կարևոր
4222 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-17 13:02
Քաղաքական

Ինչպես երկիրն են կառավարում, այնպես էլ բանակը․ Մհեր Մելքոնյան․ «Հրապարակ»

Ինչպես երկիրն են կառավարում, այնպես էլ բանակը․ Մհեր Մելքոնյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է

«Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի հետ

- Բանակում ոչ մարտական պայմաններում արձանագրվող մահվան դեպքերն աճել են` ինքնասպանություններ, ծառայակիցների միջեւ կոնֆլիկտներ։ Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը։

- Խնդիրն այն է, որ 2018-ին իշխանության եկած մարդիկ իրենց գալը համարեցին սիրո եւ համերաշխության հեղափոխություն, բայց կարճ ժամանակ անց պարզ էր արդեն, որ իշխանության են եկել մարդիկ, ովքեր թիրախավորել են մեր պետականության համար հենասյուն դարձած կառույցները, որոնցից մեկն էլ բանակն է։ Եվ այս մարդիկ սկսեցին թիրախավորել, նսեմացնել բանակում ճանապարհ անցած գեներալներին, մարտական ուղի անցած սպաներին, որի բացասական ազդեցությունը զգացնել տվեց, եւ տրամաբանական է, որ բանակը հասնելու էր այս վիճակին։ Խնդիր է նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձը՝ մարդ, ով ընդհանրապես կապ չունի բանակի հետ թե՛ մասնագիտությամբ, թե՛ անցած ճանապարհով, եւ զգացվում է, որ ընդհանրապես ցանկություն էլ չունի ծանոթանալու ոլորտին՝ կարգավորելու առկա խնդիրները։ Ինչպես երկիրն են կառավարում, այնպես էլ բանակն են կառավարում եւ ցանկություն էլ չունեն բանակն ուժեղացնելու, ոտքի կանգնեցնելու, որպեսզի մարտունակ եւ հաղթական բանակը հետ վերադառնա։

- Ծանո՞թ եք Ադրբեջանի՝ Հայաստանին ներկայացրած խաղաղության պայմանագրի կետերին։

- Մասամբ ծանոթ եմ, հաշվի առնելով, որ այն նաեւ գաղտնի մաս ունի, շատ բան չեմ կարող ասել։ Բայց, որքանով որ տեղյակ եմ իմ գործընկերներից, այդ պայմանագրում հայանպաստ ոչինչ չկա։

- Խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը մտադրություն ունի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ձեր կարծիքով, նոր ընտրություններով նա շանս ունի՞ վերարտադրվելու։

- Ես չեմ հավատում, որ նա գնալու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ չեմ տեսնում իր կողմից նոր ընտրություններ անցկացնելու տրամաբանությունը։ Մարզերում նրա սկսած վերջին շոուները՝ մարզպետներ ազատելը, գնալ ստուգել ծորակները եւ այլն, սրանով իր կողմից փորձ է արվում ստեղծել իմիտացիա, թե տեսեք՝ ես գործ եմ անում, փորձում եմ վերահսկել ամեն ինչ, շատ մեծ պայքար եմ մղում կոռուպցիայի դեմ: Սա իրեն հարազատ ոճ է, որն անում է զուտ ինչ-որ բան ցույց տալու համար։ Իսկ եթե լինեն նոր ընտրություններ, ես կարծում եմ, որ նրա մասնակցությամբ անցկացվող ընտրությունները չեն լինի արդար, թափանցիկ, որ արտահայտեն իրական պատկերը։

- Մարդիկ նաեւ դժգոհ են ընդդիմության գործունեությունից, շատերի կարծիքով, Նիկոլ Փաշինյանին հաջողվել է լռեցնել ընդդիմադիրներին։ Ընդդիմությունը, որ ժամանակին ակտիվ էր, այսօր շատ պասիվ է` փողոց դուրս չի գալիս, չի պայքարում, ոչինչ չի անում։ Նիկոլ Փաշինյանին հաջողվե՞լ է լռեցնել ընդդիմադիրներին, պառակտել։

- Ես չէի ասի, որ ընդդիմությունը ոչինչ չի անում։ Փողոցային պայքարից բացի, ընդդիմությունն օգտագործում է նաեւ իր գործիքակազմը` ե՛ւ ԱԺ-ում է ակտիվ, ե՛ւ հասարակության հետ։ «Հայաստան» դաշինքը վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ է անցկացնում մարզերում, նաեւ քաղաքացիների ընդունելություն է կազմակերպում տարբեր քաղաքներում։ Պարզապես փողոցային պայքարը դեռ չի ստացվել հասցնել արդյունքի, բայց աշխատում ենք ե՛ւ փողոցը հետագայում ակտիվացնելու ուղղությամբ, ե՛ւ այդ գործիքակազմերով պայքարում ենք այս իշխանությունների դեմ: Մեր նպատակը մնում է նույնը՝ օր առաջ հասնել այս իշխանությունների հեռացմանը։

- Երբ շրջում եք մարզերում, ի՞նչ խնդիրներ եք վեր հանում, մարզերում աջակցո՞ւմ են ընդդիմությանը։

- Մարզային շրջայցերի ժամանակ վեր ենք հանում սոցիալական խնդիրներ, փորձում ենք լուծումներ գտնել։ Հենց քաղաքացիներն են փաստում, որ վերջին տարիներին առաջ են եկել սոցիալական բազմաթիվ խնդիրներ, որոնք հաղթահարելը դարձել է անլուծելի։ Մարզաբնակները մեզ են ներկայացնում անվտանգային խնդիրներ։ Շատ հարցեր փորձում ենք լուծել, որ խնդիրները չենք կարողանում լուծել, բարձրաձայնում ենք։ Մարզերում կա ընդդիմադիրներին աջակցելու ցանկություն, մենք նաեւ փորձում ենք համախմբել այդ ուժերը։

- Ինչպիսի՞ կանխատեսում ունեք՝ 2024-ն ի՞նչ տարի կլինի Հայաստանի համար։

- Շատ բարդ տարի է լինելու, քանի որ 2023-ը եւս բարդ տարի էր. հայաթափվեց Արցախը, հազարավոր մարդիկ դժվարին իրավիճակում են։ Հուսամ՝ այս տարի կլինի համախմբման տարի, որպեսզի կարողանանք կանգնել ոտքի»։