կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-15 15:06
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 150-ից ավելի ոստիկան գիշերը մտել է Եղեգնուտ՝ նախկին գյուղապետին սատարելու․ արմավիրցիները կրկին բողոքում են

Այս գիշեր ժամը երեքից 150-ից ավելի ոստիկաններ մտել են Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք, փակել գլխավոր ճանապարհը, շրջապատել համայնքապետարանը՝ ըստ Yerkir.am-ի ասացին եղեգնուտցիները, որոնք թույլ չեն տվել ոստիկաններին մտնել համայնքապետարան։

«Ոստիկաններն ուզում էին մտնել համայնքապետարանի շենք և իրենց հետ պետք է հանձնաժողով մտներ, որպեսզի նախկին գյուղապետին կրկին նշանակեին այդ պաշտոնում» ,-ասաց նրանցից մեկը։

Ժամը հինգին, երբ մարդիկ սկսել են արթնանալ, տեսել են դա ու հավաքվել համայնքապետարանի մոտ։ Գյուղում լարված էր իրավիճակը մինչև ժամը 12։00-ը, երբ հայտնի դարձավ, որ դատարանը վարույթ է ընդունել  ավագանու անդամների հայցադիմումը։

Համայնքի ավագանու 4 անդամ հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի դեմ: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել մարզպետի որոշումը, որով անվավեր է ճանաչել նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշումը՝ Եղեգնուտում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

«Իրավաբանը բացատրեց, որ այլևս նախկին գյուղապետի վերադարձ այդ պաշտոնում չի կարող լինել, մարզպետը պետք է նշանակի ժամանակավոր պաշտոնակատար ու նշանակվեն ընտրություններ»,- ասացին եղեգնուտցիները։

Հիշեցնենք, որ Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը 2018թ.-ին լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր գրել, ինչը չէր ընդունվել համայնքի ավագանու կողմից: Սակայն Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը, նշելով, որ ավագանին համայնքապետի լիազորությունները դադարեցնելու կամ չդադարեցնելու լիազորություն չունի, Եղեգնուտում նշանակել էր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Վարչական դատարանը Ռազմիկ Մարգարյանին վերականգնել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Դրա հիման վրա Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը անվավեր է ճանաչել Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին նախորդ մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ 2018թ.-ի որոշումը: Եղեգնուտցիները չեն ընդունում և պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում նախկին գյուղապետի վերադարձի դեմ։

Մանրամասն՝ տեսանյութում․