Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կանաչ կառավարում» կիսամյակային ծրագիրը («Քաունթերփարթ ինտերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչություն- ՔՀՏԻԱ ծրագիր) իրականացվել է ՀՀ 7մարզերում: Ըստ ծրագրի պատասխանատուների` յուրաքանչյուր մարզում ընտրվել է մեկ համայնք, որտեղ ծրագրային փորձագետները մասնակցել են 2013-2016թթ. Համայնքային քառամյա զարգացման ծրագրի եւ 2013թ. բյուջեի նախագծերի` շրջակա միջավայրին վերաբերող մասերի քննարկմանը:
Հայաստանի «Օրհուս» կենտրոնների PR մենեջեր, «Կանաչ կառավարում» ծրագրի ղեկավարի օգնական Մարի Չաքրյանը Yerkir.am-ին հայտնեց, որ ծրագիրը մեկնարկել է 2012թ. հոկտեմբերի 1-ին, որի ռազմավարական նպատակը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կառավարումն ավելի թափանցիկ դարձնելն է, ՀՀ-ում Օրհուսի կոնվենցիայի իրականացմանը, համայնքային մակարդակում հասարակության տեղեկացվածության, համագործակցային, մասնակցային գործընթացների մեխանիզմների ձեւավորմանը նպաստելը:
Ի դեպ, ծրագիրը նախաձեռնվել է, հաշվի առնելով այն հանգամանք, որ ՀՀ մարզերում հասարակությունը պատշաճ տեղեկացված չէ ՏԻՄ-ի գործունեությունից եւ պարտավորություններից բնապահպանության, շրջակա միջավայրի կառավարման ոլորտում: «ՏԻՄ-ն իրենց քառամյա ծրագրերը կազմելիս, որոշում կայացնելիս սովորաբար, որպես առաջնահերթություն, ընդունում են միայն տնտեսական եւ սոցիալական զարգացման խնդիրները, իսկ բնապահպանությունը ստորադասվում է վերջիններիս»,- ասում է Մ. Չաքրյանը եւ հավելում, որ համայնքային զարգացման ծրագրերում բնապահպանական խնդիրների թերներկայացվածությունը առաջացնում է անիրազեկվածության եւ շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործում հասարակության մասնակցության ցածր մակարդակ կամ ընդհանրապես բացակայություն:
Ծրագրի իրականացման արդյունքների մասին խոսելիս տիկին Չաքրյանը նշեց, որ առաջին հերթին բարձրացվել է շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործում տեղեկացված լինելու եւ մասնակցելու վերաբերյալ հասարակության իրազեկվածության ու գիտակցության մակարդակը: «Վերլուծությունը ցույց տվեց, որ առավել ակտիվ հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիական նախաձեռնող խմբեր ունեցող Գյումրիում անգամ ցածր է համայնքային զարգացման քառամյա ծրագրի ու բյուջեի կազմմանը մասնակցելու ու իրավունքի վերաբերյալ տեղեկացվածությունը»,- ասաց Մ. Չաքրյանը՝ նշելով, որ ծրագրի շրջանակներում Գյումրի, Ալավերդի, Դիլիջան, Հրազդան, Գավառ, Եղեգնաձոր եւ Գորիս համայնքների քառամյա զարգացման ծրագրերի եւ 2013թ. բյուջեների շրջակա միջավայրին վերաբերող բաժիններում ներառվել են հասարակության ներկայացրած առաջարկները, ինչի մասին տվյալ համայնքների ղեկավարները հավաստել են իրենց նամակներով:
Ի դեպ, ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար հաշվի են առնվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ՏԻՄ վարչության, իրավաբանների եւ բնապահպանական տեղեկատվության փորձագետի կարծիքները:
Գալուստ ՆԱՆՅԱՆ