Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ավագանու ընտրությունների մասին ամբողջական ամփոփում դեռեւս վաղ է իրականացնել, որովհետեւ ամբողջական գնահատական տալու համար ժամանակ պետք է անցնի` հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ իրականում. այսօր լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:
Նա ասաց, որ ցանկացած պարագայում ունենք այն ընտրությունը, որը տեղի ունեցավ, եւ ինքը մեղադրում է ոչ միայն իշխանություններին. «Դե հիմա իրենք սա են. թե' ծրագիր են իրականացնում, թե' չեն կարողանում ընտրություն կազմակերպել, էական չէ, իրենք սա են»:
Արմեն Մարտիրոսյանը 2007 թվականից հետո այսպիսի ընտություն չէր տեսել, նույնիսկ ծեծուջարդով ընտրություններում ավելի քիչ է քվե կեղծվել, քան հիմա:
«Ընտրակաշառքի համատարած բաժանում ընտրատեղամասերի առջեւ, որոշ դեպքերում` անգամ ընտրատեղամասերում, այդ գունավոր գրիչներով քվեարկությունը, ծալված թղթերով քվեարկությունը եւ այլն: Ես կդնեի մի կող, քանի որ նրանք միշտ էլ նույն բանն են արել, այլ բան ի վիճակի չեն անելու: Դրանով իրենք որոշակիորեն ասում են` մենք սա ենք, մենք պետք է գողանանք, ընտրակաշառք բաժանենք, թալանենք, թաղի խուժանին ներգրավենք եւ այլն, եւ այլն: Մնացած երկու կողմերը ընտրողներն են ու ընդդիմությունը: Որ մեր ընտրողը այս անգամ շատ բարեհաճ գտնվեց փողի նկատմամբ, նույնպես փաստ է, բայց մյուս կողմից` երկրում, որտեղ աղքատության այսպիսի մակարդակ կա… Բայց մեղավոր էր նաեւ ընդդիմությունը, այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որ քաղաքացին հիասթափվեց, հույս չունեցավ, որ ընդդիմությունը կարող է միանական հանդես գալ: Եվ քաղաքացին, ցավոք, տեսավ, որ շատ հաճախ ընդդիմությունը, իշխանությանը թողած, մեկ այլ ընդդիմադիրի է քննադատում: Այս ամենը քաղաքացին տեսավ, հիասթափվեց եւ պատժեց ընդդիմադիր քաղաքական ուժերին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` շեշտելով, որ սա ամենաակնառու եզրակացությունն էր, որ այս ընթացքում արել է:
Ըստ նրա` «Բարեւ Երեւան» դաշինքը հիմա Երեւանի ավագանում պետք է ներկայացնի ոչ միայն ինքն իրեն, այլեւ ամբողջ ընդդիմադիր դաշտի, ինչպես նաեւ անհատ քաղաքացիների շահերն ու իրավունքները: