կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-15 14:46
Հասարակություն

"Ա դատարկվանք, է՜’’

"Ա դատարկվանք, է՜’’

«Արդեն մի 200 ջահելներ էս գարունքին, էնա, գնացին ռուսաստանները: Ասում են Տաշիրի Սամոն թազա շինարարություն ա սկսել, եկան ջահիլներին հավաքեցին տարան` աշխատելու: Դե դրանցից մեծ մասը էլ դեսը գալ չտեն: Գեղիցը դուրս են եկել, կտեսնան, որ էս սարերից էն կոմ հետաքրքիր քաղաքնի, երկրնի կան, լիքը սիրուն աղջկեք ու կնանիք: Էլ գիժը դեսը կգա»,- Լոռու մարզի Գյուլագարակ գյուղից Ստեփանավան ճանապարհվելիս վշտացած պատմում էր գյուլագարակցի վարորդ Արմենը:

 

Վարորդ Արմենը բողոքը սկսեց վատ ճանապարհներից, ավելի ճիշտ` ճանապարհի բացակայությունից, արդարացիորեն: Գյուլագարակից մինչեւ «Սոճուտ» հանգստյան տուն ու դենդրոպարկ դեռեւս ԽՍՀՄ տարիների` խոշոր խճաքարերով ճանապարհն է մինչեւ հիմա ծառայում: Դա էլ արդեն քայքայվել, մաշվել ու միայն տեղ-տեղ են նշմարվում երբեմնի ասֆալտի հետքերը:

 

Կարճ ասած` 3 կիլոմետր ճանապարհը մեքենան անցնում է մոտ 20 րոպեում: Ուղեկից-վարորդը քայքայված ճանապարհներից սահուն անցավ Սպիտակի երկրաշարժից ավերված գյուղի բնակիչների ապրուստի միջոցներին կամ, ավելի ճիշտ է, ապրուստի միջոցների գրեթե բացակայությանը: Ապրուստի մի միջոց էլ համարվում են դենդրոպարկը, սոճիները, հանգստյան տունը:

 

Գյուղացիները վաճառում են սոճու կոներից  պատրաստած իրենց մեղրն ու մուրաբան, գյումթերքը ու դրանով թեկուզ չնչին, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ եկամուտ ունենում: Ոմանք էլ իրենց տներն են վարձով տալիս հովեկներին ու հանգստացողներին: Բայց վատ ճանապարհի, վատ ենթակառուցվածքների պատճառով արդեն հովեկների հոսքն էլ է գնալով պակասում:

 

Այս տարին էլ բարեհաճ չէ հեռավոր այդ գյուղի համար. «Գործ չկա, գեղացիք հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Էն էլ կաթն էս տարի շատ էժան են հավաքում` լիտրն ընդամենը 120 դրամով: Բայց էս տարի խոտը քիչ էր, գեղացիք մի տուկ խոտը 1000-1500 դրամով առան, էնա` իրանց անասուններին կերակրեցին, մի կերպ ձմեռը հանեցին: Մի կովը սեզոնին, էնա, 100 տուկ խոտ ա ուտում, այսինքն` մի կովի հըմար 100-150 հազար մենակ խոտի փող ծախսեցին: Ու հիմա արդեն տեսնում են, որ անասուն պահելն էլ ձեռ չի տալի, մորթըմ-ծախըմ են: Թե սրա վերջն ինչ տի ըլիլ, չեմ կարա ասեմ…»:

 

«Բա լավ,- հարցնում եմ,- հետո ի՞նչ պիտի անեք»: Ասում է. «Պըտի գնանք խոպան: Ու թե կգանք, չենք գա` էդ էլ մի ուրիշ հարց ա: Բա հո մնալ չտե՞նք` ստի ու սովից կտորվենք: Էնա, մտիկ ես տալիս դրսերը, տեսնում ես` մարդը, որ ստեղ սկի մի քոռ կոպեկ էլ ա չուներ, տունուտեղի, փողի տեր ա դառել: Հետո նայում ենք, թե մենք ոնց ենք ապրում ու… »,- մի թունդ հայհոյում է զրուցակիցս:

 

Ասում եմ` լրագրող եմ, պատմածիդ մասին մի երկու բան կգրեմ: Արմեն, դու Արմեն` միանգամից թե` «Այտա', դե բա շուտ ասա, իմանամ էլի: Դե որ լրագրող ես, էսօր գնալտ ես քաղաքը չէ՞,- գլխով դրական շարժում եմ անում,- դե ուրեմն կմտնես էդ-էդ-էդ… կառավարություն ու մի երկու հոգու ականջից կբռնես, կբերես դեսը: Ա թող մի տեսնան էլի իրանց նաֆարը ոնց ա ապրում. հո կաբինետում նստել ու կոնդիցիոների օդը շնչելով չի՞: Ա դատարկվանք, է՜, էլ երկիր, պետություն, ժըղովուրդ չմնաց: Հետո ո՞ւմն են դրանք իշխելու…»,- էլի մի քանի թունդ հայհոյանք:

 

Ասում եմ` չեմ կարող, Արմե’ն ջան, իրենք ուժեղ են, ականջներից բռնել-բերել չեմ կարող: Արմենը, թե` «դու մտածի, ախպե’ր ջան, ես էս տարի գնալտ եմ, դու, ոնց տեսնըմ եմ, մնալտ ես, դու մտածի’, թե էդ «ուժեղ տղերքի» հետ ոնց տես յոլա գնալ»:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ