական կուսակցությունը ցանկացած պատեհ առիթով քաղաքական շահարկումների է ենթարկում Ծառուկյանի բարեգործությունը, որով նա, անշուշտ, նաև իր համար քաղաքական դիվիդենդներ է հավաքում: Իրականում, սակայն, այդ բարեգործությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ է իշխանությանը: Նույնքան անհրաժեշտ է նաև քաղաքացիական շրջանակների չափավոր ակտիվությունը և սոցիալական ցանցերում նման նախաձեռնությունների ցուցաբերումը, թեև առաջին հայացքից թվում է, թե պետք է լիներ հակառակը: Եվ խնդիրը տվյալ դեպքում բացարձակապես ազատ հաղորդակցության հնարավորությունների ընձեռնման մեջ չէ, ինչը, ինչպես ցույց տվեց ՀՀԿ-ի քարոզարշավն անցած բոլոր երեք ընտրություններում, իշխող կուսակցության համար դարձել է պսևդոժողովրդավարությամբ հպարտանալու մատի փաթաթանը:
Կա շատ ավելի պարզ, նույնիսկ տրիվիալ պատճառ: Իրականում այս շրջանակները պետք են, որպեսզի իշխանությունն ինքն իրեն անհրաժեշտության դեպքում ազատի պատասխանատվությունից ու պարտականություններից: Ծառուկյանը փող կտա գյուղացիներին` վարկերը գոնե մասամբ փակելու համար, «Աջակցություն արմավիրցիներին» նախաձեռնող խումբը գյուղացիների հետ կարգի կբերի հողատարածքները, այգիները, մեկ այլ խումբ իր վրա կվերցնի ծայրահեղ աղքատ ընտանիքի կենցաղային տարրական պայմանները բարելավելու խնդիրը, բնապահպանները` այս կամ այն կանաչ տարածքի, լճի, գետի էկոլոգիական հավասարակշռությունը պահելու պարտականությունները: Իսկ իշխանությանը կմնա միայն կողքից ծափահարել այդ ամենին և կենտրոնանալ «Սպայկա»-ների նման խոշոր ընկերություններին պետության, հարկատուների հաշվին փոխհատուցելու հնար գտնելու հարցի վրա: Արդյունքում` փաստացի ստեղծվում է վիրտուալ պետություն իրական պետության մեջ, որտեղ վիրտուալը, կամա, թե ակամա, իրականացնում է իրական պետության գործառույթները հանրային ակնկալիքների տիրույթում, իսկ իրականը հանգիստ տեղավորվում է խոշոր բիզնեսի, օլիգարխիկ շրջանակների շահերի սպասարկման քառակուսու մեջ: Պատճառը ոչ թե իր իրական պարտականությունների, գործառույթների սահմանները չճանաչելն է, այն բացառապես այն հանգամանքը, որ իշխանությունն այդ հանրային լայն շերտերի հանդեպ որևէ պարտավորություն չունի, որովհետև նրա շնորհիվ չէ, որ ստացել է պետական լծակների տիրապետման իրավունքը: Պետությունը հոգատար է նրանց հանդեպ, ովքեր ապահովել են իշխանության վերարտադրությունը: Պարզապես իրական պետության, ավելի ճիշտ` իշխանության խնդիրը նման երկակիության պայմաններում մնում է վիրտուալ պետությանը և դրա դերակատարներին վերահսկելը: Դա խիստ անհրաժեշտ է, որպեսզի, օրինակ, Գագիկ Ծառուկյանն այն չվերածի քաղաքական կապիտալի ու հանրային զանգվածներին իր ետևից չկարողանա տանել, որպեսզի քաղաքացիական այդ շրջանակները չկարողանան լոկալ բնույթի պայքարը վերածել բնապահպանական, սոցիալական կազմակերպված շարժման և սասանել ձևավորված հարաբերական կայունությունը: Այսպիսով` իրական պետությունը դառնում է ներամփոփ, ինքնաբավ` անուղղակի հայտարարելով որ օրինաչափ է, երբ իշխանությունը կտրված է հասարակությունից, և երբ պետությունը կարող է սպասարկել միայն հասարակական շատ նեղ շրջանակի շահերն ու հետաքրքրությունները: Այդպիսով` պետությունն աստիճանաբար վերածվում է սահմանափակ թվով գորտերի անհոգ կյանքն ապահովող ճահճի:
Խնդիրը «Սպայկա»-ին օգնելու` կառավարության ցանկության մեջ չէ և ոչ էլ այն բանի, թե որքանով են ընդգծված իշխանության առանձին օղակների մասնավոր շահագրգռություններն այս ընկերությունում: Անկախ դրանից` ոչ միայն նորմալ, այլև անհրաժեշտ է, երբ կառավարությունը փորձում է կանգնել նման ընկերությունների կողքին: Ի վերջո, դրանց շնորհիվ է, որ այս փոքրիկ երկրի գերփոքրիկ բիզնես միջավայրը դեռ շնչում է, էլ չասած այն մասին, որ կոնկրետ «Սպայկան» գյուղմթերքի մթերման խոշոր ընկերություններից մեկն է, որը, անկախ իր աշխատանքի որակից, իբրև ենթակառուցվածքային միավոր` գյուղատնտեսության զարկերակի յուրօրինակ դեր է կատարում: Սակայն «Սպայկան» ոչինչ չարժե, եթե գյուղացին ոչինչ չունի դրան մթերելու հանձնելու: Ի՞նչ իմաստ ունի արտադրական տարածքներ տրամադրել որևէ ընկերության, եթե այն բավարար հումք չի ունենալու` վերջնարդյունք արտադրելու համար: Կառավարությունը կտրում է այս շղթան և հրշեջային իր սովորական քաղաքականությամբ ուզում է համոզել, որ առանց գյուղի ու կարկուտի հետևանքով լիովին փչացած բերքի «Սպայկան» կարող է ու պարտավոր է լինել: Այստեղ տրամաբանություն չկա կամ կա ընդամենը մեկ տրամաբանություն` առանձնահատուկ հոգատարություն ցուցաբերելով նման ընկերության նկատմամբ` պարզապես ուղերձ է հղվում խոշոր բիզնեսին, որ կառավարությունը գիտակցում է միայն նրանց ծառայելու իր ոչ ֆորմալ պարտականությունը և գործում ու գործելու է խաղի այդ կանոններով:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ