Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Արցախում տեղի ունեցած դիվերսիան, երեք հայ ոստիկանների զոհվելու դեպքը ցույց է տալիս, որ Ալիևի ռեժիմը շտապում է պատերազմ սկսել՝ ցանկանալով օգտվել իրեն ընձեռված առիթից: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:
«Թուրքիայի և Ադրբեջանի աստեղային ժամն է. քանի դեռ Հայաստանում իշխանության են իր կատարածուները, փորձելու են իրականացնել իրենց երազանքները, հասնել իրենց նպատակներին: Ալիևն ու իր այստեղի կատարածուներն իրենց պատկերացրած խաղաղության մեջ հայ ժողովրդի, հայ ազգի ոչնչացումը, Հայաստան աշխարհի թրքացումն են տեսնում:Մինչդեռ իրական խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Հայաստանը նորից դոմինանտ և գործոն կլինի այս տարածաշրջանում: Դրա համար Հայաստանի ղեկավարությունը հայամետ, ազգասեր, պետականամետ, հայրենատեր պետք է լինի ու գործի ի շահ Հայաստանի, Արցախի Հանրապետությունների ու հայ ժողովրդի: Ինչքան էլ իշխանազավթները խոսեն նշվածների մասին, իրականում քայլ առ քայլ ու հանձնելով ոչնչացնում, քանդում են պետականությունը: Իրական խաղաղության հասնելու համար առաջին հերթին պետք է ձերբազատվենք թուրքերի կամակատարներից, քանի որ ծնկի իջածը խաղաղություն չի կարող խնդրել: Խաղաղությանը հասնում են ուժով, ոտքերի վրա ամուր կանգնած: Ծնկի իջած ու վախվորած չեն հասնում խաղաղության»,-ասաց մեր զրուցակիցը ։
Նա շեշտեց՝ ՀՀ այս ղեկավարությունն Արցախի կապիտուլ յացիայի փաստաթուղթ է ստորագրել:«Սրանք հանձնում են հողերը, չեն կարողանում ՀՀ սուվերեն տարածքից թշնամի ագրեսոր պետության զինյալ խմբերին հեռացնել, փոխարենն անընդհատ փլուզում ու կործանում են ամբողջ ինստիտուտները, որոնք հիմք են պետականության համար: Մի քանի տարի առաջ կարող էին ոչ կոմպետենտ լինել, բայց հինգ տարվա ընթացքում նման վարքագիծ դրսևորելն արդեն ոչ կոմպետենտ լինել չէ: Այս մարդիկ կոնկրետ, ծրագրավորված կործանում են պետությունը: Իրական խաղաղության հասնելու համար առաջին հերթին հարկավոր է ձերբազատվել մեր թիկունքում նստած պետականակործան իշխանազավթներից»,ասաց նա՝ շեշտելով, որ երբ մեր երկիրը նորից ողնաշարը ուղղի, ամուր ողնաշարով նստի բանակցային գործընթացի սեղանի շուրջ, նոր կարող ենք մտածել մնացածի մասին: Գևորգ Գևորգյանի խոսքով, վերոնշյալ ծրագրավորված քայլերի պատճառով է նաև, որ այսօր ոչ մի երկիր մեր կողքին չէ:
«Ոչ մի պատժամիջոց չի կիրառվում Ալիևի ռեժիմի ռազմական, դիվերսիոն գործողությունների դեպքում: Միայն խոսքերով, դեկլարատիվ փաստաթղթերով ու հայտարարություններով աղետները կանգնեցնել հնարավոր չէ: Սրանք գործընթացներ են, որոնք ավելի լուրջ մոտեցումներ են պահանջում: Մինչ օրս չի արվել այդ ամենը, քանի որ այս իշխանազավթներին ոչ ոք չի հարգում: Չեն հարգում, որովհետև կործանում են պետականությունը՝ ոչնչացնելով բնօրրանը, մարդկանց կտրելով բնօրրանից: Եթե մեր հանրության որոշակի շերտեր դեռ չեն հասկացել կամ կան շերտեր, որոնք հասկացել, բայց լռում ու սպասում են հրաշքների, ապա միջազգային հանրությունը ղեկավարների մակարդակով լավ տեսնում է այս ամենը: Ու նրանք առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ՝ երբ դու ոչինչ չես ուզում քեզ համար անել, մենք ի՞նչ կարող ենք քեզ համար անել»,-ասաց նա:
Հաշվի առնելով, որ Արցախն արդեն 3 ամիս է՝ շրջափակման մեջ է, Գևորգ Գևորգյանը հավելեց. «Արդեն 85 օր մարդիկ գրամներով հաց են առնում: Այս մասին 21րդ դարում խոսելն ու հետո հանգիստ նստելը մարդասիրական չէ, ճիշտ չէ, պետականակենտրոն չէ: Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում նստում ու խոսում են այն մասին, թե շատ են սիրում ժողովրդին: Կեղծ է: Ժողովրդին սիրողը վայրկյան առաջ ամեն ինչ է անում նույն ժողովրդին այդ վիճակին չհասցնելու համար, այդ թվում՝ պարտադրելով, ուժով, ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրելով է դա անում, որովհետև հայրենիքի ու ժողովրդի մի մասը շրջափակման մեջ է: Այս իշխանազավթների դեպքում ամեն ինչ անտերության է մատնված»:
Նա շեշտեց՝ ոչ թե ժողովրդի մի հատվածը կամ ընդդիմադիր որոշ գործիչները, այլ ամբողջ ազգը պետք է կենտրոնացած լինի Արցախի խնդրի վրա: «Այսօր բանակցությունների իմիտացիա կա: Միջազգային հանրությանը փորձում են ցույց տալ, թե ինչ-որ բան են բանակցում: Նույն ժամանակ Ալիևի ռեժիմը կենտրոնացած է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վրա, այս անգամ ամենամեծ թիրախը ՀՀ-ն է՝ մայրաքաղաք Երևանով: Ի դեպ, Ալիևի ու այստեղ իշխանություն զավթածի կողմից հաճախ «Հայաստանի կապիտուլ յացիայի» մասին խոսույթ է նկատվում: Ճիշտ է, այստեղի իշխանազավթն այդ մասին խոսելիս հայտարարում է դրա անընդունելի լինելու մասին, բայց նման թեզերն առհասարակ ինչպե՞ս կարելի է շրջանառել:
Կամաց-կամաց շրջանառելով՝ փորձում են բթացնել, թմրեցնել հանրության ուշադրությունը, հոգնեցնել: Մեծ հաշվով, շատ ավելի վտանգավոր փաստաթղթի ստորագրումից առաջ միշտ ռազմական գործողություններ, բանակցային գործընթացի իմիտացիաներ են եղել, որից հետո, իբրև թե, ստիպված փաստաթղթերի ստորագրմանն են գնում՝ ի վնաս երկրի ու հայ ժողովրդի: Հիմա էլ մի հեքիաթ կհորինեն, կասեն՝ «եթե չստորագրենք, շատ ավելի վատ է լինելու»:Իրականում հանձնման գործընթացներ են, պետությունը ոչնչացնելու, հայ ժողովրդին իր բնօրրանից կտրելու գործընթացներ: Այս ամենը հասկանալով՝ մեկ րոպե առաջ պետք է վռնդել սրանց, որից հետո թուրքը ոչինչ չի անելու, քանի որ իր համար այստեղ այլևս վերոնշյալ բարենպաստ իրավիճակը չի լինելու»,-եզրափակեց Գևորգ Գևորգյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում